Գլխավոր » Լրահոս

Համանախագահների չափավոր լավատեսությունը

Հոկտեմբեր 2, 2009թ. 19:00

Այսօր Արցախ ժամանեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի  Մերզլյակովը, Բեռնար Ֆասյեն եւ Մեթյու Բրայզային փոխարինած Ռոբերտ Բրադտկեն, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Ստեփանակերտի օդանավակայանում նրանց դիմավորեց ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը:

Օրվա կեսին Մինսկի խմբի համանախագահներին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին ընդունեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը ներկա էր արտաքին գործերի նախարարը:

ԼՂՀ նախագահի հետ ավելի քան 2 ժամ տևած հանդիպումից հետո համանախագահները պատասխանեցին լրագրողների հարցերին:

«Սա պարզապես հերթական այցելությունն է` բանակցությունների երկար գործընթացում»,- վստահեցնում են համանախագահները: Իսկ այցի ժամկետները  համապատասխանեցվել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման նախապատրաստման աշխատանքների հետ: Այդ հանդիպումը նախատեսվում է հոկտեմբերի 8-ին, Քիշնևում:

ԼՂՀ նախագահի հետ հանդիպումը կարևորում է հատկապես առաջին անգամ Ստեփանակերտ ժամանած  ամերիկացի նոր  համանախագահը:

Ռոբերտ Բրադտկեն, իր խոսքերով, դեռ նոր պետք է ծանոթանա Արցախին: Բայց որոշ հարցերում արդեն ունի հստակ դիրքորոշում: «Խաղաղության գործընթացը չի կարող լինել առանց տեղի բնակչության կարծիքը հաշվի առնելու»- վստահ է նա:

«Օրակարգում է նաև բանակցային գործընթացին ԼՂՀ-ի անմիջական մասնակցության վերականգնման հարցը: Ժամկետներն են անորոշ»,- նկատում է Յուրի  Մերզլյակովը: Իսկ  ֆրանսիացի համանախագահը Ղարաբաղյան կողմի` բանակցային գործընթացից դուրս մղվելու նախապատմությանն է անդրադառնում. «Ղարաբաղյան կողմը բանակցություններից  դուրս եկավ հենց հայկական կողմի ցանկությամբ, սակայն այսօր արդեն միայն հայկական կողմի ցանկությունը բավական չէ նրան կրկին բանակցությունների սեղանի մոտ վերադարձնելու համար»,- նշեց Բեռնար Ֆասիյեն:

Ղարաբաղը անպատճառ կմասնակցի  հիմնական փաստաթղթի  մշակման աշխատանքներին,- վստահեցնում է ռուսաստանցի համանախագահը: Իսկ առայժմ փորձ է արվում հստակեցնել այն սկզբունքները, որոնց հիման վրա  կծավալվեն հետագա քննարկումները: Թե այդ սկզբունքներից որոնք են արդեն հստակեցվել, համանախագահները գերադասեցին լռել: Ղարաբաղի համար կենսական, իսկ բանակցային գործընթացում անխուսափելի`  ԼՂՀ բնակչության անվտանգությանը վերաբերող հարցին տրված պատասխանը, ամեն դեպքում, դժվար է գոհացնող համարել: Առանց դիվանագիտական գունազարդումների` ստացվում է հետեւյալը. միջնորդների առաջարկած սկզբունքների իդեալական իրականացումը տեսականորեն կարող է ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը: Ահա այսպիսի անորոշ ձեւակերպում:

Ինչևէ, հանդիպումներ են նախատեսվում նաև այսօր երեկոյան: Հոկտեմբերի 4-ին համանախագահները կմեկնեն Բաքու, այնտեղից էլ Քիշնև` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական  հանդիպումը նախապատրաստելու:

Ն. Հովսեփյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն