Հաղթանակած պետությանը վայել չէր ստորագրելու խայտառակ մի զինադադար, մեղավորը Տեր-Պետրոսյանն էր
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը վերջերս ռուսական RT հաղորդման ժամանակ պատմել է, թե ինչու է ինքը վիրավորված գնացել Հայաստանից:
Գեներալը նշել է, որ Արցախյան պատերազմն ավարտվեց Բիշքեկում ստորագրված խայտառակ զինադադարի պայմանագրով, որը ամենամեծ դավաճանությունն էր: Եվ հենց այդ պայմանագրի պատճառով էլ լուրջ անհամաձայնություն է առաջացել իր եւ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարների հետ: Չնայած հետո Լեւոն Տեր- Պետրոսյանն անձամբ է գնացել Մոսկվա եւ գեներալին համոզել, որ վերադառնա Հայաստան, սակայն գեներալը մերժել է:
Նորատ Տեր-Գրիգորյանցը, խոսելով Բիշքեկի (1994-ի մայիսի 5-ին) զինադադարի մասին պայմանագրից, ասել է, որ հաղթանակած պետությանը վայել չէր ստորագրելու այդպիսի խայտառակ մի զինադադար, որը չէր բխում հայ ժողովրդի եւ Հայկական պետության շահերից։ Ըստ նրա, այդ խայտառակ պայմանագիրը ստորագրեցին մարդիկ, որոնք ընդհանրապես չէին հասկանում քաղաքական կամ ռազմական գործից, նրանք չգիտեին, թե ինչ է նշանակում ստրատեգիա. «Բիշքեկի զինադադարի պայմանագիրը, ավազին գրված պայմանավորվածություն էր, մի բան որը իրենից ոչինչ չի ներկայացնում, դա ոչ միայն խայտառակ պայմանագիր էր, այլեւ խեղկատակություն եւ ապուշություն: Չկար ոչ մի պարտավորվածություն կամ երաշխիք, քանի որ հենց հաջորդ օրը կարող էր վերսկսել պատերազմը։ Պայմանագրի մեջ չճշտվեց ոչ մի հստակ սահմանագիծ եւ Ադրբեջանին չպարտադրվեց ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը»












