Գլխավոր » Culture-Hogevor, Թուրքիա, Լրահոս, Մշակույթ, Ցեղասպանություն

Ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի, իսկ նա երազում է Սթիվեն Սփիլբերգի ու այլոց շարքին դասվել

Հունվար 28, 2015թ. 23:43

Օրերս ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը նեղ հանդիսատեսի դատին հանձնեց իր իսկ հեղինակած սցենարով ու ֆինանսական միջոցներով նկարահանած ՙՀիշողություն՚ աշխատանքային վերնագրով ֆիլմը՝ փակ դիտումների ձևաչափով: Լայն հանրությանն այն հասանելի կլինի միայն փետրվարի 10-ից սկսած, երբ կցուցադրվի մեծ էկրաններին:

ՙՀիշողությունը՚ գործարարը նկարահանել է Հայոց Ցեղասապանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ և շտապում է այն ցուցադրել համայն աշխարհին. խոստացել է ամեն ինչ անել, որ ապրիլի 24-ին աշխարհի 1915 կինոթատրոններում ֆիլմը լինի մեծ էկրաններին: Արդեն անոնսում ասվում է, որ մարտի 20-ից նախատեսվում է կազմակերպել նոր ֆիլմի համաշխարհային ցուցադրությունները: Կիրագործի՞ արդյոք նորաթուխ կինոարվեստասերը իր նպատակը՝ հարցական է, քանի որ փակ դիտումներից հետո լրատվամիջոցներում ֆիլմի մասին քննադատական գնահատականներ հայտնվեցին, սոցիալական ցանցերը նույնպես ողողվեցին բացասական կարծիքներով: Քննադատություններում անթաքույց ծաղր է սկսնակ պրոդյուսերի ու սցենարիստի հասցեին, ով այժմ էլ փորձում է ինքնահաստատվել ֆիլմարտադրության ոլորտում այն էլ բավական համարձակ քայլով՝ ֆիլմ նկարելով հայերիս համար շատ կարևոր և բավական պատասխանատու՝ ցեղասպանության մասին թեմայով:

Ինքս որոշակի տեսահատվածներ եմ դիտել այդ ֆիլմից և չեմ կարող չհամաձայնել քննադատների այն կարծիքին, որ պարզամիտ սցենարով ու ոչ պրոֆեսիոնալ բեմադրությամբ է ներկայացված, գաղափարական առումով կաղում է, ասելիքն էլ ոչ մի կերպ չի հասնում կինոդիտողին, եթե այդպիսին կա: Իսկ ֆիլմում առկա նատուրալիստական կադրերը, որոնցում կնոջ կուրծք են կտրում ու նետում շներին, կամ՝ կանանց կրծքերը կտրում են, որպեսզի ճարպն օգտագործեն ճրագները վառելու համար,ոչ թե սարսափազդու են, այլ ծիծաղելի լինելու չափ անհամոզիչ, արհեստական:

Իզուր չէ, որ ֆիլմը դիտած օգտատերերը ֆիլմն արտերկրում ցուցադրելը ամոթալի են համարում, որը ոչ թե օտար հանդիսատեսին հնարավորություն կտա պատկերացում կազմել հայերի հանդեպ կատարած մեծածավալ ոճրագործության, մեր ցավի ու պահանջատիրության մասին, գութ ու արդարության պահաջ կառաջացնի նրանց հոգիներում, այլ կխայտառակի մեր պատմությունն ու դարավոր ավանդույթներ ունեցող կինոարվեստը:

Թերևս միակ բանը, որ ֆիլմին քիչ թե շատ արժեք է տալիս՝ դերասանական աստղաբույլն է՝ Լուիզա Ղամբարյան, Արա Դեղտրիկյան, Արտաշես Ալեքսանյան, Գուժ Մանուկյան, Հովակ Գալոյան, Սոֆիկ Սարգսյան և ուրիշներ: Դերասանները ֆիլմում իրենց ներգրավվածությունը բացատրում են նրանով, որ ցեղասպանության թեմայի կինոմեկնաբանմամբ են փորձել հայերիս համար կարևորագույն հարցի լուծման գործում որոշակի ներդրում ունենալ: Իսկ ֆիլմի համար երաժշտություն ստեղծած Արա Գևորգյանն անգամ հրաժարվել է իր ներդրումի դիմաց առաջարկվող գումարային վարձատրությունից:

Հակոբ Հակոբյանի՝ նոր ոլորտներում իր ուժերն ու հնարավորությունները փորձելու քաջությունն իհարկե ողջունելի է, ողջունելի է նաև ցեղասպանության 100-ամյակին ներդրում ունենալու նրա խանդավառությունը, սակայն դա պետք չէ անել ամբողջ հայ ժողովրդի պատվի հաշվին և աշխարհով մեկ վտանգել մեր հեղինակությունը, գուցե նաև վնասել ցեղասպանության ճանաչման գործընթացին:

Նախկին պատգամավորն ավելի խելամիտ և դեռ շնորհակալ քայլ արած կլիներ, եթե ֆիլմի նկարահանման համար ծախսած գումարները տրամադրեր ոլորտի պրոֆեսիոնալներին իրոք լուրջ ու ազդեցիկ ֆիլմ նկարելու համար ու իր ներուժն էլ օգտագործեր այդ ֆիլմն աշխարհով մեկ հյուրախաղերի ուղարկելու համար: Այդ ժամանակ նրան ոչ թե կքննադատեինք ու կքամահրեինք, այլ երախտապարտ կլինեինք մշակույթի մեկենաս դառնալու համար:

Այլապես ստացվում է, որ քաղաքական դաշտից արվեստի ոլորտ մուտք գործած ու սկսնակ սցենարիստը ոչ այնքան սրտացավ է ցեղասպանութան մասին աշխարհին մեսիջներ ուղարկելով ու նպաստելով ցեղասպանության ճանաչմանն ու ընդունմանը, որքան իր սեփական փիարն անելով՝ թերևս հավակնելով դասվել Սթիվեն Սփիլբերգի ու այլոց շարքին: Իսկ 100-ամյակը դրա համար որպես լավագույն առիթ է օգտագործում:

Ի դեպ թերթերից մեկում տված իր հարցազրույցում Հակոբ Հակոբյանը տեղեկացրել է, որ եթե ավելի շատ համարձակություն ունենար, ապա ինքը ևս կնկարահանվեր իր ֆիլմում, մանավանդ, որ համոզված է, որ յուրաքանչյուր հայ, անկախ դերասան լինել-չլինելուց, ՙպատրաստի դերասան է ցեղասպանության մասին ֆիլմում խաղալու համար՚: Ասել է թե՝ Հակոբ Հակոբյանը նարցիսիզմով է վարակվել ու ՙՀիշողությունն՚ էլ յուրօրինակ տուրք է դրան:
ՙՀիշողության՚ փակ ցուցադրություններին մասնակցած պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նույնպես հիացած չէ ֆիլմով:

Ըստ նրա՝ դրանում պատմական փաստերի աղավաղումներ կան, որոնք անթույլատրելի են: Թեև նախկին ՀՀԿ-ական պատգամավորը պատճառաբանում է, որ ֆիլմը գեղարվեստական է, որտեղ կարող են իրականությունից շեղումներ լինել, սակայն ցեղասպանության թեման այդ առումով պետք է անձեռնմխելի լինի, մանավանդ որ նման ֆիլմերը հատուկ ուղղորդված նպատակ ունեն, դրանք ավելի շատ ՙփաստաթուղթ՚ են, ոչ թե զուտ գեղարվեստական արժեք:

ՙՖիլմի մեծ մասը նվիրված է տարագրությանը, քարավանների ընթացքին, ինչը ճնշող ազդեցություն է թողնում կինոդիտողի վրա և կարող է ձանձրացնել ու վանել մանավանդ օտար հանդիսականին ու այդպես էլ ասելիքը տեղ չհասցնել: Կարող էր մի քանի դրվագ լինել, ցցուն տեսարաններ և դրանով պետք էր սահմանափակվել ու ավելի մեծ տեղ տալ կարևորին՝ նրան, ինչ ուզում ենք աշխարհին ասել: Նման ֆիլմեր նկարահանելիս լավ կլինի պատմաբանների ու մասնագետների հետ խորհրդակցել ու շատ զգուշավոր լինել՚,- ասում է պատմության ինստիտուտի տնօրենը:

Նա նաև կարևորում է, որ մեր օրերում ցեղասպանության մասին նկարահանվող ֆիլմերում հարկավոր է հայի ոգին ցուցադրել, դիմացինին ներկայացնել, որ մենք միայն գլխիկոր կոտորվող ժողովուրդ չենք, այլ նաև մեր հայրենիքն ու տեսակը պաշտպանող ենք, ինչի համար էլ բազմաթիվ ինքնապաշտպանական մարտեր ենք մղել կոտորածի ժամանակ: Սա պետք է լինի մեր ռազմավարությունը, լացուկոծի, զգացմունքայնության ժամանակներն անցել են: Մանավանդ, որ այսօր մենք այդ ուղղությամբ բոլորովին այլ ռազմավարություն ենք մշակել՝ իրավական հարթությունում պահանջատիրության, ուստի օժանդակ բոլոր միջոցները՝ ֆիլմեր, գրքեր, պետք է այդ գաղափարախոսությամբ ստեղծենք:

Կինոգետ ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆՆ էլ հավաստիացնում է, որ ՙՀիշողությունը՚ հեռու է գեղարվեստական արժեք լինելուց: Թեև չի շտապում հանրային ցուցադրութունից առաջ դրա մասին կարծիք հայտնել՝ զգուշանալով հանդիսատեսի գնահատականի վրա նախապես ազդելուց, ինչն ըստ նրա անազնիվ է: Կինոգետը խորհուրդ է տալիս սպասել հանրության գնահատականին, որից հետո եզրակացություններ անել, բայցև չի թաքցնում, որ կարելի է կանխատեսումներ այդ գնահատականի բացասական լինելու մասին:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն ԳԵՎՈՐԳ ԳԵՎՐՈԳՅԱՆԸ ֆիլմը չի տեսել, բայց արդեն հասցրել է դրա մասին քննադատական ու բացասական կարծիքներ լսել. ՙԱմեն մարդ պետք է անի այն, ինչ կարող է, ինչի մասնագետն է: Առավել ևս, եթե նրա արածը պետության, ազգի շահերին է վերաբերում: Կարծում եմ, որ այդպիսի որևէ նախաձեռնություն կյանքի կոչելու համար հեղինակը պետք է արտոնություն ստանա: Այլապես իր ստեղծագործության մեջ կարող է փաստերն ու եղելություններն այնպես աղավաղել, որ այն օգուտի փոխարեն վնաս բերի:

Հայոց Ցեղասպանությունը համաշխարհային հնչեղություն ունեցող թեմա է և դրան առնչվող ցանկացած ստեղծագործություն՝ ֆիլմ, գիրք, ներկայացում պետք է լուրջ մասնագիտական քննության ենթարկվի ու նոր միայն թույլ տրվի այն կյանքի կոչել: Հայասանում, ցավոք, դեռ չի գործում ֆիլմ նկարելու և ցուցադրելու համար արտոնագիր ստանալու մեխանիզմը: Մինչդեռ Արևմուտքում որևէ ֆիլմ մինչև արտոնագիր չստանա, իրավունք չկա այն որևէ կինդահլիճում կամ հեռուստաալիքով ցուցադրել: Մեզ մոտ սահմանված չէ, թե հեռուստատեսությունները կամ կինոթատրոններն ինչպիսի ֆիլմեր իրավունք ունեն ցուցադրելու և որոնք են արգելվում հանրայնացնելու համար: Ահա ինչու այստեղ ով ինչով ուզում է՝ զբաղվում է, ու կինոարվեստից չափազանց հեռու մարդիկ կարող են իրավունք վերապահել և իրենց ՙստեղծագործություններով՚ հանրությանը ճաշակ թելադրեն՚:

Մեր այնհարցին՝ եթե Հայաստանում ցուցադրվելուց հետո պարզ դառնա, որ Հակոբ Հակոբյանի արարչագործությունը միջազգային հանրությանը ցուցադրելու համար նախատեսված չէ և ավելի շատ կարող է վնասել հայերիս,կինոգործիչները կխոչընդոտե՞ն դրա արտասահմանյան հյուրախաղերին, կինոկենտրոնի տնօրենը պատասխանեց. ՙԱյդ դեպքում բնականաբար պետք է արգելվի ֆիլմի ցուցադրությունը՝ հայաստանում և արտերկրում: Ճիշտ է՝ դրա համար օրինական լծակներ չկան, բայց այս պարագայում պետք է ամեն ներքին միջոց օգտագործել ֆիլմի միջազգային ցուցադրությունը կանխելու համար՚:

Դերասան ԱՐԱ ԴԵՂՏՐԻԿՅԱՆԸ, ով ֆիլմում թուրքի կերպար է մարմնավորել, մեզ հետ զրույցում ասաց, որ նկարահանումներին համաձայնել է մասնակցել միայն սցենարը կարդալուց հետո: Սցենարը նրան քիչ թե շատ դուր է եկել, բայց թե վերջնարդյունքում ինչ է ստացվել, կարելի է պատկերացում կազմել միայն մոնտաժից հետո: Քանի որ դերասանը վերջնական տարբերակը չի տեսել, ուստի չի շտապում մեկնաբանություններ անել: Բայց նա չի թաքցնում, որ կարելի էր շատ ավելի մասնագիտորեն մոտենալ նախագծին ու դրանում ներգրավել նկարիչների, խորհրդատուների:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ


Դիտել Culture-Hogevor, Թուրքիա, Լրահոս, Մշակույթ, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն