Գլխավոր » Regions, Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն

Մահչուպյանը չի ընկալում ապրիլի 24-ի խորհուրդը. Ռուբեն Մելքոնյան

Հունվար 29, 2015թ. 23:48

Թուրքիայի վարչապետի խորհրդական Էթյեն Մահչուպյանը, մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ ասել էր, որ այդ ճակատամարտում նաև հայեր են զոհվել, և տոնակատարությանը մասնակցելը բխում է Հայաստանի շահերից:

Այս առնչությամբ` Aravot.am-ը զրուցել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ: Նա նշեց, որ Էթյեն Մահչուպյանի հայտարարությունները մեկնաբանելու համար պետք է հասկանալ նրա քաղաքական նկարագիրը. «Պարզ է, որ Էթյեն Մահչուպյանը հենց այդ նկարագրի շնորհիվ է նշանակվել Թուրքիայի վարչապետի խորհրդական, մարդ, որը միայն ազգանունով է հայ, եւ մարդ, որը բացահայտ հայտարարում է, որ առաջին հերթին ինքը Թուրքիայի քաղաքացի եւ պաշտոնյա է եւ սպասարկում է Թուրքիայի շահերը:

Բնական է, որ Էթյեն Մահչուպյանի հայտարարությունը շարքային թուրք պաշտոնյայի հայտարարություն է, որը պետք է բխի այդ պետության շահերից»: Պարոն Մելքոնյանը նշեց, որ Էթյեն Մահչուպյանը երկար տարիներ ձախակողմյան գաղափարախոսության կրողն է, որի ազգային պատկանելությունը ստորադասված է. «Նրա համար երեւի թե խորթ է ընկալել, թե որն է ապրիլի 24-ի խորհուրդը եւ արդյոք հնարավո՞ր է` ապրիլի 24-ին հայ պաշտոնյան լինի հնարած եւ մտացածին մի տոնակատարության` Դարդանելի ճակատամարտի 100-ամյակին, այնպես որ կարծում եմ` Էթյեն Մահչուպյանի հայտարարությունը ցույց է տալիս, որ նա չի գիտակցում եւ ծանոթ չէ հայկական ընկալումներին եւ հարցին մոտենում է միակողմանի` թուրքական տեսանկյունից»: Թուրքագետը վստահ է, որ սա այն դեպքերից չէ, երբ Հայաստանը Թուրքիային ընդառաջ քայլ պետք է անի, որը կնպաստի երկու կողմերի հարաբերությունների հաստատմանը. «Սա հստակ այն դեպքն է, երբ թուրքական իշխանությունները մի պատրվակ են հնարել միջազգային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության հարցից շեղելու համար: Սա եւս մի քարոզչական հնարք է, որով ցույց են տալիս Հայաստանին ընդառաջ իրենց արած քայլը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ


Դիտել Regions, Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն