“Հովերը” հիշում է ու պահանջում
Այս տարի”ՙՀովեր” պետական կամերային երգչախմբի ստեղծագործական գործունեությունը մեկնարկեց նոր ձայնասկավառակի թողարկմամբ: Այն կոչվում է “23 խմբերգ”: Դրանում մեկտեղվել են Կոմիտասի, Սյունիի, Սայաթ-Նովայի և ժամանակակից հայ կոմպոզիտորների խմբերգային ստեղծագործությունները: Ձայնասկավառակը երաժշտասեր հանրությանը կներկայացվի փետրվարի 24-ին, երբ կկայանա շնորհանդեսը:
Տարին “Հովեր”-ի համար միայն դրանով չի նշանավորվում. ողջ տարվա ընթացքում երգչախումբը կմեկնի հյուրախաղերի աշխարհի տարբեր երկրներ, իսկ համերգաշարը նվիրված է լինելու Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին և անցկացվելու է “Հիշում եմ և պահանջում” խորագրի ներքո:
Համերգների երգացանկում ընդգրկված է հիմնականում հայկական երաժշտություն` հատվածներ Կոմիտասի պատարագից, աշխարհիկ խմբերգեր, ժամանակակից հայ հեղինակներ: Հյուրախաղերի ժամանակ կհնչեն նաև արևմտաեվրոպական հեղինակների գործեր:
Համերգաշարը կմեկնարկի օրերս` հունվարի 22-ին: Պետական կամերային երգչախմբի հենքի վրա ստեղծված “Հովեր-Անսամբլը” կմեկնի հյուրախաղերի Ֆրանսիա, այնուհետև Տալին և Սանկտ Պետերբուրգ և կվերադառնա Հայաստան փետրվարի 5-ին:
Երգչախումբն ընդամենը 3 տարեկան է, սակայն արդեն հասցրել է համերգներով ելույթներ ունենալ աշխարհի առաջատար համերգասրահներում, ձայնասկավառակներ ձայնագրել ու խոսել տալ իր մասին: Մինչ օրս անսամբլը մեծ հաջողություններով ելույթներ է ունեցել Ֆրանսիայի, Գերմանիայի, Թայվանի, Վրաստանի հեղինակավոր համերգասրահներում՝ օտար հանդիսատեսին ներկայացնելով իր երգացանկում ընդգրկված հայ հոգևոր և աշխարհիկ, ավանդական և ժամանակակից նաև արևմտաեվրոպական հեղինակների ստեղծագործություններ, ինչպես նաև, անսամբլի երգիչներ Վահագն Բաբլոյանի և Արթուր Մանուկյանի անսամբլային մշակումները: Ահա ինչու է անսամբլին վստահվել համերագաշարը բացելու պատասխանատու առաքելությունը:
Մարտին արդեն ամբողջ պետական երգչախոմբը կմեկնի Լեհաստան, որտեղ չորս համերգով կմասնակցի Քշիշտոֆ Պենդերեցկու բեթհովենյան հայտնի երաժշտական փառատոնին: Ապրիլի 24-ին հերթական համերգը կլինի Վիլնյուսում, անտեղ երգչախոմբը հանդես կգա ոգեկոչման պատարագով: Իսկ մայիսն “Հովեր”-ը պատրաստվում է մեկնել Վաշինգտոն, որտեղ Ցեղասպանության տարելիցը նշվելու է պետական մակարդակով:
Երգչախումբը դրանով չի սահմանափակվի և ողջ տարվա ընթացքում համերգներով հանդես կգա Նյու Յորքում, Սլովենիայում, Իտալիայում, Շվեյցարիայում:
Համերգաշարերը երգի միջոցով յուրօրինակ ոգեկոչման, հիշատակի ու մարդկության դեմ երբևէ կատարված սարսափելի ոճրագործության մասին ևս մեկ անգամ հիշեցման ու դատապարտման յուրօրինակ կոչ են: “Երգչախումբը աշխարհին հայկական մշակույթի միջոցով կներկայացնի հայի ինքնությունը, բազմադարյա մշակույթը և մեր ժողովրդի, նրա կերտած մշակույթի կենսունակությունը, որպեսզի օտարը հասկանա, որ հայը կարող է վերածնվել ու արարել անգամ ցեղասպանությունից հետո: Աշխարհը պետք է հասկանա, որ մենք արարող ժողովուրդ ենք և որ մեր պատմության ոլորաններում միշտ խաղաղասիրությամբ ենք աշխարհին ներկայացել, պատերազմների ու նվաճողական քաղաքականության փոխարեն նախընտրել ենք նվաճումներ ունենալ արվեստի, մշակույթի, գիտության ոլորտում”,- ասում է երգչախմբի ղեկավար, Երևանի պետական կոնսերվատորիայի դոցենտ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը:
Հաջողություն մաղթենք երգչախմբին և այս տարի նրա որդեգրած առաքելությանը:
ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ












