Գլխավոր » Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Գործընկեր երկրները պետք է զգան ԵՏՄ-ում ՀՀ-ի ներգրավվածության իրենց համար կարևորությունն ու արդյունավետությունը»

Հունվար 30, 2015թ. 15:03

Գործընկեր երկրները պետք է զգան կառույցում Հայաստանի ներգրավվածության իրենց համար կարևորությունն ու արդյունավետությունը: Անդրադառնալով Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցությանը լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Եվրոպական ինտեգրացիա ՀԿ ղեկավար Կարեն Բեքարյանը:

«ԵՏՄ-ին անդամակցությունը պետք է դիտարկել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ծիրում, ինչպես նաև առաջին հերթին տնտեսական ինտեգրացիայի ծիրում: Այստեղ խնդիրն այն է, որ պետք է 2015 թվականը առավելագույնս օգտագործել այս առումով, որպեսզի մեր հանրությունը` սկսած քաղաքացուց, պետական մարմիններից և առաջին հերթին բիզնես ընկերակցությունը և բոլոր այս տիպի կառույցները լիարժեք հասկացած և ընկալած լինեն հնարավոր գործիքները, դրանցով ստեղծված հնարավորությունները և դրանց կիրառման ողջ դաշտը: Քանզի որևէ կասկած չունեմ, եթե մենք կարողացանք մեր ընկերություններին և բիզնես կառույցներին, մեր հանրությանը այդ ամբողջ հնարավորությունների դաշտը մատուցել, ապա այն շատ արդյունավետ աշխատելու է և օգտագործվելու է: Այս առումով կարծում եմ, որ պետք է լինի սեփական հանրության հետ աշխատանքի շատ լավ մշակված ռազմավարություն»,- ասաց Կարեն Բեքարյանը:

«Բացի դրանից`գործընկեր երկրների, անդամների մոտ օբյեկտիվ հիմքերի վրա իմիջային առումով ամրապնդել այդ կառույցում մեր լինելու արդյունավետությունը և կարևորությունը նաև իրենց համար: Որպեսզի այստեղ ինչ-որ ասիմետրիկ էլեմենտների հետ մենք գործ չունենանք: Սա շատ կարևոր է, սրա վրա պետք է ծախսել ժամանակ ռեսուրս էներգիա, պլանավորումից մինչև իրականացում»,- հավելեց բանախոսը:

Տարածաշրջանային համագործակցության համատեքստում բանախոսը կարևորեց նաև 2015 թ ընթացքում հայ-վրացական և հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացումը:

Մասնավորապես, ըստ Կարեն Բեքարյանի, Հայաստանը պետք է իրականացնի Վրաստանի հետ իրավապայմանագրային դաշտի ընդայնման և նրա իրավակիրառման աշխատանքներ:

«Եթե մենք սա կարողանանք իրականացնել ամբողջ ծավալով, մենք արտաքին աշխարհի համար կդառնանք էապես ավելի գայթակղիչ»,- նշեց Կարեն Բեքարյանը:

Փորձագետի խոսքերով` ՀՀ հետագա զարգացման համար խիստ կարևոր է, որ 2015 թ ընթացքում հայ-իրանական և աբխազական երկաթգծերի գործարկման հարցերում հստակ առաջընթաց արձանագրվի:

«Մի բան են խոսակցությունները, որոնք կան, մի բան են բանակցային էլեմենտները, մի բան կլինի, երբ որ արդեն պայմանավորվածությունները հասնեն այդ մակարդակին: Պետք է շատ հստակ գիտակցել, որ նույն Եվրասիական միության անդամակցության բոլոր հնարավոր օգուտները մեր երկրի, մեր տնտեսության, մեր հասարակության համար լրիվ ուրիշ չափորոշիչներով կչափվեն, եթե մեր մոտ երկաթգծային կոմունիկացիան կյանքի կոչվի»,-նշեց Կ. Բեքարյանը:


Դիտել Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն