Ռուսական բազայում պետք է կարգուկանոն հաստատվի
Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ
–Շրջանառվող լուրերի համաձայն Գյումրիում, եթե ոչ արտաքուստ, ապա կա ներքուստ բավական մեծ լարվածություն, եվ իրավիճակը կարող է ամեն պահի դառնալ պայթյունավտանգ: :
-Այսօր իրավիճակը Գյումրիում հանդարտ է, բայց մարդիկ խիստ մտահոգ են, լարված, բորբոքված, մի անզգույշ, տաքգլուխ քայլ ու հուզումի նոր ալիք կարող է բարձրանալ: Ռուսական զորամասերը գտնվում են քաղաքի տարբեր մասերում, ռուս սպաների մի մասը կամ բնակվում է իրենց համար նախատեսված զինվորական թաղամասում, ի դեպ, այդ թաղամասում նաև հայ ընտանիքներ են բնակվում, կամ Գյումրու տարբեր հատվածներում: Սա նշանակում է, որ ռուս զինվորականն ու գյումրեցին միասին, մեկ քաղաքում կողք-կողքի են ապրում են: Այնպես չէ, որ իրարից տարանջատված են ու հնարավոր է խուսափել մեկմեկու հետ շփումից, հանդիպումից: Գյումրեցին ու շատ ռուս սպաներ դրկից հարևաններ են: Ռուս զինվորականները օգտվում են մեր բոլոր ենթակառուցվածքներից՝ սկսած մանկապարտեզներից, առողջապահական հիմնարկներից մինչը ռեստորան ու զվարճանքի օբյեկտներ: Այսօր ռուս զինվորականների մոտ էլ վախ կա, նրանք, ովքեր ապրում են Գյումրում այդ ստահակի պատճառով վախենում են քաղաք դուրս գալ, մտածում են՝ ինչ-որ մեկը կարող է իրենց վտանգել ու դրանով լուծել վրեժը: Այսինքն, հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը պետք է լինեն համատեղ: Երկուստեք պետք է լինել զգուշավոր, չպետք է թույլ չտալ այնպիսի քայլեր, որոնք կարող են հուզումների, հարաբերությունների սրման նոր առիթ դառնալ: Իսկ որպեսզի նման լարում տեղի չունենա գյումրեցին պետք է հնարավորինս շուտ ստանա կուտակված հարցերի պատասխանները: Իսկ գյումրեցին այսօր շա՜տ հարցեր ունի:
-Ե՛վ հարցերն են շատ, և՛ կասկածն է մեծ, և՛ վարկածներն են բազմազան. մասնավորաբար, ո՞ր հարցերի պատասխաններն է շտապում ստանալ գյումրեցին:
-Ո՞րն էր կատարված ոճրագործության դրդապատճառը: Ավետիսյանների ընտանիքը նպատակային էր ընտրվա՞ծ, թե՞ այս ընտանիքի փոխարեն մարդասպանի նշանառության տակ կարող էր հայտնվել Գյումրու ցանկացած ընտանիք, քաղաքացի: Սա շատ կարևոր հարց է: Ընտրության նպատակային լինելը մի բան է, մեկ այլ բան, եթե պատահականություն էր: Ի դեպ ասեմ, որ պատահականությունն ավելի վտանգավոր է, դա նշանակում է՝ Պերմյակովը դեպի քաղաք գալով անցել է մի քանի կիլոմետր ճանապարհ, այսինքն՝ անցել է հազարավոր բնակարանների կողքով, և այդ ճանապարհին նրա զոհը կարող էին դառնալ բազմաթիվ մարդիկ, գուցե և տարբեր ընտանիքներ:
-Բայց ոչ պակաս վտանգավոր է այցի նպատակային լինելը. նա կարող է հատուկ ուղարկված լինել Ավետիսյանների բազմանդամ ընտանիք, ուր համատեղ բնակվում էր երեք սերունդ: Սա եղեռն էր:
-Համաձայն եմ, ահա թե ինչու գյումրեցու թիվ մեկ խնդիրը այդ ստահակի նպատակի հնարավորինս արագ բացահայտումն է: Երկրորդ հարցը, որ հուզում է գյումրեցուն հետևյալն է. այսօր որևէ մեկը չի կասկածում, որ այդ տականքը ստանալու է արժանի պատիժ, սակայն գյումրեցու համար շատ կարևոր է, որ պատիժը նա ստանա Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:
-Պետական արժանապատվության խնդիր է՞, թե՞ կա ռուսական իրավապահ մարմինների հանդեպ վստահության պակաս, որ գործի կարևոր հանգամանքները կարող են ծածկադմբող արվեն, լիարժեք չիրականացվի արդարադատությունը:
– Որևէ գյումրեցի չի կասկածում, որ Ռուսաստանը ևս այդ ստահակին ամենամեծ պատժի կարժանացնի, իսկ ես համոզված եմ, որ նա գտնվելով թե Հայաստանում, թե Ռուսաստանում իր բնական մահով չի մահանալու: Այնպես որ, Հայաստանի օրենսդրության համաձայն պատժի սահմանումը գյումրեցու համար արժանապատվության հարց է:
–Ձեր խոսքերում կա լուրջ անհանգստություն գյումրեցիների անվտանգության համար, և դա ամենևին անհիմն չէ. ողբերգական դեպքից երկու օր անց Գյումրիի փողոցներում հայտնվեցին երկու հարբած ռուս սպաներ: Ինչի՞ մասին է սա վկայում, ի՞նչ բացատրություն ունի այս երևույթը:
-Այո, ես խիստ մտահոգ եմ: Հարբած ռուս սպաների ներկայությունը քաղաքում, այն էլ ողբերգությունից 2 օր անց կա՛մ սադրանք էր, կա՛մ սա խոսում է այն մասին, որ ռուսական կողմը չի կարողանում համապատասխան կարգ ու կանոն հաստատել իր զորամասերում, որը չափազանց կարևոր է: ՌԴ պաշտպանության նախարարությունն այս հարցում պետք է արտահայտի իր հստակ դիրքորոշումը: Գուցե այդ հարբած սպաները և՞ս դասալիքներ էին: Ի վերջո, Պերմյակովի պարագայում ևս գործ ունենք դասալքության փաստի հետ: Եվ բազայում կարգուկանոն հաստատելու առաջին քայլը կլիներ այն, որ դեպքի հաջորդ օրը դասալքության համար պատասխանատու մի քանի հրամանատարներ հեռացվեին պաշտոնից, որպեսզի մյուսները սթափվեին, իսկ գյումրեցիներն էլ համոզվեին, որ սայլը տեղից շարժվում է՝ մարդիկ են պատժվում: Մենք ռուսական կողմին այսօր նաև պետք է բացատրենք, որ շատ կարևոր է ռազմաբազայում կարգուկանոնի շուտափույթ հաստատումը, որ ռուս հրամանատարները պարտավոր են տեղյակ լինել սեփական զինվորների մեկ րոպե իսկ բացակայության մասին, պարտավոր են հետայսու լինել առավել զգուշավոր:
Խոսեմ մեկ այլ մտահոգության մասին, որն առնչվում է լրատվամիջոցներին: ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Բաստրիկինը Հայաստանում հայտարարեց, որ քննությունը իրականացնելու են Հայաստանի քննչական մամինները, իսկ ռուսական իրավապահ մարմինները օժանդակելու են: Գյումրեցիներնն այս որոշումը շատ լավ ընդունեցին: Ըստ պայմանավորվածության կազմվեց համապատասխան հանձնախումբ, իսկ նախօրեին հայ քննիչները սկսեցին հարցաքննել մեղադրյալին: Եվ ահա, այս պահին հանկարծ որոշ հայկական լրատվամիջոցներ շրջանառում են ՌԴ նախագահի մամլո խոսնակ Պեսկովի խոսքը, թե դատավարությունը կլինի ՌԴ օրենսդրությամբ:
Ինչո՞ւ այդ պահին Պեսկովի հետ նման հարցազրույց կազմակերպվեց, որ նա էլ նման միտք ասեր, գուցե նա անտեղյա՞կ էր Հայաստանում կայացած պայմանավորվածությունից, ինչո՞ւ շրջանառեցին նաև Ժիրինովսկու հերթական տաքգլուխ խոսքերը: Կարծում եմ, լրատվամիջոցը հստակ միտում ուներ՝ ի ցույց դնել Բաստրիկինի և մեկ այլ ռուս պաշտոնյայի ու քաղաքական գործիչի խոսքերի հակասությունը: Իսկ նման իրավիճակներն առավել լարվածություն են ստեղծում, վրդովվեցնում մեր ժողովրդին, լարվածության վրա յուղ լցնում:
– Պերմյակովի կասկածելի անձ լինելը՝ աղանդավոր հայր ու մարդասպան եղբայր ունենալը, չի՞ հուշում այն մասին, որ մեր երկիրը պետք է անպայմանորեն մասնակցի 102 ռազմաբազա ուղարկվող զինվորների ընտրությանը, հակառակ դեպքում մեր թշնամին այս խողովակը կարող է օգտագործել Հայաստանում նման ոճիրներ հաճախ կազմակերպելու համար:
-Շատ կարևոր հարց բարձրացրիք, դա մեր ազգային անվտանգությանն առնչվող խնդիր է: Եվ ես կարծում եմ, որ իշխանությունն այս ուղղությամբ պետք է մտածի: Դրական եմ համարում նաև ՌԴ նախագահի որոշումը, որ 2016թ. հունվարի 1-ից ՌԴ տարածքից դուրս գտնվող բազաներ ծառայության կուղարկվեն ոչ թե զորակոչիկներ, այլ պայմանագրային զինծառայողներ: Դրանով հայազգի զինվորականները ևս հնարավորություն կունենան ծառայելու 102-րդ ռազմաբազայում՝ պայմանագրային հիմունքներով:
–Այսօր հնչում են Հայաստանից ռուսական բազայի դուրսբերման մասին կոչեր, սա գյումրեցու պահանջն է՞, թե՞ մի խումբ սադրիչների ձեռքի գործը:
-Ո՛չ, դա գյումրեցու պահանջը չէ: Նախ, ռազմաբազան մեր անվտանգության երաշիքն է: գյումրեցին իրեն մշտապես ապահով է զգացել իմանալով, որ ռուս սահմանապահը կանգնած է մեր սահմանին: Բացի այս, անկեղծորեն ասեմ, որ առ այսօր և՛ գյումրեցին, և՛ հարակից գյուղերի բնակիչները օգտվում են ռազմաբազայից, քանի որ աշխատում են այնտեղ, բացի այդ, վերջինիս առկայությունը աշխուժացնում է քաղաքի առևտրային կյանքը, չէ՞ որ մի քանի հազար զինվորներ, սպաներ իրենց գումարը իրացնում են Գյումրիում:Այնպես որ, նման կոչեր չի կարող հնչեցնել գյումրեցին, դրանք իրոք սադրիչների ձեռքի գործն են: Իսկ ժողովուրդը շատ լավ գիտի, թե ովքե՞ր են այդ սադրիչները. նրանք տարբեր պետություններից գրանտ ստացող մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչներ են, որոնք տարին մի քանի տասնյակ դոլարի հասնող գրանտներ են ստանում որպեսզի և նման կոչեր հնչեցնեն, և հակառուսական տրամադրություններ տարածեն: Սրանք նաև պատրաստ են հենց վաղն իսկ հայտարարելու՝ ռուսներին վտարե՛ք Հայաստանից: Այնպես որ, այդ կոչերը գյումրեցիների հետ որևէ առնչություն չունեն:
–Որպեսզի սադրիչներն անելիք չունենան Հայաստանի իրավապահ մարմինները պետք է ժամանակին անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրեն մեր ժողովրդին:Այս առումով, ի՞նչ դեր ունեցավ խորհրդարանում այսօր կազմակերպված լսումները:
-Լիովին համաձայն եմ, իշխանությունը պետք է կարողանա ճիշտ մեկնաբանել ընթացքը: Եվ մեր ժողովուրդը հանգիստ կլինի միայն այն ժամանակ, երբ նրան մատուցվի օբյեկտիվ տեղեկատվություն: Ինչ վերաբերում է խորհրդարանական լսումներին , ապա ես ողջունում եմ դրանց կազմակերպումը: Չնայած նախապես համոզված էի, որ լսումները որևէ նոր բան չէին տալու, նաև ավելին լսելու ակնկալիքներ չունեի, քանի որ գլխավոր դատախազը չէր կարող նախաքննական փաստեր հրապարակել: Բայց կարևոր էր, որ այն տեղի ունեցավ, հնչեցին հարցեր, օրինակ, թե ինչո՞ւ ռուս սահմանապահները խախտելով հայ-ռուսական պայմանագիրը, Պերմյակովին հանձնեցին ռուսական բազային և ոչ թե հայ ոստիկաններին, կամ ԱԱԾ-ին: Գլխավոր դատախազի պատասխանը հստակ էր՝ Պերմյակովը, որպես սահմանը խախտել փորձող անձ պետք է հայտնվեր մեր սահմանապահների մոտ և ոչ թե ռուս: Լսումների անցկացումը կարևոր է նաև այն առումով, որ ռուսական կողմը հասկանա՝ կատարվածը գտնվում է Հայաստանի խորհրդարանի վերահսկողության ներքո: Այս լսումներով տրվեց մեկնարկ, կարծում եմ, դեռ էլի կկազմակերպվեն, գուցե նաև փակ ձևաչափով:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












