ՄԻԵԴ-ի վճռին սպասելիս. Ո՞վ է Դողու Փերինչեքը, գիտնակա՞ն, թե՞ ծախու գործիք
Հունվարի 28-ին Երևանի ժամանակով 12:15-ին Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մեկնարկեց միջազգային մեծ հնչեղություն ստացած՝ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավարությունը: Մինչ դատավարության մեկնարկը չափազանց լարված իրավիճակ էր ստեղծվել դատարանի շենքի դիմաց, ուր հավաքված հայերն ու թուրքերը տասնյակ ոստիկանների վերհսկիչ աչքի տակ ցույց էին անցկացնում: Հայկական կողմի աջակիցները պարզել էին պաստառներ՝ <Ժամանակն է>, <Այլևս ո՛չ մի 1915> գրառումներով: Հայտնի է, որ դատավարությանը որպես կողմ մասնակցում էր Հայաստանն ու Թուրքիան, մինչդեռ վերջին պահին անսպասելիորեն կողմերի թիվն ավելացավ ևս մեկով՝ ներգրավվեց նաև Ֆրանսիան: Թե այս փոփոխությունը ի՞նչ ազդեցություն կունենա իրավական գործընթացների արդար ընթացքի վրա ցույց կտա ժամանակը:
ՄԻԵԴ-ի կանխակալությունը
Հիշեցնենք, որ 2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտեց թուրք ազգայնական Դողու Փերինչեքին Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար, նրան ենթարկելով ինչպես վարչական, այնպես էլ քրեական պատասխանատվության:
Փերինչեքի հաջորդ քայլը եղավ ՄԻԵԴ դիմելը, Հայաստանը չէր մասնակցում գործի առաջին փուլին: Եվ ահա, 2013-ի դեկտեմբերի 17-ին ՄԻԴԸ բավարարեց Փերինչեքի հայցը՝ կայացնելով մի արտասովոր դատավճիռ, թե շվեյցարական դատարանները խախտել են բողոքարկողի՝ Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը: Թե՛ հայ, թե՛ օտարազգի բազմաթիվ պատմաբաններ, իրավաբաններ հակադարձելով Եվրոպական դատարանի 80 էջանոց որոշմանը հայտարարում էին՝ խոսքի ազատությունը բացարձակ իրավունք չէ եվրոպական իրավագիտության մեջ, նաև հիշեցնում, որ եվրոպական շատ երկրներ սահմանափակումներ են կիրարկել խոսքի ազատության վերաբերյալ՝ ներառյալ ազատազրկում, Հոլոքոստի ժխտման պարագայում: Ստացվում է, որ Եվրոպական դատարանը Հոլոքոստի ժխտումը համարում է քրեորեն պատժելի արարք, իսկ Հայոց ցեղասպանության ժխտումը հանդուրժո՞ւմ: Ի՞նչ է սա, եթե ոչ երկակի ստանդարտների բանեցում: Փաստորեն, արդարացնելով Փերինչեքին ՄԻԵԴ-ը ապացուցեց, որ ընտրողաբար է վերաբերվում մարդու արտահայտվելու իրավունքին:
Հայությանը մնում էր պայքարել ու հաղթահարել Թուրքիայի հակընդդեմ գործողությունները և ՄԻԵԴ-ի կասկածելի վճիռը: Նախ, Շվեյցարիա հասավ մեր կաթողիկոսների դիմումը, ակտիվացան հայկական համայնքները: Հայկական կողմի հիմնական փաստարկը հետևյալն է. անկախ այն բանից, սա խոսքի ազատության հարց է, թե ոչ, ՄԻԵԴ-ի որոշման մեջ կա ցեղասպանության փաստը խնդրո առարկա դարձնող հաստատումներ: Հետևաբար, Շվեյցարիան պետք է բողոքարկի ՄԻԵԴ-ի կայացրած վճիռը: Աշխարհասփյուռ հայության ու Հայաստանի Հանրապետության լուրջ ջանքերի արդյունքում Շվեյցարիայի կառավարությունը գնաց այդ քայլին:
Ո՞վ է Դողու Փերինչեքը, գիտնակա՞ն, թե՞ ծախու գործիք
<Փերինչեքին դժվար է գիտնական համարելը: Նա ընդամենը թուրք իշխանությունների կողմից բազմիցս օգտագործված ու մաշված գործիք է, ծախված քաղաքական գործիչ, բայց ոչ գիտնական: Նա երբեմն օգտագործվել է քրդական հարցում, երբեմն Թուրքիայում ուժգնացող ձախակողմյան շարժման ժամանակ, բայց միշտ հայտնի է եղել որպես թուրք իշխանությունների գործիք>:
Թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ շարունակելով իր տեղեկատվությունը, հավելեց, թե նրան գիտնական չհամարելու մեկ այլ փաստարկ ևս ունի. Փերինչեքի խոսքերում ակնհայտ են հակասությունները, իսկ դա նշանակում է՝ որպես գիտնական նա այլևս ուշադրության արժանի չէ և չի էլ կարող համարվել այդպիսին: Մելքոնյանը ջրի երես հանեց նրա կենսագրության, մեզանում դեռ անհայտ, մի փաստ: Պարզվում է, 1970-ականներին Փերինչեքը մի դատական գործի շրջանակներում ելույթ ունենալով դատարանում բառացիորեն ասում է հետևյալը. <Աբդուլ Համիդը Թուրքիայի արևելյան շրջանները ողողեց ու ներկեց անմեղ հայ քաղաքացիրների արյունով>:
Այս խոսքերը տեղ են գտել՝ <Մեր ինքնապաշտպանությունը թուրքական սոցիալական կուսակցության դատական գործի ժամանակ> գրքում, թուրքագետը անգամ գրքի էջն է հուշում՝ 154-րդ, ու հավելում. <Ինչպե՞ս կարելի է նրան լուրջ մարդ, առավել ևս լուրջ գիտնական համարել, երբ մեկ նման միտք է ասում, մյուս անգամ պնդում ճիշտ հակառակը>:
Հայտնի է նաև, որ Փերինչեքը ներգրավված է եղել նաև<Էրգենեքոնի> գործում, որը ծրագրում էր Թուրքիայում տապալել «Արդարություն և զարգացում կուսակցության» իշխանությունը: 2014-ին Ստամբուլի քրեական դատարանը նրան որպես «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության առաջատար անդամի դատապարտում է 117 տարվա ազատազրկման։
Սակայն այսօր ահաբեկչական կազմակերպության անդամը դարձել է թուրքական իշխանությունների կողմից հավանավորվող անձը՝ վայելելով նրանց բացահայտ աջակցությունը: Ի՞նչն է նման վերբերմունքի պատճառը: Թուրքիայի ԱԳ նախարարը օրերս հայտարարեց, թե Հայոց ցեղասպանությունը միջազգային սուտ որակող գործիչը անպայման ներկա կգտնվի ստրասբուրգյան նիստին: Այսինքն՝ Փերինչեքի 117 տարվա դատապարտումը չեղյալ է հայտարարվել, իսկ նրա առաջ կարմիր լույս է վառվել որպես Հայոց ցեղասպանության կեղծարարի:
<Փերինչեքը դուրս է եկել բանտից ու գործուղվել Ստրասբուրգ՝ թուրքական պաշտոնական մաշված թեզերը այնտեղ բարձրաձայնելու համար>: Թուրքագետ Մելքոնյանը, ով ուշիուշով հետևել է ՄԻԵԴ դատավարությանը, համոզվել է՝ Փերինչեքի թիկունքին բացահատորեն կանգնած է թուրքական պետությունը՝ իշխանությունն ու ընդդիմությունը.<Դատարանի դահլիճում էին Եվրամիության հարցերով նախարարը, եկել էր Բաղեշը, թուրքական հիմնական ընդդիմադիր կուսակցության նախկին լիդեր Դենիզ Բայքալը, բազմաթիվ քաղաքական գործիչներ>: Փաստորեն, 117 տարվա դատապարտված հանցագործը այլևս հերոսացվում է: Իսկական թյուրքական ձեռագիր:
Թուրք ազգայնականի ծաղրը ուղղված Եվրոպային
Դատարանի որոշմամբ առաջին ելույթի իրավունքը վերապահված էր Փերինչեքին ու նրա պաշտպան Մեհմեդ Չենգիզին: Վերջինս իր ելույթը սկսեց այսպիսի նախադասությամբ՝ <Հայոց ցեղասպանությունը սուտ է>: Իսկ վայրկյաններ անց թուրքական լրատվամիջոցները հեղեղվեցին ազգային հերոսի կեցվածք ընդունած թուրք ազգայնական Փերենչեքի <ժողովրդահաճ> ելույթով, ուր վերջինս ցինիկաբար ժխտելով Հայոց ցեղասպանությունը հանդես եկավ մարդու իրավունքների պաշտպանի դիրքերից՝ <հավաքվել են Եվրոպայում՝ մարդու իրավունքների պաշտպանության համար>:
Այն, որ թուրքական մեքենան, կիրառելու էր նոր ու առավել խորամանկ հնարքներ՝ անկնկալ չէ: Ավելին, Փերինչեքի ելույթը հիշեցրեց թուրքական խորամանկ քաղաքականության վաղեմի ձեռագիրը: ժամանակին երիտթուրքերը նույն՝ եվրոպական մեծ իդեալների մասին լոզունգներով՝ եղբայրության, արդարության, հավասարության կոչերով իրականացրին աշխարհի առաջին ցեղասպանությունը ու հայրենազրկեցին մի ողջ ժողովրդի:
Պատմությունը կրկնվում է, այսօր էլ Փերինչեքն է խաղարկում նույնը ու իրեն Ջորդանո Բրունոյի տեղ դրած հայտարարում՝ «այսօր կանգնել եմ դատարանի առջեւ հանուն եվրոպացիների ազատության»։ Թուրք ազգայնականի սրտխառնուք առաջացնող այս պահվածքը առաջին հերթին ծաղր է ուղղված Եվրոպային: Ցեղասպան պետության ժառանգորդը մարդու իրավունքների պաշտպանի դիմակ հագած, Եվրոպայի սրտում շարունակում իր ցեղասպան պապերի գործը՝ ժխտելով նրանց իրականացած ոճիրը:
Փերինչեքի ցինիզմը հասավ իր գագաթնակետին, երբ կեղծելով պատմությունը հայտարարեց՝ <Թալեաթը հայի թշնամին չէ, նա հայի բարեկամն է»: Դատարանի նախագահը ընդհատեց Փերինչեքին` թույլ չտալով դատարանը օգտագործել քարոզչական թեզերի տարածման համար։
Թուրք ազգայնականի ցինիզնը թուրքագետ Մելքոնյանը այս կերպ մեկնաբանեց. <Հայտնի է, որ Թալիաթը հայ հեղափոխականների հետ հարաբեություններ է ունեցել, գաղտնիք չեն նաև նրա ու Գրիգոր Զոհրապի մտերմիկ հարաբերությունները, բայց դա թույլ չի տալիս պնդելու, որ Թալիաթը հայերի բարեկամն է: Ճիշտ հակառակն է սա հաստատում, որ թուրքական բարձրագույն իշխանությունները հենց նույն Թալիաթի օրինակով վարել են երկակի քաղաքականություն, մինչև իշխանության գալը համագործակցել են հայ գործիչների հետ, սակայն գալով իշխանության կոտորել են նրանց>:
Զոհրաբի սերունդը, որ եվրոպական իդեալներով ոգևորված մեծ հույսեր էր կապում բարեփոխվող Թուրքիայի հետ, 1915-ի ապրիլի 24-ին դարձավ թուրքի հանդեպ ունեցած այդ հավատի ու եվրոպական մեծ իդեալների առաջին զոհը:
Առհասարակ, Փերինչեքի ստրասբուրգյան ելույթը շերտ առ շերտ բացահայտում է թուրքական քաղաքականության երկերսանի, խորամանկ ու կեղծարար դեմքը: Հայտարարելով, թե 1915-ի հարցը վիճելի է, թուրքական <մաշված գործիչը> իր խոսքը հասատելու համար ցիտում է Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին հետևյալ խոսքը՝ «հայ և թուրք շրջանակները միմյանց հանդեպ դաժանություններ են իրականացրել»:
Նկատենք, որ սա հստակ ապացույց է այն բանի, թե ինչո՞ւ են թուրքական իշխանությունները այդչափ շահագրգռված իրենց շրջապատել հայկական ծագում ունեցող, սակայն թուրքական պատվեր կատարող անձանցով: Սա նաև, ինչպես տեղին նկատեց Ռուբեն Մելքոնյանը, մեր ողբերգությունն է, որ մեզանում կան նման անձինք, ովքեր պատրաստ են դառնալ թուրքական քաղաքական մեքենայի սպասարկուներ: <Իզուր չէ, որ Աթեշճյանին տրվեց պատրիաքարանի փոխանորդի աթոռը, նա արդեն մի քանի նման թուրքամետ հայտարարություններ է արել: Իզուր չէ, որ Փերինչեքը դատարանում առաջինը ցիտեց հենց նրան, շեշտելով, որ նա Առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռներից մեկի գահակալն է>:
Հայկական կողմի փաստարկները ի հակադարձում թուրքական կեղծիքին
Հայկական կողմի դիրքորոշումը լիազորված էր ներկայացնել ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը: Մինչ դատական նիստը Կոստանյանը հայտարարել էր՝ Ստրասբուրգ են եկել ծանրակշիռ փաստերով: Դատարանի ուշադրությունը հրավիրելով պատմական անհերքելի փաստերին նա ասել է՝ դրանք վկայում են, որ Օսմանյան կայսրությունն իր գոյության վերջին տարիներին «պլանավորել և ցինիկ կերպով իրագործել է» հայերի ցեղասպանությունը:
<Հայ ժողովուրդը չէր էլ սպասում, որ հարյուրամյակի նախաշեմին կհայտնվի այս դատարանում՝ փորձելով պաշտպանել սեփական պատմությունը կույր ժխտողականությունից, չէր սպասում, որ այս դատարանը երբևէ հնարավորություն կընձեռի ժխտողականներին ապահով հանգրվան ունենալ իրենց հայտարարությունների համար, որոնք արդեն այսօր օգտագործվում են պատմությունը խեղաթյուրելու քարոզչական նպատակներով:>:
Խոսքը փոխանցվել է նաև Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբաններ Ջեֆրի Ռոբերթսոնին և Ամալ Քլունիին։ Ջեֆրի Ռոբերթսոնը դատավորների ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ 2005-ին Փերինչեքը այցելել էր Շվեյցարիա` հատուկ նպատակ ունենալով այնտեղ խախտել շվեյցարական օրենքները Հայոց ցեղասպանության վերաբերյալ ժխտողական հայտարարություններ անելու միջոցով։ «Նա գնացել էր Շվեյցարիա հենց դատապարտվելու նպատակով», – ասել է Ռոբերթսոնը` հավելելով, որ Գերմանիան և այլ երկրներ թույլ չէին տվել նրան և իր համակիրներին այդ շոուն իրականացնել իրենց մոտ։ Ռոբերթսոնը կոչ է արել ՄԻԵԴ-ի Մեծ պալատին ուղղել ստորին դատարանի թույլ տված սխալները:
Փաստաբան Ամալ Քլունին ևս դատարանին ներկայացրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ պատմական անհերքելի փաստեր, ընդգծելով՝ «մասսայական սպանությունների վերաբերյալ փաստերը ակնհայտորեն հաստատում են, որ 1915թ տեղի ունեցածը ցեղասպանություն էր և կազմակերպիչները ցեղասպանություն իրականացնելու հատուկ նպատակ էին հետապնդում»։
Այսպիսով, ավարտվեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի քննությունը ՄԻԵԴ Մեծ պալատում, վճիռը, ինչպես եզրափակիչ խոսքում նշել է նախագահողը, կարելի է ակնկալել միայն 6-8 ամիս անց։ Իսկ մինչ այդ հայության շրջանում չեն դադարում մտահոգությունները, քանզի ՄԻԵԴ-ը հաճախ է ապացուցել, որ առաջնորդվելով երկակի ստանդարտներով շատ հաճախ կայացնում է ոչ թե իրավական, այլ զուտ քաղաքական վճիռներ: Սա նաև թույլ է տալիս Ռուբեն Մելքոնյանին ասելու՝ ՄԻԵԴ-ը իր բնույթով լինելով հակառուսական դատարան նաև կարող է իր հակառուսականությունը տարածել ԵԱՏՄ-ին անդամակցման Հայաստանի վրա ու այս գոչծում հանդես գալ հակահայկականության դիրքերից:
Սպասենք վճռի հրապարակմանը:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












