Գլխավոր » NKR, Ադրբեջան, Իրավական փաստաթղթեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ԵԱՀԿ-Ի ԼՌՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Հունվար 29, 2015թ. 15:17

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի դիմաց մի խումբ քաղաքացիներ հանդես եկան «ԵԱՀԿ-ն՝ Ադրբեջանի ագրեսիայի լուռ հովանավոր» կարգախոսով բողոքի ակցիայով:

Ինչպես նշեց միջոցառման նախաձեռնող ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ. «Ինձ անհասկանալի է մնում, որ ԵԱՀԿ-ն` որպես կառույց, որը ստանձնել է հրադադարի ռեժիմի պահպանման դիտորդական առաքելությունը ու նաեւ Ղարաբաղյան խնդրի լուծման գործում միջնորդի դերը, կարծես թե մատնված է անգործության: Ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս Մինսկի խմբի համանախագահներն ինչ-որ ձեւական բնույթ կրող հայտարարություններով երկու կողմերին կոչ են անում պահել հանդարտություն, բայց որեւէ անգամ հստակ, իրական գնահատական չեն տվել ադրբեջանական կողմի սադրանքներին: Կարծեմ նրանց համար էլ գաղտնիք չէ, որ հրահրողը միմիայն ադրբեջանական կողմն է»:

Ըստ միջոցառման մասնակից ԱՐՇԱԿ ԱՐԶԻԿՅԱՆԻ, տարին մեզ համար սկսվել է ողբերգական դեպքերով, բազմաթիվ զոհեր ունենք, մինչդեռ ԵԱՀԿ-ն կամ չի ուզում, կամ չի կարողանում որեւէ միջոց ձեռնարկել եւ համապատասխան, արժանի գնահատական տալ Ադրբեջանի սադրանքներին եւ նախահարձակ գործողություններին:
«Այդ դեպքում հարց է առաջանում` ինչո՞ւմն է Հայաստանի Հանրապետությունում նրանց ներկայության անհրաժեշտությունը,- ասաց նա:- Եթե կոնկրետ դեր ունեն այդ հարցերում, ուրեմն պետք է բարեխիղճ ձեւով կատարեն այդ դերը, իսկ եթե չունեն, ուրեմն թող բարի լինեն թողնել իրենց դիրքերը Հայաստանում, քանի որ որեւէ նպատակ մենք չենք տեսնում այդ դեպքում:

ԵԱՀԿ-ը խոշոր դեպքերի առնչությամբ երբեմն-երբեմն հանդես է գալիս հայտարարություններով, բայց կարելի է ասել, որ դրանով` կողմերի միջեւ արհեստականորեն հավասարություն դնելով, ոչ թե կարգավորման, այլ ընդամենը ֆիքսելու եւ լրատվություն հաղորդելու գործողություն է կատարում, դեպքը ֆիքսում է դրա կատարումից հետո` անգամ տեղում չլինելով հանդերձ:

Այդ դեպքերից հետո, երբ նման իրավիճակ է ստեղծվում, դրան հաջորդող Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները, բնականաբար, արդյունք չեն կարող ունենալ: Իրենք պետք է նորմալ, կայուն իրավիճակի հող նախապատրաստեն, որպեսզի հետո բանակցությունները նորմալ արդյունք տան, ինչ-որ առաջխաղացում լինի, բայց իրականում ընդամենը հետընթաց է»:
Միջոցառման կազմակերպիչները ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցչին հանձնեցին իրենց բողոքի նամակը:

«2015թ. հունվարից սկսած` Հայաստան-Ադրբեջան եւ ԼՂՀ-Ադրբեջան սահմանի վրա Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները կրում են ամենօրյա բնույթ, պարբերաբար ունենում ենք մարդկային զոհեր,- նշված է հիշյալ նամակում:- Եվ սա` այն դեպքում, երբ Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության կազմակերպությունը Ղարաբաղյան հակամարտության հարցում ստանձնել է միջնորդի դերը, իր վրա է վերցրել հրադադարի ռեժիմը պահպանելու առաքելությունը, ինչպես նաեւ դիտորդական առաքելությունը:

Այդքանով հանդերձ, փորձը ցույց է տալիս, որ ԵԱՀԿ-ն իր ստանձնած պարտավորությունները չի կարողանում կամ չի ուզում կատարել, զորու չէ լինելու հրադադարի պահպանման երաշխավոր: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս ոչինչ չասող եւ ձեւական բնույթ կրող հայտարարություններով, որոնցում երկու կողմերին կոչ են անում հանդարտության, այն դեպքում, երբ ամեն անգամ հրադադարը խախտողը միանշանակ ադրբեջանական կողմն է լինում:

Երբեւէ ԵԱՀԿ-ի կողմից չի հնչել գնահատական Ադրբեջանի ապօրինի եւ սադրիչ-դիվերսիոն գործողությունների վերաբերյալ: Այս անթույլատրելի լռությամբ եւ անգործությամբ ԵԱՀԿ-ն փաստորեն դառնում է Ադրբեջանի ագրեսիայի լուռ հովանավորը»:

Ա. ՄՈՒՐԱԴՅԱՆ


Դիտել NKR, Ադրբեջան, Իրավական փաստաթղթեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն