Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի սխալ կանխատեսման պատճառը
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» անդամ Արծվիկ Մինասյանը գտնում է, որ Հայաստանը զրոյական տնտեսական աճ չի գրանցի, ինչպես դա կանխատեսել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը:
Մինասյանը շետել է, որ ՎԶԵԲ-ը կանխատեսումն արել է հիմք ընդունելով Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցումը, ինչը, ըստ պատգամավորի, սխալ է:
«Եթե անգամ Հայաստանը չանդամակցեր ԵՏՄ-ին, միևնույնն է կրելու էր այն բացասական միտումները, որոնք գալիս են ՌԴ-ից, որի նկատմամբ Արևմուտքը սանկցիաներ է կիրառում: Ես կանխատեսում եմ, այնուամենայնիվ դրական տնտեսական աճ»,- ասաց նա:
Անդրադառնալով ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցելու հարցին, նկատեց, որ Հայաստանը որոշում է կայացրել որոշակի սահմանափակումների ներքո:
«Հայաստանի տնտեսությունը որքան էլ փորձենք դիտարկենք ժամանակակից կոնտեքստում, միևնույնն է, կրում է Սովետական Միության հենքը: Թերզարգացած համակարգը զարգացած համակարգում չի կարող իր տեղը գրավել ու մրցակցել, խոսքը Եվրոպական միության մասին է: Մեր այսօրվա շուկան ավելի համարժեք են եվրասիական տնտեսական համակարգի շուկաներին: Բայց նաև պետք է մտածենք եվրոպական զարգացած շուկա դուրս գալու մասին: Համակարգը զարգացնելու համար շատ բան կախված է իշխանություններից»,- ասաց նա:
Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ անկախ նրանից, թե որտեղ է գտնվում Հայաստանը, եթե սանկցիաներ են կիրառում ՌԴ-ի նկատմամբ ու ռուբլին արժեզրկվում է, նշանակում է Հայաստանը ևս տնտեսական հարված է ստանալու:












