Գլխավոր » Interview, Ադրբեջան, Զինված ուժեր, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ադրբեջանի տարածքը կարող ենք վերածել մի թեժ կետի, որից ինքն էլ գլուխ չի հանի. Սեյրան Օհանյան

Հունվար 27, 2015թ. 23:00

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ հարցազրույցը  լրագրողներին

 

Սահմանային աննախադեպ լարվածությունը, նաև մեր կորուստները՝ 10 զոհ ունեցանք,  թույլ չե՞ն տալիս ասելու, որ կանգնած ենք լայնամասշտաբ պատերազմի  վտանգի  առաջ: 

 

– Նախ հունվարին մենք ունեցել ենք  7 զոհ, և պետք չէ այն ավելի ներկայացնել: Եվ մեր 7 զոհի դիմաց հակառակորդը բազմապատիկ անգամ ստացել է համարժեք պատասխան: Ինչ վերաբերում է իրավիճակին, ապա մենք մանրակրկիտ վերլուծում ենք այն և մեզ համար լիովին պարզ է հակառակորդի կողմից լարվածության սրացման նպատակները, դրանք և՜ ներքաղաքական են, և՜ արտաքին: Ադբեջանն իր քայլերով նպատակ ունի շեղել միջազգային հանրության ուշադրությունը իր երկրի ներսում խոսքի ազատության, մարդու իրավունքների ոլորտում, նաև ազգային փոքրամասնությունների հետ կապված հարաբերություններում առկա   բացթողումներից: Իսկ արտաքին քաղաքական դաշտում նրա նպատակն է ներազդել  բանակցային գործընթացի վրա: Հետևաբար, ես որպես ռազմական կառույցի ղեկավարը, չեմ  կարող ինձ թույլ տալ ու նման իրավիճակում 100 տոկոսով բացառել մարտական գործողությունները: Բայց Հայաստանի ռազմական ու քաղաքական ղեկավարությունը աշխատում է,  որպեսզի ներկայիս միջադեպերը  չվերաճեն լայնամասշտաբ  պատերազմի: Այսօր նման պատերազմի սկսման միտում մենք չենք տեսնում:

 

Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը նախօրեին հայտարարեց, թե՝ ՙՄեր սահմաններին և շփման գծի երկայնքով ավելի մեծ և սպառնալից կուտակումների պարագայում, մենք մեզ վերապահում ենք կանխարգելիչ հարվածներ հասցնելու իրավունքը՚: Ո՞րն է կուտակումների այն կարմիր գիծը, որից հետո հայկական կողմը համարժեք որոշում կկայացնի, այսինքն, հակառակորդի ինչպիսի՞ գործողության դեպքում, ինչպիսի՞ հարված կարող է հասցնել հայկական կողմը: Կբացե՞ք փակագծերը:

 

-Ադրբեջանը, չնայած իր՝ մեկը մյուսին հաջորդող պարտություններին, չի կամենում հետ կանգնել իր գործելաոճից: ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության համար այս իրավիճակն անընդունելի է: Հետևաբար, պետք է կտրուկ որոշում ընդունել՝  կա՜մ մենք պետք է պահպանենք հրադադարի պայմանագիրը, կա՜մ պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկենք Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու հարցում: Եթե հակառակորդը շարունակում է չհասկանալ, որ  պարտավոր է պահպանել հրադադարի պայմանագիրը, ապա նրա ցանկացած ոտնձգության պետք է արժանի պատասխան ստանա: Ադրբեջանի կողմից լարվածության պահպանումը շարունակական է, մենք տեսնում ենք նաև դրա միտումները,  կնշանակի մենք պետք է անպայման իրականացնենք կանխարգելիչ միջոցառումներ: Հայաստանի զինված  ուժերն այդ հնարավորությունն ունեն: Այնպես որ, ինչպիսի նպատակ էլ  ունենա մեր հակառակորդը, հայկական զինուժի գործողությունները հստակ են լինելու՝ պաշտպանությունից բացի իրականացնել նաև կանխարգելիչ միջոցառումներ: Եթե Ադրբեջանը մտածում է, որ մենք պահպանելու ենք ստատիկ վիճակ, նաև տարածքային առումով, ու  կարմիր գիծը չենք հատելու՝ հանուն հրադադարի, ապա շատ է սխալվում: Մենք այսօր իսկ, անհրաժեշտության դեպքում, պատրաստ ենք ցանկացած գործողության: Ե’վ շփման գիծը, և’ հակառակորդի տարածքը կարող ենք վերածել մի թեժ կետի, որից ինքն էլ գլուխ չի հանի:

 

ՀԱՊԿ կանոնադրության համաձայն, եթե կազմակերպության անդամ-պետություններից մեկը ենթարկվում է ագրեսիայի, ապա անդամ-պետությունները տվյալ անդամ-պետության խնդրանքով, նրան տրամադրում են անհրաժեշտ օգնություն, այդ թվում՝ ռազմական: Այսօր հայ-ադրբեջանական սահմանում ստեղծված խիստ լարվածությունը, իրար հաջորդող դիվերսիոն գործողություններն  արդյոք չե՞ն հատել այն վտանգավոր եզրագիծը, որպեսզի Հայաստանը  պաշտոնապես դիմի ՀԱՊԿ-ին՝ ադրբեջանական ագրեսիային համատեղ ուժերով  դիմակայելու համար:

 

-Մի փոքր  ավելացում անեմ ՀԱՊԿ-ին դիմելու ընթացակարգի առնչությամբ: Նախ բոլոր խնդիրները պետք է քննարկվեն ՀՀ կառավարությունում, ապա ԱԱԽ-ում, որից հետո,  իրադրության գնահատման արդյունքում, ԱԱԽ-ն պետք է խորհուրդ տա ՀՀ ղեկավարությանը՝ գործող իրավական նորմերի շրջանակներում, դիմե՞լ, թե՞ չդիմել ՀԱՊԿ ղեկավարությանը: Վերջին տարիներին, հայկական բանակը բազմիցս է ապացուցել, որ անընդհատ կատարելագործվող զինուժ է, ամուր ու կայուն: Եվ հենց այս հանգամանքը ինձ թույլ է տալիս ասելու, որ այսօր ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն չկա: Այդ դեպքում ինչի՞ համար է մեր հայկական բանակը, եթե ինքն իր առաջ դրած խնդիրները՝ այս փոքր սրացումների դեպքում, չի կարողանա կատարել: Կարծում եմ, առիթներ ունեցել եք համոզվելու, որ հակառակորդի քանակական առավելությունները մեզ վրա չեն ազդում, որովհետև որակական առումով ու իր  մարտական ոգով հայկական բանակն ուժեղ է:

 

Գյումրիի սարսափելի ողբերգությունը վերստին  հաստատեց, որ ռազմաբազայում կան կարգապահական լուրջ խնդիրներ. մանավանդ հաշվի առնելով Պերմյակովի կասկածելի անձ լինելը, չե՞ք կարծում, որ մեր երկիրը պետք է իր հերթին  մասնակցի 102 ռազմաբազա ուղարկվող զինվորների ընտրությանը: 

 

-Մենք ունենք հստակ տեղեկություններ, ինչպես նաև 102 ռազմաբազայի գնդապետ Անդրեյ Ռուզինսկու հետ մեր ամենօրյա շփումներից ենք համոզվում, որ վերջին տարիներին բավականին լուրջ աշխատանքներ են կատարվել բազայի մարտական պատրաստակամության բարձրացման ուղղությամբ: Ես կարող եմ անգամ համեմատություն անել, թե ինչպես է ռազմաբազան ղեկավարվել նախկինում և ինչպե՞ս է ղեկավարվում այսօր՝ գնդապետ Անդրեյ Ռուզինսկու օրոք: Բավական  լուրջ փոփոխություններ են կատարվել նաև  սպառազինության, ռազմաբազան նոր ռազմական տեխնիկայով հագեցնելու ուղղությամբ:

Իսկ անձնակազմի համալրման խնդիրը ոչ թե ռազմաբազայի ղեկավարության, այլ նույնիսկ ստորաբաժանման  հրամանատարների խնդիր է, և նրանք պարտավոր են   իրենց առաջ դրված խնդիրը լիարժեք իրականացնել: Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից ռուս զինվորների ընտրությանը,  դա մեր գործը չէ, այլ Ռուսաստանի, յուրաքանչյուր սուվերեն պետություն ինքն է որոշում իր զինված ուժերի կազմն ու  համալրումը: Եվ չեմ կարծում, որ մենք պետք է մտնենք ու ստուգենք, թե ի՞նչ վիճակում են գտնվում ռուս զինվորները:

Ինչ վերաբերում է կատարված դաժան սպանությանը, ասեմ հետևյալը. ՌԴ և ՀՀ իրավապահների խումբը բավական լուրջ աշխատանք ունի կատարելու, ի վերջո, պետք է իմանան Պրեմյակովը միայնա՞կ է կատարել սպանությունը, թե՞ ինչ-որ ուժեր  կանգնած են նրա թիկունքում: Շատ հարցեր կան, որոնց մասին չենք կարող բարձրաձայնել, քանի որ դրանք իրենց մեջ  գաղտնիություն են պարունակում, և  ո՜չ ես, ո՜չ դուք իրավունք չունենք մտնելու իրավական մանրուքների մեջ, իրավունք չունենք խանգարելու իրավապահների աշխատանքին:

Կատարվել է ողբերգություն, բայց ոչ ոք չի կարող սեպ խրել, վտանգել հայ-ռուսական  համագործակցությունը: Հստակ իմացեք՝ եթե հայկական զինուժը կանգնած է Ադրբեջանի դիմաց ու որևէ խնդիր չունի պատասխանելու նրա ռազմական սադրանքներին, ապա ռուսական ռազմաբազայի առկայությունը ավելի գլոբալ խնդիր է լուծում տարածաշրջանում, հատկապես, հաշվի առնելով մեր հարևանի՝ Թուրքիայի առկայությունը:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Interview, Ադրբեջան, Զինված ուժեր, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն