Իրանը ԵՏՄ-ի հետ փոխըմբռնման հուշագիր կստորագրի
Իրանն այս տարի ակնկալում է Եվրասիական տնտեսական միության հետ պայմանագիր կամ փոխըմբռնման հուշագիր ստորագրել: “ՌԻԱ Նովոստի” գործակալությանը տված հարցազրույցում Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանաիին նաեւ ասել է, որ այժմ աշխատում են այդ ուղղությամբ, եւ որ Թեհրանը մտադիր է օգտագործել այդ հնարավորությունը՝ Ռուսաստան եւ այլ երկրներ իր արտահանումների համար:
Դեսպանի խոսքով՝ Մոսկվայի եւ Թեհրանի լիարժեք համագործակցությանը խանգարում են իրանական ապրանքների համար Ռուսաստանի սահմանված բարձր մաքսատուրքերը: “Իրանն իր ապրանքն ուղիղ է արտահանում Ռուսաստան եւ ոչ թե այլ երկրներով, որոնք մաքսատուրքի հարցում արտոնություններ ունեն: Ուստի, Իրանի համար այդ մաքսատուրքերը բարձր են: Իրանցի գործարարները հաճախ են դիմում խնդրանքով՝ նպաստելու, որպեսզի Ռուսաստանն իջեցնի մաքսատուրքն՝ օրինակ բերելով Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի, Ադրբեջանի եւ Ղազախստանի հետ”,- ասել է Ռուսաստանում Իրանի դեսպանը:
Ի դեպ, “ՌԻԱ Նովոստի” գործակալության կայքում դիվանագետի հարցազրույցի հրապարակումից հաշված րոպեներ առաջ Երեւանում ասուլիս են անցկացրել Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարները: Մաքսատուրքերի չափին անդրադարձ եղել է նույն համատեքստում, բայց ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի մասով:












