ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐԵՎՈՐ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԵՐ ՈւՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Հարցազրույց հայտնի բանաստեղծուհի, հրապարակախոս ՍԵԴԱ ՎԵՐՄԻՇԵՎԱՅԻ հետ
ԵՐԲ ՄԱՀԱՆՈՒՄ Է ԱԼՏՐՈւԻԶՄԸ, ՄԱՀԱՆՈՒՄ է ՆԱԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
-Նայելով մերօրյա իրադարձություններին` ռազմական գործողություններին, ահաբեկչություններին, մարդկային ձգտումներին ու այսօր իշխող արժեքներին` ակամա հարց է ծագում, թե ո՞ւր է գլորվում աշխարհը: Համաձայնեք, որ այսօր փոխվել են մարդկային արժեքներն ու չափորոշիչները: Ի՞նչն է հիմա կառավարում աշխարհը:
-Պատերազմները միշտ են եղել և այսօր էլ շարունակվում են, սակայն փոխվել են այդ պատերազմների ձևերը: Չնայած դա բնականոն է, մարդկային կյանքի ու տեխնոլոգիաների զարգացման հետ ամեն ինչն է վերափոխվում: Նախկինում նետուաղեղներով են մարդիկ պատերազմել, հետո գործի դրվեցին զրահամեքենաները, հետո օդուժը, ատոմային ռումբը: Բայց այսօր օդուժն էլ, ատոմային ռումբն էլ երկրորդական պլան են մղվել: Այսօր առաջնայինը դարձել է տնտեսական պայքարը, որի էությունը ֆինանսական լծակների միջոցով մարդկանց գիտակցությունը փոխելն է, նրանց անհրաժեշտ ճանապարհով ուղղորդելը, այն ճանապարհով, որն արտացոլում է անդրազգային ընկերությունների, համաշխարհային ֆինանսական կենտրոնների հետաքրքրությունները: Եթե առաջ զավթում էին հողերը, այսօր զավթում են մարդկանց գիտակցությունը, և փաստորեն գիտակցության դեմ հաղթանակները հնարավորություն են տալիս առանց պատերազմների տիրել նաև ուրիշների հողերին: Թվում է` այսօր պայքարն ավելի մարդասիրական է, հարյուրհազարավոր մարդկանց այդ կռվում չեն սպանում, ֆիզիկապես չեն սպանում, բայց սպանում են այդ մարդկանց մեջ գոյություն ունեցող բարոյական, հոգևոր արժեքները` նրանց մեջ թողնելով միայն կենդանական բնազդները: Դա նույնպես յուրօրինակ սպանություն է` սպանել մարդու մեջ նրա բոլոր մարդկային ձգտումները ու հավասարեցնել կենդանուն: Մարդկանց մեջ միայն մեկ ձգտում է մնում` սպառելու ձգտումը: Իսկ սպառումը ֆինանսական կապիտալը բազմապատվելու լավագույն միջոցն է: Որքան շատ է մարդկությունը սպառում, այնքան շատանում են ֆինանսները կառավարողների շահույթները, ազդեցիկությունը, աշխարհը ղեկավարելու հնարավորությունները:
-Մարդը ծնվել է երջանիկ լինելու համար, իսկ մեզ սովորեցրել են, որ երջանիկ լինելու համար հոգևոր արժեքներով է հարկավոր ապրել: Բայց այսօր մարդկանց սովորեցնում են, որ փողն է երջանկության աղբյուրը: Արդյո՞ք նյութական արժեքն իրոք կարող է մարդկային երջանկության աղբյուր լինել:
-Դա ձեր դատողությունն է, իսկ փողի գաղափարով ապրողը բոլորովին այլ կերպ է դատում: Կենդանական աշխահում գայլը և շունն այլ գաղափարներով, հասկացություններով են ապրում: Շան նպատակն է հավատարիմ լինել իր տիրոջը, պաշպանել նրա, իսկ գայլը մտածում է` ինչպե՞ս հոշոտել մադուն: Այդ մարդկանց մոտ գայլային բնազդներ են, նրանք մարդկային այլ ՙցեղատեսակ՚ են` գիշատիչներ, ովքեր ապրում են նյութական հետաքրքրություններով: Հատկանշական է, որ մեծահարուստների մեջ գրեթե չկան բարձրագույն կրթություն ունեցող և ընդհանրապես կրթական բարձր մակարդակով առանձնացող մարդիկ: Կրթությունը մարդու մեջ որոշակի բարոյական, հոգևոր արժեքներ է սերմանում, և հետագայում նրանք զբաղվում են գիտությամբ, մշակույթով, արվեստով: Իսկ դա մարդու մեջ սպանում է գիշատչական ձգտումները: Իզուր չէ, որ արվեստը, գիտությունը նախամարդուն վերածել է քաղաքակիրթ մարդու: Հիմա հակառակ գործընթաց է սկսվել, ընդորում համաշխարհային մակարդակով: Եվ միտումն այն է, որ ողջ մարդկությանը սերմանվեն գիշատչական հատկանիշներ:
-Դուք շփվել եք ավելի հին սերնդի, ձեր ժամանակակիցների և այսօրվա մտավորականների հետ: Համեմատելով նրանց` կարո՞ղ եք խոսել որակական փոփոխությունների մասին:
-Նոր սերնդի մեջ կան շատ շնորհալի մարդիկ, բայց անհատականություններ գրեթե չկան: Անհատականություն` մեր հասկացությամբ: Այսօր թերևս անհատականություն է համարվում այն մարդը, ում բանկի հաշվեհամարում մեծ գումար է պահվում: Բայց արդյո՞ք դա է անհատականության ցուցանիշը: Դա իրականում ոչինչ է:
Ես իմ սերնդակիցների մեջ մեծագույն անհատականությունների եմ ճանաչել և ճանաչում: Նրանցից շատերն այսօր էլ կենդանի են: Նրանք հարուստ չեն և ամեն օր մտածում են` որտեղի՞ց գոյության համար միջոցներ հայթայթեն: Բայց նրանք մեծագույն ալտրուիստներ են, ովքեր ապրում են աշխարհի խնդիրներով, պատրաստ անձնազոհության:
Ես ինքս ընդգրված եմ եղել ժամանակին ռուս մտավորականների համախմբմամբ ստեղծված Ղարաբաղի կոմիտեում: Այնտեղ ընդգրկվածները հենց այդիսի մարդիկ էին: Նրանք ապահովված էին, ապրում էին բարեկեցիկ կյանքով, բայց երբ սկսվեց Ղարաբաղի պատերազմը, այդ մարդիկ թողեցին իրենց հանգիստ ու բարեկեցիկ կյանքը, իրենց տունն ու ընտանիքը և մեկնեցին մարտի դաշտ` վտանգելով իրենց կյանքը: Թվում է` նրանց ինչի՞ն էր դա հարկավոր, անձնական որևէ շահ չունեն: Բայց ներքին մղում կար մոսկովյան հասարակությանը, ընդհանրապես աշխարհին ճշմատությունը հասցնել Ղարաբաղի իրադարձությունների մասին, քանի որ պաշտոնական քարոզությունը այլ պատկեր էր ներկայացնում: Դա նրանց համար արդար գործ էր` սատարել այն ժողովրդին, ով իր իրավունքն է պաշտպանում, փորձում վերականգնել արդարությունը: Այդ մարդկանցից ոմանք այսօր էլ կան և մինչ օրս էլ Ղարաբաղի հարցը նրանց համար կաևոր է: Հաճախ զանգում են ինձ, հետաքրքրվում, թե Ղարաբաղում ինչ նորություններ կան:
Այսօրվա աշխարհում, ցավոք, այդ այլասիրությունը վերանում է: Ամերիկացի հայտնիներից մեկն ասել` երբ մահանում է ալտրուիզմը, մահանում է նաև հասարակությունը: Այսօրվա միջին սերնդի մեջ ես ալտրուիզմի որևէ դրսևորում չեմ տեսնում: Նրանց սովորեցրել են, որ հասարակականը սխալ է, հասարակական հետաքրքրություն հասկացությունն առասպել է և պետք է զբաղվել սեփական առաջխաղացմամբ, սեփական կյանքով: Նրանք զրկված են համընդհանուր նպատակից, յուրաքանչյուրն իր նպատակն ունի: եթե առաջ մարդիկ միմյանց ուսի էին կանգնում` մեկ ընդհանուր նպատակի համար, ապա այսօր այդպես չէ: Այսօր մարդն իր տեսակի մեջ ոչ թե օգնականի, այլ մրցակցի է տեսնում: Մեկ ընդհանրություն չկա: Երբ հասարակությունը համախմբված է և կարող է որևէ գաղափար պաշտպանել միատեղ, դա ուժ է, որին դժվար է հաղթել: Իսկ երբ այն բաժանված է առանձին ատոմների և յուրաքանչյուրը կենտրոնացած է իր շահի, իր գաղափարի վրա` այդ հասարակությանը ղեկավարելը շատ հեշտ է: Ավելին` այդ ատոմները միմյանց ոչնչացնելու նպատակ ունեն, քանի որ մրցակցության այսօրվա դարում որևէ մեկը հաջողության հասնելու համար փորձում է ոչնչացնել մյուսներին` մրցակիցներին: Դա թուլացնում է հասարակությունը և զրկում կապիտալի գերիշխանությանը դիմակայելու միջոցներից:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ է ԶԱՐԳԱՆԱ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄՈԴԵԼՈՎ
–Տարեսկզբին Հայաստանն ընդգրկվեց Եվրասիական տնտեսական միության մեջ: Բայց Հայաստանում բոլորը չէ, որ կողմ են այդ միությանը և իրենց դժգոհություններn արդարացնելու համար պնդում են, որ այդ միությունը ոչ այլ ինչ է, քան խորհրդային միության վերականգնման փորձ: Համամի՞տ եք նման կարծիքի հետ:
-Ի՞նչ վատ բան է տվել խորհրդային միությունը հայերիս: Ի՞նչ ենք մենք արել Խորհրդային միության փլուզումից հետո` որևէ նոր մանկապարտե՞զ ենք կառուցել, դպրո՞ց, գործարա՞ն, գիտությո՞ւն ենք զարգացրել: Խորհրդային տարիներին Հայաստանն ուներ զարգացած արդյունաբերություն, գիտաարդյունաբերական համալիրներ, այդ տարիներին կառուցվեցին Գիտության ակադեմիան, օպերան, կնսերվատորիան, կինոստուդիան, տարբեր բուհեր, Մատենադարանը: Խորհրդային միությունը մեզ դարերի համար զինեց, որ քաղաքակիրթ մարդու պես ապրենք: Բայց մենք հիմա վերածվել ենք գյուղական հովիվների ու ոչխար ենք արածեցնում: Եթե մեր ժողովուրդը շարունակի սահմանափակվել ծառայության ու առևտրի ոլորտներով` որոշ ժամանակ անց Հայաստանը որպես պետություն կդադարի գոյություն ունենալ, քանի որ պետությունը ենթադրոմ է արտադրության, գիտության, կրթության, մշակույթի առկայություն, այլ ոչ միայն դրոշի, զինանշանի ու խորհրդարանի:
Անդրադառնամ Եվրասիական տնտեսական միությանը: Աշխարհը միշտ զարգացել է խոշոր կոնգլոմերացիաներով: Այդպիսին էր Պարսկական կայսրությունը, Չինական, Հռոմեական, բրիտանական կայսրությունները: Ազգային պետությունները առանձին եղել են անօգնական ու խեղճ` վերածվելով խամաճիկների խոշոր տերություն- տիկնիկավարների ձեռքում: Հզոր կայսրությունները գաղափարական կառույցներ են, դրանք մեկ գաղափարի շուրջ միավորում են ազգություններին, և միահամուռ բոլորը ծառայում են այդ գաղափարի իրականացման գործին: Նման կառույց էր նաև Խորհրդային միությունը: Այն աշխարհի երկրորդ գերտերությունն էր, իսկ դրանում ընդգրկված պետությունները օգտվում էին այդ հզորությունից և նույնպես հզորանում: Այնինչ երբեմնի այդ հզոր միության պետություններն այսօր թույլ տնտեսություն ունեցող երկրներ են: Այդ թվում` Ռուսաստանը:
Ռուսաստանը դա գիտակցում է և հասկանում, որ մենակ ոչինչ չի կարող անել, որ իրեն սպառման մեծ շուկա, պահանջարկի մեծ ծավալ է հարկավոր` գոյության համար: Ահա ինչու ստեղծվեց Եվրասիական տնտեսական միությունը, որը նաև երկրաքաղաքական առավելություններ կունենա, եթե այն ճիշտ կառավարվի:
Բայց Եվրասիական միությունը պետք է այլ մոդելով աշխատի: Մինչդեռ դրա հիմքում դրված է մոնիտարիստական մոդելը, որտեղ տնտեսության զարգացման գլխավոր չափանիշը դրանում փողի առաջարկն է: Դա ամերիկյան մոդելն է: Այլ ազգերի պարերը մենք չենք կարող պարել իրենց դաշտում: Մենք դրա փորձառությունը չունենք: Մեզ հարկավոր է մեր մոդելները կատարելագործել, այլ ոչ թե խաղալ ուրիշի դաշտում, որտեղ դու առաջին հիմարը կարող ես լինել: Մեր մտածելակերպն ուրիշ է: Կապիտալիստական հասարակության մեջ առաջնային խնդիրը ապրանքը վաճառելու, իրացնելու խնդիրն է, մեր հասարակության մեջ խնդիրն արտադրելն է, ստեղծելը: Ամերիկյան կապիտալիստական հասարակության մեջ աշխույժ, գիշատչական նկրտումներով ու կապիտալիստական մտածելակերպով մարդիկ են հավաքված, և այդ մոդելը լիովին համապատասխանում է այդ մարդկանց, այդ մոդելի ներսում նրանք կարողանում են իրենց համար հարմարավետ կեցություն ստեղծել: Բայց մեր հասարակարգի համար այդ մոդելն իսկական թույն է, որովհետև մենք այլ արժեքների ու գաղափարների ենք ծառայում:
Բացի դա, նոր միության մեջ պետք է այլ գաղափարական համակարգ գործի` հասարակական կապիտալի գաղափարը: Դա ապագայի հանգրվանն է: Մասնավոր կապիտալի գաղափարը դատապարտված է կործանման, քանի որ երկրի պաշաները` ածուխը, նավթը, գազը, ջուրը, սպառվում են, իսկ մարդկությունն աճում է, պաշարների սպառումը մեծանում է: Հետևաբար պետք է լինի բաշխիչ համակարգ: Ապագան բաշխիչ համակարգինն է: Մինչդեռ Արևմուտքում շուկայական համակարգն է գործում, որն ասում է` վերցրու որքան կարող ես: Եթե այդ համակարգին վերջ չտրվի` մարդկությունը կանհետանա աշխարհի երեսից` օլիգարխներով հանդերձ: Դրա համար յուրաքանաչյուրս պետք է մեր լուման ներդնենք: Հենց այնպես ոչինչ չի լինում: Մարդկությունը պետք է գա այդ գաղափարին:
-Վերադառնանք Հայաստանի` Եվրասիական միությանն անդամագրվելուն: Կարծես թե դա մեզ համար մեր տնտեսությունը ոտքի կանգնեցնելու և զարգանելու հրաշալի հնարավորություն է, քանի որ մենք էլ նոր շուկաներ գրավելու, ներդրումային ծրագրեր իրականցնելու հնարավորություն ենք ստանում: Իսկ զարգացած տնտեսությունը հզոր երկիր ստեղծելու երաշխիք է: Կարծում եք Ռուսաստանին պե՞տք է, որ Հայաստանը ուժեղ լինի:
-Իհարկե պետք է: Ի՞նչ է, վախենում է Հայաստանի հզորացումի՞ց: Որքան էլ մենք ուժեղանանք, Ռուսաստանից ավելի զորեղ չենք լինի: Հայաստանը ջրբաժան է քրիստոնեական աշխարհի և մուսուլմանական աշխարհի միջև: Ուստի Հայաստանը կարևոր ռազմավարական դեր ունի Ռուսաստանի համար:
–Բայց չէ՞ որ ուժեղ Հայաստանի համար նախևառաջ հարկավոր է վերջապես լուծել նաև Ղարաբաղի հակամարտությունը և լուծել արդարացիորեն: Կարծում եք, Ռուսաստանը պատրա՞ստ է նման քայլի:
-Ցավոք, հռոմեական “Բաժանիր, որ տիրես” մարտավարությունը շարունակում է արդիական մնալ նաև մեր օրերում: Դրա ապացույցն են Ֆրանսիայի իրադարձությունները: Եվրոպան միացյալ կերպով ճանաչեց Պաղեստինի անկախությունը` ԱՄՆ-ի կամքին հակառակ, Ամերիկան էլ դրան պատասխանեց Charlie Hebdo-ի իրադարձություններով: Իսկ դա մահմեդական աշխարհն ու Եվրոպան թշնամացնելուն ուղղված քայլ էր, որն էլ հաջողվեց:
Ոչ մի գերտերություն չի կարող հրաժարվել բաժանիր, որ տիրես սկզբունքից, որովհետև այդկերպ նա փորձում է պահպանել իր գերակայությունը մնացած ազգերի նկատմամբ: Նույնն էլ Ռուսաստանն է: Կարծում եմ, որ Հայաստանը Ղարաբաղի անկախության ճանաչմանը չպետք է ձգտի հասնել Ռուսաստանի օգնությամբ, որը չի կարող իր համար շատ կաևոր տարածաշրջանում կորցնել Ադրբեջանը, առավել ևս այն դեպքում, երբ Վրաստանը ուղղվել է դեպի Արևմուտքի կողմը: Լավագույն ելքը Ղարաբաղի մուտքն է Եվրասիական տնտեսական միություն` որպես անկախ պետություն, այնպես ինչպես Աբխազիայի, Օսեթիայի, Դոնեցկի և Լուգանցկի համար է:
-Անդրադառնանք Գյումրիում տեղի ունեցած սարսափելի ողբերգությանը: Համակարծի՞ք եք այն մարդկանց վարկածներին, թե այդ սպանդի նպատակը Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների միջև սեպ խրելն է, և որ դրանում ևս խառն է կա’մ Արևմուտքի, կա’մ Թուրքիայի մատը:
-Կարծում եմ` ոչ: Սա այն դեպքն է, որը որևէ մեկի կողմից չի կառավարվել: Դա հոգեկան հիվանդ մարդու արարք է: Մարդասպանի եղբայրը նույնպես այդպիսի խնդիր ունի, նա էլ սեփական կնոջն է սպանել: Այսինքն` նրանք գենետիկորեն հակված են սպանություն գործելուն: Դա ես քաղաքական հանցագործություն չեմ համարում:
Այս դեպքում հանցագործություն է նման մարդուն բանակ զորակոչելը: Դա Ռուսաստանի համար շատ կարևոր հարց է, Ռուսաստանի իրավապահները պետք է լրջորեն զբաղվեն դրանով ու պարզեն, թե ովքեր են նստած զինկոմիտեում, որ ծառայելուց ազատում են մեծահարուստների զավակներին և նրանց փոխարեն բանակ զորակոչում հոգեկան հիվանդներին: Եվ նա, ով այդ մարդասպանին բանակ է ուղարկել, պետք է նրա հետ միասին դատապարտվի ու ազատազրկվի:
-Հնարավո՞ր է, որ այս միջադեպը հայ-ռուսական հարաբերությունների վրա վատ անդրադառնա:
-Չեմ կարծում: Ճիշտ չէ մեկ հոգու հանցագործությունը կապել ամբողջ պետության ու ժողովրդի հետ: Դա պետք է կանխել: Այդ առումով մեծ գործ ունեն անելու ԶԼՄ-ները` հանրությանը հասկացնելով, որ դա կենցաղային հանցագործություն է ու դրանում մեղավոր են այն մարդիկ, ովքեր նման հիվանդությամբ մարդուն բանակ են ուղարկել: Սեփական ժողովրդի դեմ հանցագործություն կլինի հակառակը պնդելը և այս միջադեպը հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմանը ծառայեցնելը: Բարեկամներին պետք չէ թշնամի սարքել: Ես վստահ եմ, որ կլինեն քաղաքական ուժեր, որոնք կփորձեն դա առավելագույնս օգտագործել հենց այդ նպատակով: Հորդորում եմ հայ ժողովրդին զգոնություն, ողջամտություն ցուցաբերել և միահամուռ ուժերով կանխել այդ հնարավորությունը, գործիք չդառնալ քաղաքական ուժերի ձեռքին:
ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ












