ՌԴ համար ձեռնտու չէ, որ ԵՏՄ անդամ Հայաստանը գտնվի պատերազմական վիճակում
Հարցազրույցը Պաշտպանության նախկին նախարար ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ
-Պարոն Հարությունյան, ինչո՞վ կբացատրեք հակառակորդի այսօրինակ ակտիվացումը. հունվարի սկզբից չեն դադարում կրարկողները հայ-ադրբեջանական սահմանին, օրերս հերթական դիվերսիոն հարձակումը տեղի ունեցավ: Ադրբեջանն ստացել է պատերազմը վերսկսելու քաղաքական պատվե՞ր:
-Ադրբեջանի վարքագիծը պետք է դիտարկել աշխարհաքաղաքական իրողությունների հարթության մեջ: Սրվել է հակամարտությունը Արևմուտքի և Արևելքի միջև և Ադրբեջանը փորձում է օգտտվել այդ լարվածությունից: Ադրբեջանի աշխուժացմանը նպաստում է նաև մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի թուլացումը: Ասացիք քաղաքական պատվերի մասին, այո, կան երկրներ, որոնց ձեռնտու է հայ-ադրբեջանական լարվածությունը: Կարծում եմ, նման քաղաքական պատվեր տրվել է հենց Թուրքիայի կողմից, Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին այդ լարվածությունն իրոք ձեռնտու է վերջինիս՝ հայության ու աշխարհի ուշադրությունը շեղելու 100-ամյա տարելիցի շրջանակներում տեղի ունեցող միջոցառումներից, ծրագրերից: Եվ վերջապես, հայ-ադրբեջանական լարվածությունը ձեռնտու է Արևմուտքին, չէ՞ որ դա ևս նպաստում է Ռուսաստանի դիրքերի թուլացմանը տարածաշրջանում, խափանում ռուսական նոր ծրագրերի իրականացումը: Այսպիսով, ձեռնտու է այն ուժերին, որոնք դեմ են Հայոց ցեղասպանության ճանաչման, հատուցման գործընթացին, և նրանց, որոնք կողմ են ԵԱՏՄ կայացման գործընթացի ձախողմանը:
-Սակայն կա նաև հակառակ պնդումը, թե Ադրբեջանի ակտիվացումը հրահրվում է Մոսկվայի կողմից: Որքանո՞վ է սա տրամաբանական, արդյոք, լարվածությունը Հարավային Կովկասում բխո՞ւմ է տարբեր ճակատներով պայքարող Ռուսաստանի համար:
-Ծիծաղելի է այդ պնդումը, այն իրականության հետ ոչ մի աղերս չունի: Նման մտքեր շրջանառողները կա՜մ լավ չեն պատկերացնում տարածաշրջանային գործընթացները, կա՜մ չեն գիտակցում պետությունների շահերը, կա՜մ էլ գտնվում են ինչ-ինչ ազդեցությունների տակ և իրականացնում հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելու պատվեր: Ի դեպ, նման մտքերի շրջանառումը առաջին հերթին չի բխում Հայաստանի շահերից: Այն, որ արևմտյան ճնշումների տակ գտնվող Ռուսաստանին ձեռք չի տալիս մի նոր ճակատի բացումը՝ պարզ աքսիոմա է: Ռուսաստանի ռազմական դոկտրինայում ևս գրված է, որ ՌԴ համար լուրջ սպառնալիք է իր սահմանների մոտ հակամարտությունների առկայությունն ու սրումը: Իսկ Հարավային Կովկասը նրա կարևոր դարպասն է: Հիշեցնեմ ևս մեկ փաստը. 1994-ին ոչ թե Եվրոպայի կամ ԱՄՆ-ի, այլ հենց Ռուսաստանի միանձնյա ջանքերով հնարավոր եղավ խաղաղություն հաստատել Ղարաբաղում, Աբխազիայում և Օսեթիայում: Այսօր ևս ոչինչ չի փոխվել: Ավելին, Ռուսաստանի համար չի կարող ձեռնտու լինել, որ ԵՏՄ անդամ պետությունը՝ Հայաստանը, գտնվի պատերազմական վիճակում:
-Հաճախ է ակնարկվում Ադրբեջանի նոր ռազմավարության մասին. ո՞րն է այդ նորը, սրելով իրավիճակը սահմանին ի՞նչ նոր նպատակներ է հետապնդում այդ երկիրը:
-Իրականում ոչինչ էլ չի փոխվել, Ադրբեջանի ռազմավարությունը մնում է նույնը: Փոփոխություն ասվածը թերևս կապված է մեկ այլ հանգամանքի հետ՝ նավթի գնի անկման: Թե ինչ է նավթը Ադրբեջանի համար պետք է նայել նրա բյուջեն, որի 90 տոկոսը ձևավորվում է ի հաշիվ նավթային եկամուտների: Մյուս կողմից, 2010-ից նվազել է նավթի արտահանումը, 20 տարի անց կսպառվեն Ադրբեջանի նավթային պաշարները և այդ երկրի իշխանությունները հասկանում են, որ ժամանակն իրենց օգտին չի աշխատում: Հետևաբար շտապում են հնարավորինս արագ հասնել ղարաբաղան խնդրի՝ իրենց համար ցանկալի լուծմանը: Իսկ դրա համար պետք է իրավիճակը լարել սահմանին, այդ կերպ ճնշում գործադրել Հայաստանի, Ղարաբաղի վրա՝ գնալ զիջումների: Այս լարվածությունը նաև ազդանշան է ուղղված միջազգային հանրությանը՝ արագացրեք լուծումը, թե չէ կսկսվի պատերազմը:
-Մշտապես ասվել է, երբ ավարտվեն Ադրբեջանի նավթային պաշարները պատերազմը կվերսկսվի. այսօր այդ իրողության առաջ ե՞նք կանգնած:
-Ոչ, բացառում եմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը: Պպատերազմ կսկսվի մեկ դեպքում, երբ հայկական կողմը չկարողանա ապահովել ռազմաքաղաքական հավասարակշռությունը: Ադրբեջանը և՜ այսօր, և; վաղը ի վիճակի չէ սկսել լայնածավալ պատերազմ, վստահ չէ, որ կհասնի հաղթանակի: Եվ դա նրան ապացուցել է մեր բանակը:
Դեռ հակամարտության սկզբից Ադրբեջանը սխալ է գնահատում իրավիճակը. ինչպես այն ժամանակ, նաև այսօր նրա հույսը նավթադոլարներն են ու Հայաստանի տնտեսական թուլացումը: Դրա համար լարելով իրավիճակը ամեն ինչ անում է մեզանում վախի մթնոլորտ հաստատելու, Հայաստանն ու Ղարաբաղը կազմալուծելու համար: Բայց ժամանակը ցույց է տալիս, որ իրենց հաշվարկները սխալ են, քանի որ իրենց ցանկությունները ներկայացնում են իբրև իրողություն ու կանգնում փաստի առաջ:
-Սահմանային կրակոցներն առավել հաճախակիացան, երբ ուժի մեջ մտավ Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցման պայմանագիրրը: Ի՞նչ է ուզում նման միջադեպերով ապացուցել ագրեսոր հարևանը:
– Սահմանային լարվածությունն անմիջականորեն չէի պայմանավորի ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակացմամբ, քանի որ հակառակորդը տարբեր ժամանակներում նման իրավիճակներ է ստեղծել: Բայց մյուս կողմից նաև չեմ բացառում այդ հանգամանքը: Ադրբեջանը թերևս ուզում է ցույց տալ, թե անկախ նրանից, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է դա չի կաշկանդում իրեն և ինքը չի նահանջի իր ռազմավարությունից: Նման պահվածքով Ադրբեջանն ի ցույց է դնում իր ներքին մտավախությունը, քանի որ շատ լավ գիտակցում է, որ անդամակցումը ԵԱՏՄ-ին բարձրացնում է Հայաստանի անվտանգության մակարդակը: Ու վաղ, թե ուշ պարտադրված են լինելու հաշվի նստել այդ գործոնի հետ:
– Ինչպե՞ս եք գնահատում նախարար Սեյրան Օհանյանի կայացրած որոշումը, համաձայն որի՝ լոկալ զորամիավորումների հրամանատարներին նախահարձակ լինելու ազատություն կտրվի:
-Շատ ճիշտ որոշում է կայացվել: Նախկինում նախարարը բազմիցս է ասել, որ մենք հակառակորդի բոլոր կրակոցներին չէ, որ արձագանքում ենք: Բայց այսօր իրավիճակ է փոխվել, Ադրբեջանի ռազմաքաղական ղեկավարության նպատակն է մեծացնել լարվածությունը և ՀՀ նախարարի կայացրած որոշումը համարժեք է այս իրավիճակին: Այն թույլ կտա հրամանատարներին տեղում որոշում ընդունել և օպերատիվ արձագանքել հակառակորդի ոտնձգություններին: Հստակ կսահմանվեն, թե ո՞ր դեպքում, ի՞նչ գործողություններ կարող են իրականացնել մեր հրամանատարները: Ադրբեջանական բանակն այս հրամանի իրականացումն անպայման կզգա իր մաշկի վրա, ու կհասկանա, որ իր համար սկսվում է մի նոր փուլ:
-Որքանո՞վ է ճիշտ շարունակել բանակցային գործընթացը այդ ագրեսոր երկրի հետ: Այս առումով, ի՞նչ կարծիքի եք բանակցային գործընթացից Հայաստանի դուրս գալու մասին:
-Ճիշտ քայլ չեմ համարում, ինչո՞ւ դուրս գալ, երբ բանակցություններում այսօր մենք դիվանագիտական, տակտիկական հաղթանակ ենք տանում: Հաղթանակ չէ՞ այն, որ միջնորդների առաջարկությունները մերժող կողմը ոչ թե Հայաստանն է, այլ Ադրբեջանը: Սա խոսում է այն մասին, որ բանակցություններն ի շահ մեզ են ընթանում: Ի դեպ, սահմանին միջադեպերի ակտիվացումը ևս դրա հետ է կապված, Ադրբեջանը հասկանում է, որ պարտվում է բանակցային դաշտում ու փորձում կրակոցներով ճնշում գործադրել համանախագահողների վրա: Այս փուլում մենք մեկ խնդիր ունենք, որ Ղարաբաղը մասնակցի բանակցություններին, դա միանշանակ է, և գործընթացը դրան է տանում:
-Հայտնի է, որ Մինսկի խմբի ձևաչափի վերացումը ձեռնտու է Բաքվին, նաև Անկարային, վերջինս հույս ունի հնարավոր նոր ձևաչափում ակտիվ դեր ստանձնել: Սակայն, որքանո՞վ է Մինսկի խմբի վերացումը ձեռնտու հիմնական խաղացողներին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային:
-Նախ, Ադրբեջանը հասկացել է, որ Մինսկի խմբի ձևաչափում ինքը չի կարող հասնել ադրբեջանանպաստ լուծման, հետևաբար, ձևաչափի փոփոխումը ձեռնտու է նախ իրեն: Ճիշտ նկատեցիք՝ ձեռնտու է նաև Թուրքիային: Ահա ինչու նպատակ ունեն փոխել հարթակը՝ խնդիրը տեղափոխելով ՄԱԿ, ուր բոլոր պետությունները, ունենալով տարածքային ամբողջականության խնդիր, հիմնականում կողմ են այդ սկզբունքին:
Ինչ վերաբերում է հիմնական խաղացողներին, նրանք կողմնակից չեն ձևաչափի փոփոխմանը, որովհետև Ռուսաստանն ու Արևմուտքը նաև այս ձևաչափի առկայությամբ են պահպանում իրենց ազդեցությունը տարածաշրջանում: Անկախ այն բանից, որ երեք տերություններն ունեն տարբեր մոտեցումներ, սա այն հարթակն է որտեղ կարող են և՜ իրենց շահերը պաշտպանել, և՜ գալ բալանսի: Ահա թե ինչու են հօդս ցնդում ձևաչափը փոխելու Ադրբեջանի բոլոր փորձերը: Իսկ Ադրբեջանը անգամ սա չի գիտակցում: Ի դեպ Ադրբեջանը նաև մի շատ կարևոր բան չի գիտակցում, նրան թվում է, թե այս կամ այն երկիր կամ կառույց կարող են ճնշել Հայաստանին ու պարտադրել ՝ հանձնել Արցախը: Սա բացառվում է: Ի տարբերություն Ադրբեջանի՝ սա շատ լավ գիտակցում են հիմնական խաղացողները: Ասեմ ավելին՝ Ղարաբաղի հանձնումը Ադրբեջանին չի բխում Ռուսաստանի շահերից: Եվ այս հարցում հայ- ռուսական դաշինքը Հայաստանին զերծ է պահում նաև նման պարտադրանք-ճնշումներից, ինչպես եղավ Հարավսլավիայում, երբ ստիպեցին ու բաժանեցին:
Մեզ այդ վտանգը չի սպառնում:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












