Էրդողանի հրավերը սին է ինչպես Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը. Սերժ Սարգսյան
Երեկ կառավարության ընդունելությունների տանը կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստը։
Անդրադառնալով Թուրքիայի փորձերին՝ խմբագրել սեփական պատմությունը` Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը նշելու միջոցով, նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ բնորոշել է նման պահվածքը «անհեռատես եւ ցինիկ»:
«Երբ ստացա այդ անպարկեշտ հրավերը, անհրաժեշտ համարեցի անմիջապես եւ հանրայնորեն պատասխանել Ռեջեփ Էրդողանին, քանի որ ակնհայտ էր, որ հրավերի փաստը կարող է թյուր կերպով հասկացվել եւ մեկնաբանվել միջազգային լրատվամիջոցների եւ հանրության կողմից: Կարծում եմ, որ իմ պատասխանը եւ դրան հետեւած միջազգային եւ հենց Թուրքիայի ներսում տեղ գտած արձագանքները ապացուցում են այդ թերհաշվարկված քայլի սին լինելը:
Այդ քայլը սին է, ինչպես եւ ժխտողականության բոլոր դրսեւորումները: Ժխտողականությունը ոչ միայն քաղաքական թուլության եւ անլիարժեքության բարդույթների դրսեւորում է, այլեւ իրավական կատեգորիա: Այն կապում է Թուրքիայի գործող իշխանությունները ցեղասպանության հանցագործությունը կատարած իրենց նախորդների հետ, դարձնում նրանց մեղսակից մարդկության դեմ այդ ծանրագույն հանցատեսակում: Եվ հենց դրանով էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում երեկ զբաղված Թուրքիայի Հանրապետությունը»,- նշել է նախագահը:












