Փերինչեքն ավարտել է ելույթը ՄԻԵԴ-ում
Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այսօր մեկնարկել է Դողու Փերինչեք-Շվեյցարիա դատավարությունը, որի հիմքում Հայոց ցեղասպանությունն է և որին որպես կողմ մասնակցում են նաև Հայաստանն ու Թուրքիան:
Թուրքական OdaTV-ին տեղեկացնում է, որ թուրք գործիչ Դողու Փերինչեքն արդեն ելույթ է ունեցել և իր խոսքում նշել է, որ հավաքվել են Եվրոպայում՝ մարդու իրավունքների պաշտպանության համար:
Նա հիշեցրել է 2013թ.-ի դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ի կայացրած որոշումը (2013 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ը բավարարել էր Փերինչեքի հայցը) ու մատնանշել է Եվրոպայում հիմնարար ազատությունների մասին:
Փերինչեքը հայտարարել է, թե 1915-ի հարցը վիճելի է և իր ելույթում մեջբերել է Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի և հայ մտավորական Սևան Նիշանյանի խոսքերը, որոնք նշել են, թե «հայ և թուրք շրջանակները միմյանց հանդեպ դաժանություններ են իրականացրել»:
«1915-ի դեպքերը «ցեղասպանության» հասկացության մեջ չեն տեղավորվում, դա են ապացուցում գիտական փաստարկներն ու դատարանին ներկայացված 90 կգ կշռող փաստաթղթերը»,- ասել է նա:
Նա պնդել է, որ ինքը, որպես հարցի ուսումնասիրմամբ զբաղված գիտնական, իր ուսումնասիրությունների ընթացքում եզրահանգել է, որ Օսմանյան պետությունը հայ քաղաքացիներին ոչնչացնելու նպատակ չի հետապնդել, և դա եղել է Առաջին համաշխարհային պատերազմով պայմանավորված հարկադիր տեղահանություն:
«Մեր հայ հայրենակիցների ցավը միշտ կիսել եմ: Հայերի հանդեպ ատելություն պարունակող իմ մեկ խոսքն անգամ չեք կարող գտնել: Մենք մեր մշակույթի մեջ և կյանքում միշտ կարևորել ենք հայերին: Միշտ էլ տեղի ունեցողների համար ոչ թե նրանց, այլ մեծ պետություններին ենք մեղավոր համարել: Այդ կերպ պաշտպանել ենք մեր հայ հայրենակիցներին»,-հայտարարել է Փերինչեքը:
Նա պնդել է, թե Եվրոպայում Հայոց ցեղասպանության «տաբուների» պատճառով թուրքերը մշտապես ստորացվել են, և խաղաղության ու եղբայրության կոչ է արել:
Ավելի վաղ դատարանի մոտ հավաքվել են բազմաթիվ հայեր և թուրքեր՝ բավական լարված իրավիճակ ստեղծելով:
Հիշեցնենք, որ 2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության ենթարկելով Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Վուդի կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը:
2013 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ը բավարարել էր Փերինչեքի հայցը:
Շվեյցարիայի կառավարությունը մարտի 17-ին հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը Գերագույն պալատ փոխանցելու խնդրանքով:
Հայաստանը գործում ներգրավված է որպես երրորդ կողմ: Մեր երկիրը ՄԻԵԴ-ում կներկայացնի միջազգային կարգի իրավապաշտպան Ամալ Ալամուդինը, ով հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունիի հետ ամուսնանալուց հետո վերցրել է նրա ազգանունը։












