Հայաստանը ՄԻԵԴ է ներկայացրել Հայոց ցեղասպանությունն ապացուցող բավարար հիմնավորումներ
ՄԻԵԴ-ի գերագույն պալատում “Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի” գործով վճռի վերաքննության նիստի նախօրեին “Մարդու իրավունքների եվրոպական դատարանում” Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը Ստրասբուրգում Հայաստանի հյուպատոսարանում ներկայացրեց Հայաստանի կառավարության հիմնական դրդապատճառը՝ թե ինչո՞ւ դիմեց ՄԻԵԴ` որպես երրորդ կողմ հանդես գալու իրավունք ձեռք բերելու համար:
2013 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ը ոչ միայն քննության առավ Հայոց ցեղասպանությանն առնչվող հարցը, այլեւ սկզբունքորեն անընդունելի հայտարարություններ արեց, մասնավորապես՝ բացասական համեմատություն անցկացրեց Հայոց ցեղասպանության եւ հրեական Հոլոքոստի միջեւ:
ՄԻԵԴ-ն իր վճռում նշել էր, որ Հոլոքոստի իրողության համար կան բավարար ապացույցներ, օրինակ՝ գազային խցերի առկայությունը, իսկ Հայոց ցեղասպանությունը որակվել էր որպես պատմական վեճ: Գեւորգ Կոստանյանի խոսքով, նման որակումը սկզբունքորեն անընդունելի էր Հայաստանի համար, եւ հայկակա կողմը չէր կարող այլեւս մնալ դիտորդի դերում: Եվրադատարան արդեն ներկայացվել են բավարար հիմնավորումներ, որոնք ապացուցում են Հայոց ցեղասպանության իրողությունը:
Գևորգ Կոստանայի խոսքով, հայկական կողմն այս առումով բավարար պատրաստված է: ՄԻԵԴ-ի կայացրած վճռի բողոքարկման այս գործընթացը չափազանց կարեւոր նշանակություն ունի, քանզի այն կարող է մեծ ազդեցություն ունենալ Հայոց ցեղասպանության փաստի քրեականացման միջազգային գործընթացի վրա:












