ՆՈՐԻՑ ԿԱՆԳՆԵՑԻՆՔ ԿՈՏՐԱԾ ՏԱՇՏԱԿԻ ԱՌԱՋ
Հունվար 27, 2015թ. 23:55
Օրերս մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի որոշ ուղեգծերում ուղեւորահոսքի նվազման պատճառով ավտոբուսային երթուղիներում ուղեգծերի վերանայման աշխատանքներ են տարվել, այսինքն՝ որոշ երթուղագծերի աշխատանքը դադարեցվել է:
Քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն՝ այլեւս չեն գործի թիվ 11, 15, 31, 51, 40, 30 ավտոբուսային երթուղիները: Հունվարի 26-ից այդ երթուղիներից օգտվող քաղաքացիները ստիպված կլինեն օգտվել տվյալ երթուղուն զուգահեռ գործող այլ համարներից: Երթուղագծերի վերանայման աշխատանքները շարունակվում են։ Հնարավոր է, որ ժամանակին ոլորտի բարեփոխման նպատակով ստեղծված նոր ուղեգծերը վերացվեն, ու մայրաքաղաքի բնակչությունն իր քաղաքային իշխանությունների հետ հայտնվի հին տաշտակի առջեւ:
Քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն՝ այլեւս չեն գործի թիվ 11, 15, 31, 51, 40, 30 ավտոբուսային երթուղիները: Հունվարի 26-ից այդ երթուղիներից օգտվող քաղաքացիները ստիպված կլինեն օգտվել տվյալ երթուղուն զուգահեռ գործող այլ համարներից: Երթուղագծերի վերանայման աշխատանքները շարունակվում են։ Հնարավոր է, որ ժամանակին ոլորտի բարեփոխման նպատակով ստեղծված նոր ուղեգծերը վերացվեն, ու մայրաքաղաքի բնակչությունն իր քաղաքային իշխանությունների հետ հայտնվի հին տաշտակի առջեւ:
Ի՞նչ նպատակ են հետապնդում այս «բարեփոխումները»: Ըստ քաղաքապետարանի պաշտոնական տվյալների՝ կրճատումները միտված են ուղեւորափոխադրման համար սահմանված 100 դրամ սակագինը անփոփոխ պահպանելուն, իսկ այս ճանապարհը ամենաարդյունավետ լուծումն է համարվել:
«Սպառողների խորհրդատվություն կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ ԿԱՐԵՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԸ, սակայն, երթուղագծերի կրճատման հարցում միտում է տեսնում: Ըստ նրա՝ սա հասարակությանը համոզելու միջոց է, թե կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող տնտեսավարողների բողոքներն այն մասին, որ ներկա սակագնով իրենք վնասով են աշխատում, արդարացված են. «Այս քայլով փորձ է արվում հոգեբանորեն ազդել քաղաքացիների վրա, նրանց համոզել, որ այլընտրանք չկա՝ կա՛մ պետք է սակագինը բարձրացվի, կամ էլ ոլորտն աշխատելու է բավական վատորակ՝ կրճատվելու են ուղեգծերը, եղածներն էլ աշխատելու են ծանրաբեռնված ու վատ սպասարկմամբ:
Այսինքն՝ եթե տրանսպորտային ոլորտի բարեփոխման համար ավտոբուսներով էին փոխարինում միկրոավտոբուսները, այժմ ավտոբուսները դուրս են բերվում, եւ մարդիկ նորից ստիպված են լինելու երթեւեկել կռացած ու խցկված: Կարծես մայրաքաղաքի բնակչությանն ընտրության առաջ են կանգնեցնում՝ իհարկե կշեռքի նժարն ուղղելով սակագնի բարձրացման կողմը»:
Ըստ Կարեն Չիլինգարյանի. «Բոլորը խոսում են դրական փոփոխությունների մասին, բայց գործով ապացուցում են, որ իրենք այնքան էլ հակված չեն այդ փոփոխություններն իրականացնելուն: Երբ սակագինն ուզում էին դարձնել 150 դրամ՝ քաղաքային իշխանությունները քաղաքացիներին խոստանում էին, որ իրենց երթեւեկության համար քաղաքակիրթ պայմաններ կապահովեն: Սակագինը չբարձրացվեց, հետեւաբար դրական փոփոխություններին էլ մնացինք սպասող:
Մինչդեռ այդ թայմ-աուտը թե՛ ուղեւորափոխադրումներ իրականացնող տնտեսավարողները եւ թե՛ քաղաքային իշխանությունները պետք է օգտագործեին քաղաքային տրանսպորտի ավելի արդյունավետ, վերահսկելի կառավարման մեթոդներ մշակելու եւ ներդնելու համար: Բայց ոչինչ չարվեց, կամ դրական ոչինչ չարվեց այնքան ժամանակ, մինչեւ այսօր հայտնվեցինք նախկին վիճակին վերադառնալու խնդրի առաջ»։
Կարեն Չիլինգարյանը իրատեսական չի համարում բարեկիրթ ուղեւորափոխադրման իրականացումը, քանի դեռ ոլորտն այստեղ դիտվում է բիզնեսի տեսանկյունից. «Այստեղ ոլորտին առեւտրային մոտեցում է ցուցաբերվում, այն դիտվում է ոչ թե որպես քաղաքացիներին սպասարկելու, այլ ոմանց համար բիզնես ապահովելու միջոց»:
Փոխադրողների միության նախագահ ՀՐԱՆՏ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ պարզաբանմամբ՝ ուղեգծերի կրճատումները պայմանավորված են նրանով, որ դրանցով փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում ուղեւորների անհրաժեշտ քանակ չի ապահովվում: Երկրորդ պատճառն էլ այն է, որ վարորդները հրաժարվում են քիչ ուղեւորահոսք ունեցող տրանսպորտային միջոցներ վարել, քանի որ դրանով պայմանավորված՝ իրենց աշխատավարձի չափը չնչին է:
Միության նախագահը հուսադրում է, որ կրճատումներն ամենեւին էլ սակագինը բարձրացնելու միտում չունեն, այլ ընդամենը հնարավորինս կրճատում են տնտեսավարողների կատարած չարդարացված ծախսերը: Բայց իհարկե չի բացառվում, որ առաջիկայում սակագների վերանայման խնդիրը կրկին արդիական դառնա:
Սակագնային փոփոխություններ ասելով՝ Հրանտ Եղիազարյանը հատուկ շեշտեց, որ դա չի վերաբերում իրական սակագնի բարձրացմանը. «Երբ խոսում ենք սակագնի բարձրացման մասին, ամենեւին նկատի չունենք, որ դա պետք է կատարվի ուղեւորի հաշվին: Բնավ: Մենք կողմ ենք, որ ուղեւորների համար, սակագինը պահպանվի 100 դրամ, իսկ այն գումարային տարբերությունը, որն անհրաժեշտ է ուղեւորափոխադրումը բնականոն կազմակերպելու համար՝ որպես լրավճար՝ դոտացիա, տա պետությունը: Այլապես մենք մտավախություն ունենք, որ մայրաքաղաքը կմնա առանց տրանսպորտի»:
Մեր այն հարցին, թե ուղեւորափոխադրող կազմակերպությունների հաշվարկներով որքան է կազմում պայմանական սակագնի արժեքը՝ Հրանտ Եղիազարյանը պատասխանեց. «Ես կներկայացնեմ իսպանացի փորձագետների հրապարակած թվերը: Նրանց հաշվարկներով՝ գազով աշխատող միկրոավտոբուսի, ավտոբուսի եւ դիզվառելիքով աշխատող ավտոբուսի համար համապատասխանաբար անհրաժեշտ է սահմանել 157, 202 եւ 252 դրամ սակագին: Մեր հաշվարկներով՝ ավելի մեծ գումար է անհրաժեշտ, որը մենք ներկայացրել են քաղաքապետարանին»:
Փաստորեն քաղաքապետարանը հայտնվել է երկու քարի արանքում. եթե որոշվի ուղեվարձը բարձրացնել՝ հասարակական ընդվզումը երկար սպասել չի տա, իսկ եթե չբավարարի տնտեսավարողների պահանջները՝ քաղաքային տրանսպորտը կաթվածահար կլինի:
ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ












