Սահմանային պատերազմը շարունակվում է, բորենին արյան հոտ է առել
Այս օրերին հանրության ուշադրությունը սեւեռված է Գյումրիում կատարված ողբերգությանն ու կատարվածին առնչվող զարգացումներին: Սակայն միաժամանակ տագնապալի լուրեր են ստացվում սահմանից ու Արցախի պաշտպանության բանակի առաջնագծից:
Իրավիճակը իսկապես լարված է, ավելին՝ ադրբեջանական կողմը հետեւողականորեն շարունակում է մեծացնել լարվածությունը: Եթե հակիրճ, ապա բորենին, տվյալ դեպքում՝ ալիեւյան վարչախումբը, արյան հոտ է առել:
Իսկ որ իրավիճակը լարված է, պարզորոշ վկայում են պաշտպանական գերատեսչությունների հաղորդագրությունները: Այսպես. ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 19-ին եւ լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:
Նույն ժամանակահատվածում շփման գծի տարբեր հատվածներում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվել են 8 հետախուզադիվերսիոն գործողությունների փորձեր, որոնք ժամանակին հավաստանշվել եւ կորուստներ կրելով հետ են շպրտվել:
Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման հետեւանքով, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Սուրեն Փիլոսյանը:
«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Ս. Փիլոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հավելենք, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Սուրեն Փիլոսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։
Հիշեցնենք նաեւ, որ հունվարի 17-ին էլ, ՀՀ սահմանային գոտում, ըստ տարածված տեղեկատվության, մարտական հերթապահության ժամանակ, դիպուկահարի կրակոցից զոհվել է 21-ամյա պայմանագրային զինծառայող Արման Հարությունյանը:
Թշնամին, ինչպես տեսնում ենք, ոչ միայն չի հանդարտվում, այլեւ տարեսկզբից ձեռնարկել է «սահմանային պատերազմի» նոր փուլ՝ շարունակելով անցյալ տարվա արկածախնդրական մարտավարությունը: Եվ չնայած պաշտպանական գերատեսչության հաղորդագրության հասկանալիորեն «ժլատ» ձեւակերպումներին, դժվար չէ հասկանալ, թե ինչ կարգի լարվածության մասին է խոսքը:
Ցանկացած պարագայում, 1-2 օրվա ընթացքում հետախուզադիվերսիոն 8 գործողության փորձը իսկապես շատ է: Դա ավելի շատ համակարգված հարձակողական գործողության տպավորություն է թողնում, քան սոսկ հետախուզության կամ դիվերսիայի: Կամ էլ, ինչպես զինվորականներն են ասում՝ «հետախուզություն՝ մարտով»:
Մեր զինված ուժերը, իհարկե, վերահսկում են իրավիճակը եւ հակահարված են հասցնում թշնամուն: Բայց բուն հարցն այն է, թե ինչ խնդիր է հետապնդում թշնամին. առաջնագծի առանձին տեղամասերում անցնել համեմատաբար ընդգրկուն մարտական գործողությունների՞, ուղղակի կտրուկ ապակայունացնե՞լ իրադրությունը, թե՞, օրինակ, հասնել մի իրավիճակի, երբ բանակցային գործընթաց կոչվածը կամ դրա շարունակությունը բացարձակապես անիմաստ կդառնան մի տեւական շրջան:
Հնարավոր է նաեւ պատերազմի վերսկսման տարբերակը, որը, սակայն, գրեթե բոլոր փորձագետներն ու նաեւ պաշտոնական դեմքերը, այսպես ասենք՝ քիչ հավանական են համարում: Իրականությանն ավելի համարժեք է թվում այն տեսակետը, որ Բաքուն ուղղակի շարունակում է անցյալ տարի նորովի բորբոքած «սահմանային պատերազմը»՝ շարունակական լարվածության մեջ պահելով թե՛ մեր սահմանագոտին, թե՛ ՀՀ ու ԼՂՀ զինված ուժերին, թե՛ նաեւ տարածաշրջանը:
Հարկավ ադրբեջանական կողմի «կրակային ակտիվությունը» մի շարք գործոններով կարող է պայմանավորված լինել: Այդ թվում, նկատենք, հունվարի 20-ին Բաքվի ջարդերի 25-րդ տարելիցն էր: Ըստ որում՝ ադրբեջանական զեղծարարության համաձայն, հայերի ու նաեւ այլ ազգերի ներկայացուցիչների «որսն» ու կոտորածը պաշտոնական Բաքուն հրամցնում է որպես… ադրբեջանցիների ջարդ: Այդ տարելիցը, իհարկե, կարող էր թշնամու ակտիվացման շարժառիթներից մեկը լինել:
Միաժամանակ դժվար չէ ենթադրել, որ Հայաստանի Բանակի օրվան՝ հունվարի 28-ին ընդառաջ, հակառակորդը շարունակելու է լարվածության հանգեցնող քայլերի դիմել:
Ամենեւին չի կարելի բացառել նաեւ Գյումրիում կատարված ողբերգության հետ որոշ աղերսները: Հասկանալի է, խոսքը ոչ թե ուղղակի կապի մասին է, այլ այն բանի, որ Գյումրիում կատարված ողբերգության հետեւանքով Հայաստանում բավական ծանր հասարակական մթնոլորտ է, եւ թշնամին դա կարող է հարմար պահ համարել հարձակումներ գործելու, ակտիվանալու համար:
Հատկանշական է եւ այն, որ կոնկրետ այս տարվա սադրիչ ու արկածախնդիր գործողությունների ընթացքում թշնամին ոչ միայն հրաձգային զինատեսակներ է արդեն գործածում, այլեւ ականանետներ: Սա, հասկանալի է, կացությունն էլ ավելի բորբոքելու նպատակ ունի: Ի վերջո, եթե թշնամին ավելի «ծանր» զինատեսակի է անցնում, միանգամայն տրամաբանական է, որ մեր զինված ուժերն էլ չեն նստելու-սպասեն, առնվազն համարժեք պատասխանելու են:
Մյուս բնութագրական հանգամանքն այն է, որ սահմանագոտում եւ առաջնագծում լարվածության մեծացումն ընթանում է, այսպես կոչված, «միջազգային հանրության», ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, համանախագահող երկրների ընդհանուր իներտության խորապատկերում: Չի կարելի ասել, թե բացարձակապես անտարբեր են, բայց ակնհայտ է, որ անբավարար ուշադրությամբ են արձագանքում իրավիճակի ապակայունացմանը նպատակաուղղված Բաքվի գործողություններին:
Այ, երբ հայկական զինված ուժերը թշնամուն հանդարտեցնելու գործողությունների դիմեն, համանախագահները հուզախռով հայտարարություններ կանեն, «երկու կողմերին» մաշված կոչերով կդիմեն ու էլի ինչ-որ նման մի բան:
Սակայն ողջ խնդիրն այն է, որ անկախ նրանից, թե ով ինչ սխեմաներ է գծում իր մտքի մեջ, իրական կյանքում երբեմն նաեւ ուշ է լինում ինչ-որ բան անելու համար:
Ա.ՀԱԿՈԲՅԱՆ












