Գլխավոր » Ադրբեջան, Զինված ուժեր, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

102-րդ ռազմաբազային դեմ հանդես եկողները Հայաստանի թշնամիներն են. Վահան Շիրխանյան 

Հունվար 26, 2015թ. 22:31

Այն կանխատեսումը, թե Գյումրիի դաժան սպանությունից հետո գործընթացները քաղաքականացվելու են ու փորձ է արվելու կատարված սարսափելի ոճիրը որոշակի նպատակների ծառայեցնել՝ իրողություն է դառնում: Ոճրագործության հետընթացքը այսօր արդեն ցույց է տալիս դրա նպատակը. Հայաստանի դեմ այսօր իրականացվում է քարոզչական լայնածավալ պատերազմ՝ ժամանակակից բոլոր տեխնոլոգիրաներով, իսկ թիրախը հայ-ռուսական հարաբերություններն են: Երկու երկրների հարաբերություններում սեպ խրելու պատրաստ ուժերը խիստ են ակտիվացել, այստեղ է թաքնված շան գլուխը, ու այստեղ պետք է փնտրել ռուսական ռազմաբազայի դուրսբերման կոչերի պատճառը:
Ի դեպ, նման կոչեր այսօր հնչեցվում են թե՜ Հայաստանում, թե՜ Ռուսաստանում: Ռուսական ինչ-որ անհայտ կայքեր սկսել են շրջանառել իբրև թե ռուսները, ի պաշտպանություն մարդասպան Պերմյակովի, պահանջում են հանել ռազմաբազան Հայաստանից: Ակնհայտ է նպատադրումը՝ հայության շրջանում ձևավորել այն կարծիքը, թե ռուսները հանդես են գալիս մարդասպան զինվորի պաշտպանության դիրքերից: Տեղեկատվական անվտանգության հայ մասնագետները պեղեցին ու գտան, որ նման կոչերի թիկունքում սոցսանցերում ռուսական ազգանուններով թափառող ադրբեջանցիներն են: Քիչ չեն նաև ուկրաինացիներն ու վրացիները:
Իսկ Հայաստանո՞ւմ ովքեր են կրակի վրա ջուր լցողները: Այստեղ էլ երկար փնտրելու կարիք չեղավ, հարցի պատախանը տվեցին հենց իրենք՝ գյումրեցիները, նկատելով՝ Գյումրին փոքր քաղաք է ու դժվար չէ տեղական սադրիչներին հայտնաբերելը, իսկ նրանք Արևմուտքից գրանտ ստացող կազմակերպությունների ներկայացուցիչներ են: Չնայած գյումրեցու սթափությանը, այնուհանդերձ, տեղական սադրիչներին փոքր-ինչ հաջողվել է օգտվել ողբերգության պատճառած ցավից և իրենց շուրջը հավաքել մարդկանց, ու լծվել հրահանգված պատրվերի կատարմանը:

 

  Ռուսաստանը կանխեց Թուրքիայի 3 հարձակումները Հայաստանի վրա
90-ականերին որևէ մեկի մտքով չէր անցնի նման կոչ հնչեցնել՝ Հայաստանին պե՞տք ռուսական ռազմաբազան, նրա բերած օգո՞ւտն է շատ, թե՞ վնասը: Մինչդեռ այսօր արդեն այդպիսիք կան: Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, ով Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ակունքներին կանգնած քիչ թվով մարդկանցից մեկն է, խիստ մտահոգ է՝ գուցե շատ ժամանակ է անցել, եկել են նոր մարդիկ, նոր սերուդ ու նախկին փաստերին չե՞ն տիրապետում: Իսկ սա նշանակում է, որ ՙնորեկներին՚ հիշեցնելու շատ բան կա:
Եվ այսպես. 1992-ի ապրիլին Թուրքիայի ցամաքային ուժերի գլխավոր հրամանատար Մուղիթթին Ֆիսունօղլին հայտարարում է՝ նախապատրաստական աշխատանքներն ավարտված են և թուրքական բանակը սպասում է Անկարայի հրամանին դեպի Հայաստան առաջացման համար: Սեպտեմբերին արդեն թուրքական 9-րդ բանակի կորպուսի հրամանատարությունը քննարկում է Նախիջևանի խնդրանքը ռազմական օգնություն ցույց տալու մասին, ինչը բավարարվում է: Իսկ 1993-ին Քելբաջարից Հայաստանի և Ղարաբաղի վրա հարձակման ժամանակ օրական Թուրքիայից Նախիջևան էր մտնում 35-40 բեռնատար՝ կամավորականներով, որոնք անմիջապես տեղափոխվում էին առաջին գիծ: 1994-ին Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Դողան Գյուրեշը վերստին հայտարարում է՝ պատրաստ ենք հակամարտության գոտի ուղարկել այնքան զորք, որքան կպահանջի Ադրբեջանի կառավարությունը:
Ինչո՞ւ Թուրքիան՝ լինելով կազմուպատրաստ վիճակում, այնուհանդերձ նահանջեց իր կայացրած որոշումից, ի՞նչը դարձավ զսպաշապիկ ու հետ պահեց նրան իր մտադրությունից: ՙՊատճառը ռուսական նախազգուշացումներն էին: Թուրքական բանակը 92-ին, 93-ին, 94-ին որոշել էր մտնել Հայաստան և միայն Ռուսաստանի կտրուկ նախազգուշացումները, նախ Բուրբուլիսի, հետո Շապշնիկովի, ապա Գրաչովի կողմից, Թուրքիան հետ պահեցին:

Իսկ մինչ այդ, նախ հարկավոր էր ձեռք բերել ռուսական կողմի համաձայնությունը՝ Թուրքիային զսպաշապիկ հագցնելու հարցում: Ստեղծված իրավիճակը հայ զինվորականներին պարտադրում է դեռ 92-ին գնալ հստակ քայլերի: Մոսկվա բանակցությունների մեկնած Վահան Շիրխանյանն ու անվտանգության գեներալ Էդուարդ Սիմոնյանցը ռուսական կողմին առաջարկում են Հայաստանին թողնել խորհրդային 7-րդ բանակի երեք դիվիզիաներից երկուսի ռազմական ունեցվածքը, իսկ երրորդը որպես ռուսական դիվիզիա պահել Գյումրիում: Խորհրդայի միության քայքայումից քաղաքականապես ու տնտեսապես թուլացած Ռուսաստանը սկզբում առաջարկը մերժում է՝ այն համարելով երկրի համար ավելորդ գլխացավանք: Սակայն հայ բանագնացների ջանքերը զուր չեն անցնում, ի վերջո, հաջողվում է համոզել ռուսական ղեկավարությանը: Պահպանված դիվիզիան էլ դառնում է 102-րդ ռազմաբազայի հիմքը:
ՙԺամանակը ցույց տվեց, որ մենք ճիշտ ճանապարհով գնացինք՚. հայտարարում է Շիրխանյանն ու նրանց, ովքեր այսօր Հայաստանում հնչեցնում են ռուսական բազան դուրսբերելու պահանջ, խորհուրդ տալիս՝ եթե հայրենասեր հայ մարդիկ եք համարժեք հետևության հանգեք ասվածից:

                                              Մեկ շղթայի օղակներ են
Գյումրիի սարսափելի սպանդը, ռուսական ռամաբազան հանելու պահանջը, սահմանային միջադեպերի ակտիվացումը՝ արդյո՞ք այս ամենը մեկ շղթայի օղակներ չեն, եթե այո, կարո՞ղ ենք ասել, որ մեր երկրի դեմ իրականացվում է ծրագրված գործողություն: ՙԵս ոչինչ չեմ բացառում, և կապ, անշուշտ, տեսնում եմ: Սահմանին իրավիճակի սրմանն ու Գյումրիի ողբերգությանը զուգընթաց հիշեք, որ Ալիևը հանդիպեց Մերկելի հետ: Հակված եմ կարծել, որ այդ դեպքերը կապված են իրար հետ՚: Ավելին, Շիրխանյանը մտահոգ է, որ այս շղթան դեռ իր շարունակությունն է ունենալու, և զգուշացնում է՝ մենք պետք է պատրաստ լինենք պատասխան տալու, քանզի մեր թշնամին աշխատում է ամեն կերպ թուլացնել Հայաստանի ռազմական ուժը, դաշնակցային հարաբերությունները:
102-րդ ռազմաբազան համարելով մեր ազգային անվտանգության երաշխավորը, Շիրխանյանը հանգում է հետևության՝ կնշանակի, որ դրան դեմ հանդես եկողները դեմ են մեր պետության անվտանգությանը, ուրեմն, նրանք Հայաստանի, հայության թշնամիներն են: <Իսկ այն մարդիկ, ովքեր ոչինչ չհասկանալով անվտագության համակարգից ակամա ներքաշվել են նման քննարկումների մեջ, պետք է գիտակցեն, որ մեծ վնաս են հասցնում մեր երկրին>:
Ի պատասխան նաև այն հարցադրումանը, թե այսօր հայկական բանակը արդյո՞ք սեփական ուժերով չի կարող ապահովել մեր երկրի անվտանգությունը, նախկին փոխնախարարը հակադարձում է.ՙՈչ, չի կարող, որովհետև ունենք հավերժական թշնամի մեր կողքին: Թշնամի որը չի կարող դառնա մեր բարեկամը՝ երբե՜ք, որովհետև նրա տարածքը մեր հայրենիքն է, նա մեզանից գողացել է ու միշտ վախենալու է, որ մի օր հզոր Հայաստանը ոտքի կկանգնի ու կասի՝ հե՜տ տուր հայրենիքս՚:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Ադրբեջան, Զինված ուժեր, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն