Գլխավոր » Politics, Լրահոս, Քաղաքականություն

Մեկը փորձեց ջուր պղտորել՝ հավանաբար չճանաչելով Դաշնակցությանը

Հունվար 29, 2015թ. 22:09

Այն, որ տարբեր ուժեր տարբեր ժամանակներում փորձել են ներսից ու դրսից պառակտել, կազմալուծել Դաշնակցությանը՝ ամենևին նորություն չէ: Ավելին, Հայաստան երկրի քաղաքական կյանքում այս ազգային կուսակցության ամուր, ուժեղ ներկայությունը ոչ միայն նեղում է տեղական որոշ ուժերի, այլեւ անցանկալի է արտաքին ուժային կենտրոնների համար: Դաշնակցականներն այս ամենը լավ են հասկանում ու հաճախ նաև ժպիտով արձագանքում՝ մենք գիտենք, որ մեր խաչը ծանր է, բայց նաև գիտենք, որ ՀՅԴ-ն կայուն է, ժամանակներն են դա ապացուցել:

Հակադաշնակցական քարոզչական շարժիչը վերջերս դարձյալ միացվեց: Դրանց ժամանակագրությանը հետևելիս համոզվում ես՝ հակադաշնակցական բումը բարձրանում է հիմնականում կուսակցության ժողովների անցկացման շրջանում: Իրենք՝ դաշնակցականները չեն հիշում գեթ մեկ ժողով, որի նախօրեին չբարձրանա հերթական մաղձի ալիքը: Այնպես որ, այդ առումով, ՀՅԴ ընդհանուր 32-րդ ժողովը բացառիկներից չէր:

Մինչ ժողովի անցկացումը նախ որոշ կայքեր նյութեր հրապարակեցին Վահան Հովհաննիսյանի դեմ, երբ վերջինիս շիրմաթմբի ծաղիկները դեռ չէին թորշնել, որոշ թերթեր էլ սևեռվեցին հրավիրվելիք ժողովի կազմակերպման բնույթի, տեղի ու վայրի անցկացման <խորհրդավարության> վրա, ապա սկսվեց տարաբնույթ պառակտիչ ասեկոսեների շրջանառումը, ինչին միացավ նաև ֆեյսբուքը: Ինչպես ասում են՝ պատվերը տրվեց ու գործիքներն անցան կատարման: Իսկ մոգոնված <հրապարակումներն> այն մասին էին, թե կուսակցության ներսում կան լուրջ հակասություններ, մասնավորաբար, հայաստանյան ու սփյուռքյան թևերի միջև, և որ սուր պայքար է գնում ՀՅԴ բյուրո ներկայացուցչի <աթոռի> համար: Ապա եզրակացնում էին՝ այս ժողովը թեժ է լինելու:

Հավատացեք՝ վատ սկիզբ չէր ինտրիգ հասունացնելու, ներքին տրամադրություններ բորոբոքելու համար: Իսկ որպեսզի այն առավել ազդեցիկ ու հնչեղ ստացվեր, շրջանառության մեջ դրվեցին կոնկրետ անուններ՝ միմյանց հակադրելով մտերիմ դաշնակցական ընկերներին՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին ու ամերիկահայ Վիգեն Հովսեփյանին: Որոշ գրչակների երևակայությունն անցավ իր սահմանը, գրում էին՝ <արտերկրի կառույցները դժգոհ են Մարգարյանի գործունեությունից , բայց նրա թեւը քանակապես գերակշռում է ու Հովսեփյանին դժվար կլինի ներկուսակցական հողաշրջում իրականացնելը>։

Այսպիսիններին Մարգարյանը հեռակա դաս տվեց, հիշեցնելով, որ. <Ընկերները մեկմեկու ոչ հաղթում են, ոչ մեկմեկու կողմից պարտվում: Ընկերոջ հանդեպ հաղթանակ տանելը արտառոց բան է, Դաշնակցության մեջ ընդունված չէ: Ի վերջո, ընկերները կարող են նաև բանավիճել, բայց հասնել մեկ ընդհանուր եզրակացության: Եվ այդ դեպքում երկուսն էլ հաղթած են: Իսկ եթե կա մեկը, որն այս ամենում միանձնյա հաղթող է՝ Դաշնակցությունն է>:

Հաշվի առնելով հայաստանյան գաղափարազուրկ քաղաքական դաշտը, վստահաբար կարող ենք ասել, որ նման հարաբերությունները շատերին է խորթ, քանզի չկայացած, անձ-կուսակցություններում գաղափարները վաղուց են փոխարինվել կուսակցապետերի հանդեպ դրսևորվող ստրկամիտ պաշտամունքով: Պարզ չէ՞, որ նրանց հավաքներն էլ վերածվում են շեֆին հաճոյանալու անզուսպ շքերթի: Ուրեմն, սրանց համար որքանո՞վ կարող է ընկալելի լինել Դաշնակցության մոտեցումները, անկեղծ ասած՝ խիստ կասկածում ենք:

Որպեսզի հակադաշնակցական քարոզչությունը մտնի ցանկալի հուն, կազմակերպվեց մեկ այլ ցուցադրական ակցիա ևս. դեռ ժողովը չավարտված մամուլում ՀՅԴ Լոռու մարզի Սպիտակի կոմիտեի և կոմիտեության անդամների անունից հայտարարություն տարածվեց, ըստ որի, 24 լոռեցիներ լքում են ՀՅԴ շարքերը և միանում «Հիմնադիր խորհրդարան» կոչվող ուժին:

Դաշնակցությունը հերքեց ցուցակագրվածների ՀՅԴ անդամ լինելը: Կասկածից վեր էր, որ սա ևս պատվիրված սադրանքի շարունակությունն էր: Ուրեմն ՝ ովքե՞ր, ի՞նչ ուժեր են կանգնած դաշնակցության դեմ հրահրվող սադրանքի հետևում: «Ազատություն» ռդ-ին տված հարցազրույցում ՀՅԴ ԳՄ անդամ, Լոռու մարզի պատասխանատու Հովհաննես Թադևոսյանը ևս շեշտել էր, որ կատարվածը սադրանք է, քանի որ Սպիտակում ՀՅԴ-ն կոմիտե չունի, իսկ տեղի դաշնակցականների մեծ մասը Հայաստանում չեն, մեկնել են արտագնա աշխատանքի, և 24-ից միայն երեքի անուններն են իրեն հայտնի: Պարզվեց նաև, որ երեք դաշնակցականներն իրենց հերթին անակնկալի էին եկել սեփական անունները հիշյալ ցուցակում հայտնաբերելով:

Արձագանքելով այս փաստին Հրանտ Մարգարյանն ասել է՝ շինծու հայտարարություն էր, նրանք մեզ հետ առնչություն չունեցող անձինք են, ու հավելել՝<Կան մարդիկ, որոնց ձեռնտու է կեղծ իրավիճակներ ստեղծելը, մարդկանց խաբելը: Նույն ձեռագիրն է, երրորդ ուժը փորձում է կուսակցության շուրջ իրավիճակ ստեղծել՝ սուտ հայտարություններ անելով: Մեկը փորձեց ջուր պղտորել, մեկը փորձեց տրամադրություն փչացնել, հավանաբար չճանաչելով դաշնակցականներիս, որ մենք կարող ենք բանավիճել, բայց կայացված որոշումը բոլորիս համար պարտադիր է կատարման>:

Այս ամենը Հրանտ Մարգարյանի համար արտառոց է նաև նրանով, որ կատարվեց Դաշնակցության համար անընդունելին՝ ՀՅԴ ժողովից առաջ փորձ արվեց հանրայնացնել ներքին խոհանոցը. <Հավատացած եմ՝ դա դաշնակցականների ձեռքի գործը չէ, դաշնակցականի դաստիրակություն ստացած մարդն անկարող է ներկուսակցական խոհանոցը հրապարակայնացնել: Սա երրորդ ուժի գործն էր>:

Ի դեպ, սադրիչների սցենարն այսքանով չսպառվեց: Հայտնվեց ոմն <Նավակ ճոճող>՝ քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը, ով ֆեյսբուքյան տիրույթում հայտնի է այս անվամբ, ու հայտարարեց՝ թե դաշնակցականների, իսկ ավելի կոնկրետ՝ Հրանտ Մարգարյանի հրահանգով ինքը ծեծի է ենթարկվել: <Ես նրա գոյության մասին իմացել եմ, երբ իմ մասին խոսակցություն տարածվեց: Իսկ հետո նաև տեղեկացա, որ նա շատ վատ, գռեհիկ ձևով է արտահայտվել մեր ընկերոջ հիշատակի հասցեին... Ասեմ հստակ՝ մենք ծեծով հարցեր չենք լուծում ու դրա հետ ոչ մի առնչություն չունենք>,- եղավ Մարգարյանի կարճ պատասխանը:

Հակադաշնակցական այս կեղտոտ սադրանքները կշարունակվե՞ն, թե՞ սադրիչները կբավարավեն այսքանով, դժվար է ասել, բայց մի բան հստակ է Դաշնակցությունը կհաղթահարի նաև այս հերթական քաղաքական ժուլիկությունը:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ վերընտրված Հրանտ Մարգարյանին այսօր մեկ այլ բան է մտահոգում. մենք ամեն օր սահմանին զոհ ենք ունենում, մենք մտել ենք մաշող պատերազմի մեջ ու քաղաքական ուժերը պարտավոր են գիտակցել այս իրավիճակը: <Ես չեմ հասանում, էլ ի՞նչ պետք է լինի, որ մենք լինենք միասնական, էլ ո՞ր վտանգը մեզ պետք է համախմբի, ո՞ր վտանգը մեզ պատասխանատվության պետք է կանչի: Այն, որ իշխանությունը ունի թերություններ, ունի հստակ անելիք՝ գիտենք բոլորս և մենք պահանջատեր ենք այդ հարցում: Բայց դա չի կարող պատճառ դառնալ, որ մենք արտաքին վտանգի դեմ միասնականություն չցուցաբերենք: Ադրբեջանը իր ներքին խնդիրները մեղմելու , կոծկելու համար փորձում է պատերազմ սկսել: Իսկ մեզ մոտ կան ուժեր, որոնք արտաքին վտանգն առիթ ու հնարավորություն են համարում ներքին հարցեր արծարծելու համար: Սա անընդունելի է>:

Վերջ տալու համար ՀՅԴ դեմ ուղղվող անլուրջ շահարկումները նա հայտարարում է՝ <Հանուն մեր ժողովրդի պատրաստ ենք լինել և՛ ընդիմության, և՛ իշխանության հետ, եթե կա երկրի անվտանգության հարց: Մենք ընդդիմադիր ուժ ենք, գործադիրի մաս չեն կազմում ու դրա նպատակն էլ չունենք: Բայց դա չի նշանակում, որ մեր երկրի անվտանգության հարցում պետք է լինենք անտարբեր ու անպատասխանատու>:

Դիմելով քաղաքական ուժերին հայտարարում է.<Աշխարհը պետք է հասկանա, որ եթե պատերազմ եղավ ամբողջ հայությունը կդառնա մեկ բռունցք, մենք պե՛տք է արտաքին հարցում ստեղծենք միասնական ճակատ ու չթողնենք, որ ինչ-որ ուժեր իրենց կամքը պարտադրեն մեր պետությանը: Երկրի անվտանգությունը, սահմանների պաշտպանությունը, օտարի կողմից մեզ կամք չպարտադրելը ինձ համար կյանքի հարց է, դա մեր սերնդի լուծելու խնդիրն է: Եվ ոչ մի հարց՝ ո՛չ իշխանության հասնելու ձգտումը, ո՛չ իշխանություն կործանելու կիրքը չի՛ կարող գտնվել մեր ազգային կարևոր խնդիրների կողքին՝ միևնույն հարթության մեջ>:

ՏԱՐՈՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Politics, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն