Գյումրիի հանցագործությունը պետք է բացահայտվի ՀՀ օրենսդրության համաձայն, հակառակ դեպքում ձեռքբերված ապացույցները իրավական ուժ չեն ունենա
Գյումրիի դաժան սպանության գործում որքան կուշանա իրավական հստակեցումը, այնքան կձգվի լարվածության զսպանակը: Իզուր չէ, որ գյումրեցիներն ասում են՝ իրավիճակը հիշեցնում է վառոդի տակառի, որը կարող էր ցանկացած պահի պայթել: Ստեղծված իրավիճակի շուրջի շուրջ զրուցեցինք Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան ՆԻԿՈԼԱՅ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ:
-Պարոն Բաղդասարյան, կխնդրեի Գյումրիում կատարված սարսափելի սպանության գործի շուրջ ստեղծված իրավական ՙխառնաշփոթը՚ դիտարկել նախ ՀՀ օրենսդրության շրջանակում. ինչպե՞ս է այն կարգավորվում ՀՀ սահմանադրությամբ և Քրեական դատավարության օրենսգրքով:
– Գյումրիում տեղի ունեցած սպանության գործով որևէ իրավական անհարթություն չկա: Այսինքն, եթե Հայաստանի Հանրապետության տարածքում կատարվում է հանցագործություն, ապա քրեական գործը հարուցվում և քննվում է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից, եթե, իհարկե, այլ բան նախատեսված չէ միջազգային պայմանագրերով: Իսկ մեր կողմից չի վավերացվել մի այնպիսի միջազգային պայմանագիր, համաձայն որի, ՀՀ տարածքում սպանություն կատարած օտարերկրյա քաղաքացու գործը կարող է չառնվել ՀՀ իրավապահ մարմինների վերահսկողության տակ:
-Այստեղ կարևո՞ր է, թե մեղադրյալը ո՞ւմ կողմից է ձերբակալվել, այսինքն, եթե այդ ստահակը ձերբակալվեր հայ իրավապահների կողմից դա իրավիճակ կփոխե՞ր:
-Միանշանակորեն՝ ոչ: Անկախ նրանից, թե մեղադրյալը ձերբակալվել է ՀՀ իրավապահ մարմինների, թե ՀՀ-ում ժամանակավոր կամ մշտական հիմունքներով որոշակի ծառայություն իրականացնող օտարերկրյա կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից, նա անվերապահորեն պետք է հանձնվի ՀՀ իրավապահներին:
–Հիմա դառնանք հայ-ռուսական ռազմաբազայի մասին պայմանագրին. հղում անելով վերջինիս այսօր շատ է խոսվում է ինչ-որ բացառությունների մասին: Անդրադառնանք այն բացառությանը, որն առնչվում է Գյումրիի ոճրագործությանը:
-Այո, ռազմաբազայի մասին պայմանագրի 5-րդ կետով նշվում է, որ ընդհանուր կանոնից կարող են լինել բացառություններ: Իսկ բացառությունը, որը վերաբերում է այս գործին, հետևյալն է. եթե ՀՀ տարածքում տեղակայված բազայի զինծառայողը կամ նրա ընտանիքի անդամները կատարում են այնպիսի հանցագործություն, որն ուղղված է զինվորական կանոնակարգի խախտմանը, այսինքն, կատարվում է զինվորական հանցագործություն, ապա տվյալ քրեական գործը պետք է քննության առնեն ՌԴ իրավապահ մարմինները: Սա բացառություն է ընդհանուր կանոնից, և այն, որ Պերմյակովը ինքնակամ լքել է զորամասը, կատարել ռազմական հանցագործություն, այս դրվագով գործը պետք է քննեն ՌԴ իրավապահ մարմինները: Բայց դա չի նշանակում, որ մնացած հանցագործությունները ևս պետք է քննվեն բացառության կարգով: Նման բան նշված չէ այդ պայմանագրում: Իսկ Գյումրիում կատարվել է տարբեր հանցագործություններ՝ սպանություն և զինվորական հանցագործություն:
–Այսպիսով, եթե սպանության վերաբերյալ քրեական գործ հարուցվի ու քննվի ՀՀ իրավապահների, իսկ դասալքության մասով գործն էլ ՌԴ իրավապահների կողմից, սա կլինի՞ օրինական, ճիշտ ընթացք:
-Իհարկե: Սպանության գործի քննություն ՀՀ իրավապահ մարմինների կողմից նշանակում է հետևյալը, որ Պերմյակով պետք է գտնվի ՀՀ իրավապահ մարմինների ենթակայության տակ, իսկ ՌԴ իրավապահ մարմինները, որոնք քննելու են դասալքության գործը, պետք է թույլտվություն ստանան ՀՀ գլխավոր դատախազից տվյալ անձի հետ կապված քննչական գործողություններ կատարելու համար: Ու գործը կգնա իր ընթացքով, ոչ մի խնդիր չի լինի: Մինչդեռ այսօր իրավիճակը ճիշտ հակառակ ընթացքում է: Եվ ես ոչ մի կերպ չեմ հասկանում, թե ինչո՞ւ:
-Ի՞նչ իրավունքով է ռուսական կողմը անվերջ հղում անում Ռուսաստանի Սահմանադրությունը: Չեն գիտակցո՞ւմ, որ ՀՀ տարածքում չի կարող այլ երկրի սահմանադրություն գործել:
-Սա ևս անհասկանալի է, Հայաստանը սուվերեն պետություն է, ուր չի գործում մեկ այլ երկրի Սահմանադրություն: Ի դեպ, ռազմաբազայի մասին միջազգային պայմանագիրը հանդիսանում է ՀՀ օրենսդրության բաղկացուցիչ մասը, ու ոչ թե ՌԴ սահմանադրության, այլ հենց այդ պայմանագրի ուժով է, որ ռուսական կողմն իրավունք է ստանում դասալքության մասով գործ հարուցելու և քննելու: Այսպես որ, ՌԴ սահմանադրությունը այստեղ ոչ մի կապ չունի, ու հղում անել այդ փաստաթղթին նշանակում է չունենալ իրավաբանական տարրական գիտելիքներ:
–Ոչ պակաս տարօրինակ է, որ ռուսները վկայակոչում են անգամ իրենց քրեական օրենսգիրքը: Այս առումով, հեռակա բանավեճ եղավ ձեր և պաշտոնաթող գնդապետ, ռազմական մեկնաբան Բարանեցի միջև, վերջինս հակադարձել է ձեր այն փաստարկին, որ համաձայն ՀՀ օրենսդրության սպանության գործը պետք է քննվի ՀՀ իրավապահ մարմիների կողմից ու մեղադրյալը պետք է անհապաղ փոխանցվի ՀՀ իրավապահներին:
-Այո, իմ խոսքին Բարանեցը արձագանքեց այսպես՝ “խոպ, սպոպ”, ու փորձեց հիմնավորելով իր տեսակետը՝ հղում անելով ՌԴ քր. օր. 13-րդ հոդվածի վրա, որի համաձայն ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետության: Բայց ի՞նչ ՙհոպ ստոպ՚, պարոն Բարանեց, երբ սպանության քրեական գործը կատարվել է ՀՀ տարածքում, կասկածյալը ձերբակալվել է ՀՀ տարածքում, ուրեմն, պետք է գործի բացառապես ՀՀ օրենսդրությունը: Այստեղ ի՞նչ գործ ունի ՌԴ քրեական օրենսգիրքը: Այնպես որ, ՙԽոպ,ստոպ՚ ասելու հերթը իմն է՝ Պերմյակովը չի գտնվում ՌԴ-ում, հետևաբար, ՌԴ քրեական օրենսգիրքը Հայաստանի Հանրապետությունում չի’ գործում և երբևէ չի’ կարող գործել: “Խոպ, ստոպ” անելուց առաջ պետք է իրավունք իմանալ:
Ասեմ նաև, որ նույն Բարանեցը իր այդ պնդումից հետո զանգահարեց ինձ ու հարցրեց՝ ըստ ձեզ ինչպե՞ս պետք է գործը քննվի: Հանգամանորեն պատասխանել եմ, ու բացատրել, որ լարում ստեղծելու իմաստ չկա: Նա էլ շնորհակալություն է հայտնել ու անջատել հեռախոսը: Կարծում եմ, կգա անհրաշետ հետևության: Ես նաև ռուս իրավաբանների հետ եմ խոսել ու խնդրել նրանց, որ նամակ գրեն ՌԴ նախագահին և հասկացնեն, որ այդ գործը պետք է քննվի ՀՀ տարածքում՝ ՀՀ իրավապահ մարմինների ու դատարանի կողմից: Ի դեպ, ասեմ, որ ռուս իրավաբանները լիովին հասկանում են իմ ասածը: Եվ ես հույս ունեմ, որ նրանք կկատարեն իրենց խոստումն ու իրողությունը կբացատրեն Պուտինին:
-Ներկայումս հիմնական հարցը հետևյալն է՝ որտե՞ղ է իրականացվում սպանության գործի նախաքննությունը: Ի՞նչ իրավիճակ է այս պահին:
-Այս պահին ո՜չ ՀՀ, ոչ էլ ՌԴ իրավապահ մարմինները գործը չեն քննում: Ինչպե՞ս կարող է հայկական կողմը նախաքննություն իրականացնել, երբ մեղադրյալը չի գտնվում ՀՀ իրավապահների ենթակայության տակ: Հնարավոր է՞ հիվանդին բուժել առանց իր ներկայության: Սպանության մասով գործը քննելու համար պետք է նախ կատարվեն հատուկ քննչական գործողություններ, որոնք այսօր չեն կատարվում ՌԴ իրավապահների կողմից, քանի որ ՌԴ քննիչները իրավասություն չունեն քննելու սպանության գործը: Եթե հանկարծ որոշեն անել, դա կլինի անօրինական քայլ և ձեռքբերված ապացույցները կհամարվեն անթույլատրելի:
Իսկ ի՞նչ ասել է անհետաձգելի քննչական փորձաքննություն. նախ մեղադրյալին պետք է տանել դեպքի վայր, ուր նա պետք է մատնացույց անի, թե ինչպե՞ս է կատարել սպանությունը: Այս քննչական գործողությունը պետք է կատարվի անհապաղ, որպեսզի բացառվի այլ անձինք մասնակցություն ունեցե՞լ են տվյալ սպանության մեջ, թե՞ ոչ, ինչպե՞ս է հայտնվել սահմանին, որևէ մեկից ստացե՞լ է օժանդակություն: Այնուհետ, պետք է նշանակվի ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն: Պերմյակովին պետք է տեղափոխել հոգեբուժական հիվանդանոց, որպեսզի բացառվի իր անմեղսունակ լինելը: Հոգեբանական փորձաքնությամբ էլ պետք է հասկանալ հանցագործության դրդապատճառները: Քանի դեռ այս գործողությունները չեն կատարվել հանցագոծությունը բացահայտել հնարավոր չէ:
Այդ հանցագործությունը պետք է բացահայտվի ՀՀ Սահմանադրության և Քրեական դատավարության պահանջների պահպանմամբ, հակառակ դեպքում ձեռք բերված ապացույցներն իրավական ուժ չեն ունենա:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












