Գլխավոր » TOP, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Հայ-թուրքական հարաբերություններ, Տարածաշրջան, Ցեղասպանություն

Իսրայելի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է Հայոց ցեղասպանության մասին

Հունվար 30, 2015թ. 00:50

«Մի քանի տասնամյակ հետո պարզվեց, որ հաջորդը հրեաներն են», – շեշտել է Ռեուվեն Ռիվլինը:

Հոլոքոսթի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ում կայացած միջոցառման ժամանակ ծավալուն ելույթում Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը խոսել է նաեւ Հայոց ցեղասպանության մասին:

Նշելով, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում ավելի քան մեկ միլիոն հայ է սպանվել, նա ընդգծել է՝ «մինչ օրս Իսրայելը դա չի ճանաչել որպես Ցեղասպանություն»:

Ռիվլինը մեջբերել է 1915-ին Պաղեստինում հրեական լրտեսական ցանցի՝ «Նիլի»-ի առաջատար անդամներից մեկի՝ Ավշալոմ Ֆեյնբերգի գրածը. – «Ես ատամներս սեղմած մտածում եմ, թե ով է լինելու հաջորդը: Երուսաղեմի ճանապարհին, երբ քայլում էի օրհնված եւ սուրբ հողի վրա, ինքս ինձ հարցրեցի՝ արդյոք մենք ապրում ենք ժամանակակից աշխարհո՞ւմ՝ 1915 թվականին, թե՞ Տիտոսի եւ Նաբուգոդոնոսորի ժամանակներում: Արդյո՞ք մոռացել եմ, որ հրեա եմ: Ես նաեւ հարցրեցի ինձ՝ եթե իրավունք ունեմ ողբալու միայն իմ ժողովրդի վիշտը, մի՞թե Երեմիա մարգարեն արցունք չի թափել հայերի հետ միասին»:

«Ֆեյնբերգը սա գրել է ուղիղ 100 տարի առաջ: Կասկածի եւ հերքման 100 տարի: Այն տարիների Իսրայելում, որտեղ ես ծնվել եմ, ոչ ոք չէր հերքում տեղի ունեցած կոտորածը: Երուսաղեմի բնակիչները, իմ ծնողները տեսել են այդ աղետը վերապրած սոված եւ խղճուկ հազարավոր հայ փախստականներին, ովքեր Երուսաղեմ են հասել: Նրանք այնտեղ ապաստան գտան, եւ մինչ օրս նրանց ժառանգները շարունակում են ապրել Երուսաղեմում»,- ասել է ծնունդով Երուսաղեմից 76-ամյա նախագահը:

«Այն ժամանակ՝ 1915 թվականից հետո հարց էր առաջանում՝ ո՞վ է հաջորդը: Պատասխանը չուշացավ՝ մի քանի տասնամյակ հետո պարզվեց, որ հաջորդը հրեաներն են», – շեշտել է Ռիվլինը:

Իսրայելի նախագահն իր ելույթն ավարտել է կոչով՝ պետք է կարմիր գիծ սահմանել, որից այն կողմ ՄԱԿ-ը պարտավոր է միջամտել՝ կանխելու ցեղասպանություններին ուղղված գործողությունները:

«Անկեղծ հարց տանք ինքներս մեզ՝ արդյո՞ք մեր պայքարը, ՄԱԿ-ի պայքարը ցեղասպանություն երեւույթի դեմ բավարար չափով արդյունավետ էր: Բոսնիայում արդյունավե՞տ էր, Խոջալուի սպանությունները կանխելու համար արդյունավե՞տ էր, արդյո՞ք այն արդյունավետ է այսօր Սիրիայում, կամ Նիգերիայում՝ «Բոկո հարամ»-ի դեմ», – ասել է Ռիվլինը:
«Մյուս կողմից՝ պետք է հիշենք, որ այդ կարմիր գծերը պարտավորեցնելու են մեզ չաղավաղել ու ցինիկաբար չշահարկել այն՝ կեղծ օբյեկտիվության անվան տակ, ինչն արվում է մարդու իրավունքների հռետորաբանության դեպքում, որը «ցեղասպանություն» եզրույթն օգտագործում է միայն քաղաքական նպատակներով», – հայտարարել է Իսրայելի նախագահը:

azatutyun.am


Դիտել TOP, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Հայ-թուրքական հարաբերություններ, Տարածաշրջան, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն