Ցեղասպանության հռչակագիրը ՀՀ-ի, Արցախի և Սփյուռքի լավագույն միասնական պատասխանն է Թուրքիային. Ռ. Սաֆրաստյան
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված համահայկական հռչակագիրն աննախադեպ երևույթ էր մեր իրականության մեջ. առաջին անգամ Հայաստանը, Արցախը և Սփյուռքը հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ, այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
«Սա, իմ խորին համոզմամբ, ամենակարևոր օգուտն է այս հռչակագրի, միասնական կամքը, որ դրսևորում է հայ ժողովուրդը տարելիցի նախաշեմին: Ցեղասպանության հռչակագիրը վկայում է, որ հարցն ընկալվում է համայն հայության կողմից՝ Հայաստանում, Արցախում, Սփյուռքում, որպես իրադարձություն, որը պահանջում է մեծ ուժերի լարում և վկայում այն մասին, որ ՀՀ-ն, Արցախը և Սփյուռքը հանդես են գալիս միակամ: Սա ամենալավ պատասխանն է այն քաղաքական գծին, որ դրսևորում է թուրքական իշխանությունը»,-ասաց նա:
Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց, որ հռչակագիրն, ըստ էության, փաստի արձանագրում է, որ հասունացել է հարցը իրավական դաշտ տեղափոխելու խնդիրը:
«Պետք է մենք սկսենք լրջորեն այդ աշխատանքը և տրամաբանական ավարտին հասցնենք՝ խնդիրը իրավական դաշտ տեղափոխելու, մեր պատմական նպատակի իրականցումը: Այո, տասնամյակներ շարունակ մենք մեր ջանքերն ուղղել ենք Ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար, և պահն է՝ տեղափոխել իրավական դաշտ: Այն աշխատանքները, որ տարվում են, կարծում եմ պատշաճ մակարդակով կլինեն»,-ասաց նա:
Պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին Էրդողանի այսօրվա հայտարարությունը՝ որպես արձագանք հռչակագրին, թուրքագետի խոսքով՝ գալիս է 2005թ-ից, երբ Էրդողանը ապրիլի 6-ին դիմեց ՀՀ Նախագահին և առաջարկեց ստեղծել այդ հանձնաժողովը:
«Սա շարունակությունն է այդ քաղաքականության, որը շարունակվում է արդեն 10 տարի: Ո՞րն է իմաստը, առաջին հերթին թյուրըմբռնում ստեղծել համաշխարհային հանրության մոտ, որ Թուրքան պատրաստ է ուսումնասիրել դեպքերը»,-ասաց նա:
Սաֆրաստյանի խոսքով՝ իրականում այս առաջարկն իր մեջ կրում է վտանգավոր հանգամանք, քանի որ հարցականի տակ է դնում պատմական փաստը:
«Այս ծուղակը նախապատրատվել է թուրքական ղեկավարության մտորումներից հետո: Վտանգավոր է, որովհետև ժամանակից աշխարհի ընկալումը հետևյալն է, եթե չկա համաձայնություն պատմական դեպքերի վերաբերյալ, ապա պետք է մասնագետները շարունակեն ուսումնասիրել և եզրակացություն անեն: Հայաստանի իշխանությունները և մեր պատմաբանները հաջողությամբ խուսափում են այս առաջարկից, և ոչ մի հայ պատմաբան չի համաձայնի նման աշխատանքների, որովհետև Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է՝ միլիոնավոր փաստերով, իսկ հանձնաժողովը ստեղծելը փաստի խեղաթյուրում է»,-ասաց նա։
Սաֆրաստյանի խոսքով՝ կարևոր հանգամանք է իրազեկման գործունեության թիրախ դարձնելը նաև թուրքական հասարակության լայն շրջաններին, ովքեր պատրաստ են քննարկելու Հայոց ցեղասպանության հարցը: Ըստ նրա՝ սկսել են գործընթացներ, որ մինչև վերջին տարիներին գոյություն չունեին:












