Կենցաղայի՞ն, քաղաքակա՞ն, թե աղանդավորական սպանություն
“Քայքայիչ պաշտամունքներից տուժածների վերականգնողական և օգնության կենտրոնի” նախագահ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆՆ անդրադառնալով հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սարսափելի սպանդին՝ չի բացառում, որ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունը կարող է հրահրած լինել այն աղանդավորական կազմակերպությունը, որի հոգևոր հովիվներ են մարդասպան Վալերի Պերմյակովի ծնողները:
“Այս սպանության մեջ մեր հասարակությունը փորձում է քաղաքական ենթատեքստ փնտրել, բայց ոչ ոք աղանդավորական հետք չի փնտրում, այնինչ երբ փաստերը համադրում ես՝ ակնհայտ է դառնում, որ աղանդավորական կառույցի մատը կարող է այս գործում խառը լինել”,- ասում է ՀԿ-ի նախագահը:
Ալեքսանդր Ամարյանի ներկայացմամբ՝ ռուս ժամկետային զինծառայողի հայրը և մայրը խարիզմատիկ “Հույս, հավատ, սեր” եկեղեցու հոգևոր հովիվներ են, ինչի մասին հենց իրենք էլ խոստովանել են թե’ հայկական, թե’ ռուսական ԶԼՄ-ներով: Թեև նրանց խոստովանությունը նպատակ է ունեցել Պրեմյակովին ներկայացնելու իբրև հավատավոր ընտանիքի զավակի, խոնարհ ու աստվածավախ մարդու, ով ի վիճակի չէր մարդ սպանել, առավել ևս անմեղ երեխաների: Բայց այդ խոստովանությունը Ալեքսանր Ամարյանին հիմք է տալիս ենթադրելու, որ զինծառայողը թելադրված հանցագործություն է կատարել, առավել ևս, որ թելադրողը եղել են “Հույս, հավատ, սեր” աղանդի վերադաս մարմինները, ովքեր ամենևին էլ Աստվածահաճո առաքելությամբ աչքի չեն ընկնում:
1988թ. ստեղծված “Հույս, հավատ, սեր” աղանդը Ռուսաստանի Չիտա քաղաքում հաստատված “Փրկությունը Հիսուսի մեջ է” կրոնական կազմակերպության ենթաճյուղն է: Դրա ղեկավարության 90-95 տոկոսը ուկրաինացիներ են: Այդ կազմակերպությունը քարոզներով և գործունեության ուղղվածությամբ շատ նման է “Ավետարանչական հավատքի քրիստոնյաների եկեղեցուն” և ըստ էության դրա դուստր կազմակերպությունն է: Ընդորում,”Ավետարանչական հավատքի քրիստոնյաների եկեղեցին” նույն ամերիկյան “Հիսունականներ” աղանդն է, որի մայր գրասենյակը ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա նահանգում է գտնվում և որը հայտնի է մարդկանց հոգեկանի վրա կործանիչ ազդեցությամբ ու տասնյակ հազարավոր մարդկանց հոգեբուժարաններում հայտնվելու պատճառ դառնալով:
Ա. Ամարյանի խոսքով՝ տվյալ եկեղեցին ունի մի գաղափարախոսություն, որը կոչվում է “Ջի-12”: Այն եկեղեցու ղեկավարման մեխանիզմ է, և 12 թիվը նրանց համար խորհրդանշական է: Ուստի նա պատահական չի համարում, որ Գյումրիի սպանությունը կատարվել է հենց ամսի 12-ին: “Ջի-12” մեխանիզմի հիմքում դաժանության դրսևորումներ կան: Աղանդների ղեկավարները ներշնչում են աղանդավորականներին, թե մարդու մեջ սատանա կա, որից հարկավոր է ազատվել սպանելու միջոցով: ՀԿ-ի նախագահը հիշեցնում է Սևան քաղաքի դեպքը, երբ տղան ծնողներին կացնահարելով սպանել էր, իսկ հետո էլ իրավապահներին ասել, թե նրանք սատանա էին: Ի դեպ, հենց այդ օրը աղանդավորական եկեղեցին նշել է Սուրբ Դանիելի պահքի օրը: Չի բացառվում, որ կրոնական միջոցառումները աղանդավորականների մոտ զոհաբերություններով են ուղեկցվում, դա կարող է լինել նաև մարդկային զոհաբերություն:
Մեծ մասամբ իհարկե այդ սպանություններն ինքնանպատակ չեն լինում: Հաճախ աղանդների ղեկավարներն իրենց հոտի անդամներին օգտագործում են իրեն շահերի համար՝ դրդելով սպանել իրենց թշնամիներին կամ այնպիսի մարդկանց, ովքեր խանգարոմ են իրենց ազատ հանցավոր գործունեությանը: Թեև չի բացառվում, որ աղանդավորականների հնազանդությունն օգտագործվի նաև քաղաքական նպատակներով՝ անկայուն վիճակ ստեղծելով թիրախ դարձած երկրներում: Թերևս խոսուն փաստ է, որ “Փրկությունը Հիսուսի մեջ է” հոգևոր առաջնորդը մասնակցել է Ուկրաինայի ռազմական գործողություններին՝ զենքը ձեռքին: Հաստատ այնտեղ նա մարդկանց հոգիների փրկության գործով չէր զբաղված:
Այսօր արդեն ակնհայտ է և մասնագետներն էլ միաբերան խոսում են աղանդների, մասնավորապես հիսունականների, մարդու հոգեկան աշխարհի վրա ունեցած բացասական ազդեցության մասին՝ ընդհուպ մինչև լիովին առողջ մարդուն հոգեկան հիվանդ դարձնելը և նրան անհավասարակշիռ գործողությունների դրդելը:
“Փորձագետների եզրակացությունների համաձայն` խարիզմատիկ եկեղեցիների հետևորդների մեծամասնության մոտ որոշ ժամանակ անց գրանցվում են հոգեկան ու նյարդային շեղումներ: Նրանք այլևս չեն կարողանում նորմալ մարդու նման դատել ու վերլուծել, ըստ այդմ նրանց վարքը նույնպես տարբերվում է նորմալ մարդու վարքից ու ապրելակերպից: Աղանդների ղեկավարները կիրառում են հիպնոսի ու մարդու վրա ներշնչանքով ներգործելու բոլոր հոգեբանական ու մանիպուլյացիոն մեխանիզմները՝ նրանց վրա առավելագույնս և հեշտությամբ ներազդելու նպատակով: Այդ մեխանիզմներին ամենից լավ տիրապետում են “Հիսունական” աղանդի հոգևոր առաջնորդները: Նրանց ձեռնտու է, երբ իրենց հոտի մեջ լինում են խաթարված հոգեկան աշխարհով մարդիկ, քանի որ նրանց շատ հեշտ է պարտադրել կատարել իրենց բոլոր պահանջները”,- ասում է Ալեքսանդր Ամարյանը:
Մեր հարցին, թե Ավետիսյանների սպանությամբ ինչ նպատակ էր հետապնդում տվյալ աղանդը, Ալեքսանդր Ամարյանը պատասխանեց, որ դա թերևս իրավապահները կբացահայտեն, եթե իհարկե աչալուրջ լինեն ու ճիշտ վարեն հետաքննությունը. “Հարցեր կան, որոնց իրավապահ մարմինները պետք է ուշադրություն դարձնեն: Նախ՝ հարց է պետք բարձրացնել, թե ի՞նչ կապ ունի Պերմյակովը Ավետիսյանների հետ: Հայր և որդի Ավետիսյանները մեկնել են Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի: Հարկավոր է պարզել, թե նրանք ո՞ր քաղաքում են աշխատել, ի՞նչ առնչություն են ունեցել “Սեր, հավատ, հույս” աղանդի կամ դրա հոգևոր հովիվների հետ:
Եվ հետո՝ եթե դատաբժշկական փորձաքննությունը պարզի, որ Պերմյակովը հոգեկան շեղումներ է ունեցել, ապա պետք է հարց բարձրացվի նաև կրոնական կառույցի ղեկավարներին դատական պատասխանատվության ենթարկելու մասին, քանի որ նրանց գործուն միջամտությամբ է զինծառայողի հոգեկանը խեղվել: Սա նաև աղանդավորական հանցանք է”:
Ի դեպ, “Քայքայիչ պաշտամունքներից տուժածների վերականգնողական և օգնության կենտրոնի” նախագահը կողմ է, որպեսզի Պերմյակովի գործի քննությանը աշխույժ և գերակա մասնակցություն ունենան ռուս իրավապահները, քանի որ Հայաստանի իրավապահ մարմիններում չունենք աղանդավորական հողի վրա կատարված հանցագործությունները բացահայտող մասնագետներ, մինչդեռ Ռուսաստանի Դաշնությունն ունի: Իսկ մասնագիտական այդ որակները կօգնեն ջրի երես հանելու հանցագործության աղանդավորական դրդապատճառները, եթե այդպիսիք կան:
Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆԸ ևս հաստատում է, որ աղանդների ղեկավարները բավական փորձառու մանիպուլյատորներ են, ովքեր հրաշալի տիրապետում են մարդկանց հոգեկան աշխարհի վրա ներգործելու մեխանիզմներին: Ընդորում, այդ ազդեցությունը կատարվում է հասարակական գիտակցությունը փոխելու մակարդակով: Այսինքն՝ նրանք ազդում են ոչ թե անհատի, այլ միանգամից մարդկային խմբի, թիմի վրա՝ բոլորին դրդելով կատարել նույն գործողություններն ու հոգեկան նույն վիճակի մեջ ընկնել: Նա խորությամբ ուսումնասիրելով այդ ազդեցության մեխանիզմները հասկացել է, որ դրանցով շատ կարճ ժամանակում մարդուն կարելի է դրդել սպանության և անգամ ինքնասպանության: Պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ այս կամ այն աղանդի ղեկավարը իր հոտին զանգվածային սպանության է դրդել:
Այդ տրամաբանությամբ Արման Բոշյանը նույնպես հակված է մտածելու, որ Գյումրիում բազմանդամ ընտանիքի սպանությունը ոչ թե կենցաղային, այլ լավ ծրագրված հանցագործություն է, որն իրականացվել է աղանդավորական մանիպուլյացիոն մեխանիզմների կիրառմամբ.”ՙԵս կարող եմ ենթադրել, որ մարդասպանը մենակ չի գործել, իսկ ամբողջ միջադեպը լուրջ քաղաքական ուղղորդված նպատակ է հետապնդել: Մարդասպանը կամ մարդասպանները լուրջ մշակում են անցել: Հավատացեք՝ նորմալ մարդը ինչ հոգեվիճակում էլ լինի, չի կարող անմեղ տեղը սպանել մեծ թվով մարդկանց, մանավադ` երեխաների:
Իսկ ինչո՞ւ են ընտրել հենց այդ ընտանիքը՝ այն մոտակայքի բազմանդամ ընտանիքն էր, որը հայկական ընտանիքի խորհրդանիշ է: Բնականաբար, այդ ընտանիքի դեմ իրականացված հանցագործությունը ոտնձգություն է առհասարակ հայկական ընտանիք դեմ, հետևաբար, այն ուղղված է հայի դեմ: Ընդորում՝ հայկական ընտանիքի խորհրդանիշին հարվածել են հենց ռուս զինվորի ձեռքով: Սա էլ կարող է խոսել քաղաքական ենթատեքստի մասին: Սա ևս մանիպուլյացիոն մեխանիզմ է՝ արդեն քաղաքական ենթահողում որոշակի տրամադրություններ ստեղծելու համար: Մոռացե՞լ եք՝ ինչպես սկսվեց Մայդանը Ուկրաինայում՝ արյունից: Այստեղ էլ նույն նպատակը կար: Մարդկանց գիտացության դաշտից գցում են հուզական դաշտ: Իսկ այդ վիճակում նրանց կառավարելը շատ ավելի հեշտ է: Այդ տեխնոլոգիան հարյուրամայակներով է կիրառվում աշխարհում:
Այս բոլորը մեզ ստիպում է մտածել, որ ինչ-որ երրորդ կողմ փորձում է մեկնարկ տալ սարսափելի մի բանի, որի ժամանակ Ավետիսյանների թափված արյունը կարող է վերաճել արյան գետերի”:
ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ












