Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն, Ռուսաստան, Տարածաշրջան

Ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու մասին խոսակցությունները քաղաքական կարճատեսության են. Դավիթ Ջամալյան

Հունվար 24, 2015թ. 20:19

Ռուսական ռազմաբազայի ներկայությունը կարևոր է ո’չ միայն Հայաստանի շահերի տեսանկյունից, այլ նաև` տարածաշրջանային անվտանգության ապահովման գործառույթ է իրականացնում: Այն բազմաֆունկցիոնալ է, ու նախևառաջ` պետք է դիտարկել մեր երկրի տարածքում դրա գտնվելու կարևորությունը: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամայլանը: Պարզաբանելով Հայաստանի տարածքից ռուսական ռազմաբազայի դուրս բերման մասին հնչած կոչերը՝ նախարարի խորհրդականը նկատել է, որ թեև առաջին հերթին` մենք ենք մեր երկրի պաշտպանության երաշխավորները, մենք ինքներս ենք մեզ պաշտպանում, սակայն, իբրև անվտանգության հավելյալ երաշխիք, այդ դաշինքի անհրաժեշտությունը մենք, անշուշտ, ունենք:

«Այն կոչերը, որոնք հնչում են Գյումրիում կատարվածից հետո` ռուսական ռազմաբազան Հայաստանի տարածքից դուրս բերելու մասին, քաղաքական կարճատեսության դրսևորումններ են: Մենք պետք է հստակ ձևակերպենք մեր ազգային շահերը: Հասկանալով ողբերգության չափերը, որն ընդվզում է առաջացրել հասարակության մեջ, համարժեք պահանջը` պատիժը մեր երկրի տարածքում կրելու մասին, այնուհարդերձ, դրանք չի կարելի կապել երկրի հեռահար շահերի հետ: Հայ-ռուսական հարաբերությունները փոխադարձ շահերի վրա հիմնված փոխհարաբերություններ են, դրա համար էլ ապագա ունեն: Եվ մի բան է, երբ ժողովուրդը ոտքի է կանգնում ստահակին պատժելու պահանջով, այլ բան է, երբ այդ ինքնաբուխ և օբյեկտիվ պահանջը ոմանք փորձում են շահարկել ու դրան տալ գրանտային, հակառուսական ուղղվածություն: Քանի որ նման տեսակետ հնչեցնողները դուրս են հայկական շահերի համատեքստից, իրենք կատարում են որոշակի պատվեր՝ որոշակի կախվածություն ունենալով:

Կան մասնավոր խնդիրներ, կան հեռահար, ազգային- ռազմավարական խնդիրներ, մեկը մյուսի հետ չի կարելի կապել: Տեղի է ունեցել եղեռնագործություն, ստահակը պետք է պատժվի, և կարծում եմ, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բարձր մակարդակը թույլ կտա գտնել այն փոխադարձ ընկալելի և ընդունելի լուծումը, մեր դաշնակիցներն էլ ընդառաջ կգնան մեր հասարակության ադեկվատ պահանջին: Բայց դա մասնավոր խնդիր է, որը չի կարելի կապել հեռահար ազգային շահերի հետ: Կրկնում եմ, որ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայության խնդիրը պետք է դիտարկել մեր երկրի անվտանգության համատեքստում: Այո’, այսօր մենք դինամիկ հարաբերություններ ենք կառուցում նաև Արևմուտքի հետ, սակայն, այսօրվա դրությամբ 102-րդ ռազմաբազային փոխարինող հակակշիռ ուժ, որը կպաշտպաներ նաև մեր շահերը, մենք չունենք: Հետևաբար, մեր երկրում անվտանգության երաշխիքը այդ բազայի գոյությունն է:

Առավել քան ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական համագործակցությունը հարատև բնույթ է կրում, և վերջին շրջանում այդ ռազմական համագործակցությունն էլ ավելի սերտ է դարձել: Դիտարկելով մեր երկրի անվտանգության խնդիրները՝ ակնհայտ է, որ եթե իրական հակառակորդ Ադրբեջանը ձեռք է բերում այնպիսի դաշնակից, ինչպիսին է Թուրքիան, ապա մենք էլ մեր հերթին դիսբալանսը վերացնելու համար պետք է նույնպես դաշնակցային հարաբերություններ ունենանք որևէ ուժային կենտրոնի հետ, որպեսզի կարողանանք ապահովագրել մեզ արևմուտքից, եթե անհրաժեշտ լինի արևելքում մեր սահմաններն ավելի բարելավել: Եվ 102-րդ ռազմաբազան, և առհասարակ` ռուս-հայկական դաշինքը մեզ համար ձեռնտու է՝ շատ պարզ նկատառումներից ելնելով:

Ինչ վերաբերում է տարածաշրջանային համատեքստին, ապա, իհա’րկե, պետք է հիշել, որ երկրների փոխհարաբերությունները կառուցվում են փոխադարձ շահերի վրա: Եթե մեզ համար այդ ռազմաբազան կատարում է երկրի անվտանգության հավելյալ երաշխավորի դեր, ապա Ռուսաստանն էլ ունի իր աշխարհաքաղաքական հեռահար շահերը, և այդ համատեքստում, տարածաշրջանում որոշակի ուժերի միջև հավասարակշռություն ստեղծելու տեսակետից էլ բազան կարևոր գործառույթ է կատարում: Տարածաշրջանը կայուն պահելու, վայրիվերումներից զերծ մնալու տեսանկյունից այն կարևոր նշանակություն ունի, հատկապես, եթե հիշենք, որ հենց Թուրքիայում են գտնվում ՆԱՏՕ-ի զորքերը, և սա պարզ հակակշիռ է երկու ուժերի միջև: Հենց ուժային հակակշռի վրա է կառուցվում կայունությունը ցանկացած տարածաշրջանում, ու մենք էլ բացառություն չենք: Ուժերի հավասարակշռությունը պահպանելու արդյունքում մեր տարածաշրջանը ակնհայտ վայրիվերումներից զերծ է պահում, իսկ մենք տեսնում ենք, թե ինչ է այսօր կատարվում աշխարհի տարբեր ծագերում: Այնուհետև հարկավոր է հաշվի առնել, որ մի բան է` զուտ ՆԱՏՕ-Արևմուտք հարաբերությունները, այլ բան է` Թուրքիան` ՆԱՏՕ-ի կազմում, որն ունի իր հեռահար շահերը տարածաշրջանում, և, իհա’րկե, ռուսական 102-րդ ռազմաբազան կայունացնող դեր է կատարում ողջ տարածաշրջանում»:

tert.am


Դիտել Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն, Ռուսաստան, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն