Գլխավոր » TOP, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հարցազրույցներ, Ով է թուրքը

Ոչինչ չի վնասի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին

Հունվար 30, 2015թ. 00:10

Նախօրեին Եվրոպական դատարանում տեղի ունեցած լսումների՝ Հայոց Ցեղասպանությունը ժխտելու համար Շվեյցարիայում վարչական եւ քրեական պատասխանատվության ենթարկված թուրք ազգայնական Դողու Փերինչեքի «արդարացման» վճիռը վերանայելու վերաբերյալ շվեյցարական կառավարության հարուցած դատական հայցի շուրջ քննարկումներին անդրադառնում է թուրքագետ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԸ

-Փերինչեքի Բանվորական կուսակցությանը պատկանող հեռուստաալիքը խոստացել էր ապահովել դատական նիստի ուղիղ հեռարձակումը, բայց հեռարձակում չեղավ։ Զարմանալիորեն թուրքական թերթերի անդրադարձն էլ բավական զուսպ էր՝ որպես առաջին լուր չէին անդրադարձել այդ թեմային, անգամ եղան դատապարտող հրապարակումներ։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ կասկածում են, թե դատարանը հօգուտ Փերինչեքի վճիռ կկայացնի։
Ինչ վերաբերում է կողմերի փաստարկներին, բողոքարկող կողմը՝ Շվեյցարիայի ներկայացուցիչը, ասել է, որ Եվրոպական դատարանը ճիշտ մոտեցում չի դրսեւորել Հայոց ցեղասպանության հարցում՝ ըստ էության, ժխտել է Ցեղասպանության փաստը, նաեւ արձանագրել է, որ ժխտումը մարդկության դեմ ուղղված նույնքան հանցագործություն է, որքան Ցեղասպանությունը, որովհետեւ արդարացնում է կատարվածը։
Փերինչեքն էլ կրկնել է, որ Ցեղասպանություն չի եղել. ինքը որեւէ մեկին չի վիրավորել՝ ընդամենը հայտնել է իր կարծիքը, որ Ցեղասպանությունը միջազգային մեծ սուտ է, հետեւաբար Շվեյցարիայի դատարանը որեւէ հիմք չուներ իր հանդեպ մեղադրական վճիռ կայացնելու։
Թուրքական կողմը, ի հակակշիռ Ցեղասպանության վերաբերյալ պնդումների, ասել է, որ նույնիսկ եթե այդպես է, ՄԱԿ-ի կոնվենցիան չպետք է տարածվի Հայոց ցեղասպանության վրա, քանի որ ընդունվել է 1948թ.։ Բայց այդ դեպքում այն չպետք է տարածվեր նաեւ հրեաների Ցեղասպանության՝ Հոլոքոստի վրա։ Ավելին՝ կոնվենցիայում հատուկ կետով ամրագրված է, որ այն հետադարձ ուժ ունի։
Ինչեւէ, լսումներն ավարտված են, եւ որոշումը, ըստ երեւույթին, կկայացվի առաջիկա 6-8 ամիսների ընթացքում։

-Ի՞նչ կանխատեսումներ ունեք՝ ՄԻԵԴ վճիռը կհրապարակվի ապրիլի 24-ից առա՞ջ, թե՞ հետո, եւ ամենակարեւորը՝ որոշումն ո՞ւմ օգտին կլինի։

-Դժվար է ասել, բայց եթե ապրիլի 24-ից առաջ լինի, ենթադրում եմ, որ ի վնաս Փերինչեքի է լինելու։ Եթե հետաձգվի՝ չի բացառվում, որ ի վնաս մեզ լինի։ Չեմ կարծում, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանը շատ անկախ է կամ վերին աստիճանի ազնիվ։ Կան պետություններ կամ պետական կառույցներ, որոնք անպայման կարողանում են ազդեցություն գործել այս դատարանի վրա։
Որոշումը ուշանալու դեպքում թուրքական կողմը կհասցնի նախապատրաստվել հակահարված տալու երկրորդ փուլին՝ կփորձի ճնշում գործադրել ոչ այնքան ուղղակի դատարանի վրա, որքան այդ դատարանի վրա ազդեցություն ունեցող կառույցների՝ «Մոսադի», ամերիկյան ԿՀՎ-ի եւ այլն։ Կարծում եմ՝ ա՛յդ մարտավարությունը կկիրառվի։ Բայց անգամ եթե ՄԻԵԴ վճիռը Փերինչեքի օգտին լինի, միեւնույն է, չի կարող մթագնել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։

-Եթե այս «ճակատամարտը» տանուլ տանք, դա չի՞ դառնա վտանգավոր նախադեպ, որին հղում անելով՝ թուրքերն էլ ավելի ոգեւորությամբ առաջ կտանեն իրենց ժխտողական քաղաքականությունը։

-Ժխտեն, չժխտեն՝ փաստը մնում է փաստ, որ արդեն 24 պետություն եւ միջազգային կազմակերպություն, այդ թվում՝ Եվրախորհրդարանը, ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
Այդ տեսակետից, շատ կարեւոր է, որ Օբաման օգտագործի Ցեղասպանություն եզրը, այլապես հետագայում շատ ավելի դժվար կլինի՝ մնացած նախագահներն էլ չեն օգտագործի այդ բառը։ Հույս ունեմ, որ այս անգամ ԱՄՆ նախագահը չի գնա տրորված ճանապարհով, թեեւ, 1915թ. իրադարձությունները Մեծ եղեռն անվանելով, ըստ էության, ամրագրել է, որ տեղի ունեցածը Ցեղասպանություն էր։
Մենք վիրավորվում ենք, երբ ասում են՝ Մեծ եղեռն, բայց հրեաներին ասում ես Հոլոքոստ՝ չեն վիրավորվում։ Ի վերջո, Մեծ եղեռնը նույն Ցեղասպանությունն է՝ հայկական տարբերակով, եւ կոնկրետ Օբաման իր բոլոր ուղերձներում, ըստ էության, տվել է Ցեղասպանության դասական սահմանումը ըստ կոնվենցիայի՝ նշելով, որ Օսմանյան կայսրությունում մեկուկես միլիոն հայեր տնից-տեղից բռնահանվել, ճանապարհին դաժանաբար սպանվել են, նրանց ունեցվածքն առգրավվել է եւ այլն։ Սրա՛ վրա պետք է շեշտը դնել, ոչ թե ասել՝ եթե չի օգտագործելու Ցեղասպանություն բառը։

Այնուամենայնիվ ինչպե՞ս պատահեց, որ նույն թուրքական դատարանի կողմից 117 տարվա ազատազրկման դատապարտված անձը հանկարծ հայտնվեց ազատության մեջ եւ «գործուղվեց» եվրոպական դատարան՝ պաշտպանելու ժողովրդավարությունը եւ խոսքի ազատությունը շվեյցարական արդարադատության ճիրաններից։

-Այո, Փերինչեքը դատապարտվել էր Էրդողանի կառավարությունն ապօրինի եղանակով տապալելու, հեղաշրջման փորձ կատարելու, ընդհատակյա «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպությունը կազմավորելու եւ ղեկավարելու համար, բայց մի քանի տարի նստելուց հետո ազատ արձակվեց, ընդ որում՝ պայմանական՝ արտասահման չմեկնելու պայմանով. թուրքական կառավարությունը, ինչպես տեսնում եք, «մեծահոգաբար» թույլ տվեց, որ գնա, մասնակցի այդ դատավարությանը։

-Որպես իր անմեղությունը ապացուցող զորավոր փաստարկ՝ Փերինչեքը վկայակոչել է Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հայտարարությունը հայերի եւ թուրքերի գործած փոխադարձ դաժանությունների մասին։ Ստացվում է, որ արդեն մեր միջոցո՞վ են փորձում հերքել Ցեղասպանության փաստը։

-Ըստ երեւույթին, Աթեշյանը նման մի բան ասած պետք է լինի, որովհետեւ ընդամենը երկու-երեք օր առաջ՝ մինչեւ Ստրասբուրգ մեկնելը, Փերինչեքը հեռուստաալիքներից մեկի եթերում գովեստի խոսքեր շռայլեց Աթեշյանի հասցեին, ասաց՝ Ստամբուլի համալսարանում այնպիսի՜ դասախոսություն կարդաց, որ ուղղակի հիացանք՝ մեր թեզերից ավելի ուժեղ փաստարկներ բերեց ի հակակշիռ Ցեղասպանության վերաբերյալ պնդումների։
Ցավոք, սա նոր երեւույթ չէ՝ ժամանակ առ ժամանակ մեկին գտնում են՝ դեռ ԱՍԱԼԱ-ի ժամանակներից, եւ ստիպում թրքանպաստ հայտարարություններ անել։ Արամ Աթեշյանը, որպես հոգեւորական, պետք է խուսափեր քաղաքական հայտարարություններ անելուց, ոչ թե գնար, դասախոսություն կարդար Ստամբուլի համալսարանում, այլ հրաժարվեր, ինչի քաջությունը, ըստ երեւույթին, չի ունեցել։

-Հիմա էլ փորձում են կրակից շագանակներ հանել Դավութօղլուի հայազգի խորհրդական Էթիեն Մահչուպյանի ձեռքով, որը ոչ միայն արդարացրել է Գալիպոլիի ճակատամարտում տարած պանծալի հաղթանակը ապրիլի 24-ին նշելու ցինիկ նախաձեռնությունը, այլեւ հայտարարել, թե Հայաստանի թեկուզ սիմվոլիկ ներկայությունը բարի կամքի դրսեւորում կլիներ մեր կողմից։

-Մահչուպյանի հայտարարությունը Թուրքիայում էլ միանշանակ չի ընդունվել. հեռուստատեսությամբ էլ ասվեց՝ երբ ինքը դեռ Դավութօղլուի խորհրդականը չէր, դատապարտում էր Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը, հիմա տրամագծորեն այլ դիրքերից է հանդես գալիս՝ ասում է, որ վիճելի հարց է, պետությունները, այսինքն՝ Թուրքիան եւ Հայաստանը, չպետք է խառնվեն այս գործին, ճիշտ կլինի, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները իրար հետ նստեն, քննարկեն՝ ինչ է եղել եւ ինչպես։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ


Դիտել TOP, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հարցազրույցներ, Ով է թուրքը բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն