Գլխավոր » TOP, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Ով է թուրքը, Տարածաշրջան, Ցեղասպանություն

Փերինչեքը հայերի հողում ծնված, ցեղասպանություն իրականացրածների ժառանգ է. թուրք իրավապաշտպանի խոստովանությունը

Հունվար 30, 2015թ. 16:31

Թուրք ակտիվիստ, իրավապաշտպան Զեյնեփ Թոզդումանն անդրադարձել է թուրք գործիչ Դողու Փերինչեքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում օրերս կայացած դատավարությանն ու հիշեցրել, որ Փերինչեքն ու նրա ծնողները ծնվել են այն հողերում, որտեղ նախկինում հայերն են ապրել:

Թոզդումանի հոդվածը ներկայացնում ենք որոշակի կրճատումներով.

«ՄԻԵԴ-ի դատավարությանը մասնակցելու համար Ստրասբուրգ մեկնած դաշինքի՝ «1915-ի ցեղասպանությունը մոռացնել տալու» քաղաքականությունը նոր չէ: Արդեն մեկ դար է իրենց գոյությունն այլ ժողովուրդների օտարման վրա կառուցողներն այժմ ՄԻԵԴ-ում դարձյալ գործի էին լծվել՝ դարձյալ ժխտման ու ոչնչացման նպատակով: Ցեղասպանությունը չի ավարտվել, շարունակվում է:

Դողու Փերինչեքը գլխավոր դատախազի տեղակալ և 4 անգամ «Արդարություն» կուսակցությունից Էրզինջանից (Երզնկայի) պատգամավոր ընտրված Սադըք Փերինչեքի և Մալաթիայից Լեբիբե Փերինչեքի որդին է:

Ծնվել է Այնթապում՝ այն ժամանակ, երբ հայրն այնտեղ պահեստային սպա էր:

Փերինչեքը հոր նման իրավաբան է: Այս տեղեկությունները տալիս եմ, քանի որ մայրը, հայրն ու նրանց որդի Դողու Փերինչեքը ծնվել են այն հողերում, որտեղ ժամանակին հայերն են ապրել:

Փերինչեքը 1915-ից մնացած ժառանգությունով մեծացած, այդ ժամանակ ցեղասպանություն իրականացնողների թոռներից ընդամենը մեկն է:

Փերինչեքն «Էրգենեկոն» խմբավորման գործով 2008 թվականի մարտի 2-ին ձերբակալվել, ապա կալանավորվել էր: Ազատ է արձակվել 2014 թվականի մարտի 10-ին: Ակնհայտ է, որ ազատ է արձակվել Ցեղասպանությունը ժխտելու համար, քանի որ դուրս գալուց հետո նրա առաջին գործը «պետության աջակցությամբ ցեղասպանության դեմ թեզերի» պատրաստումն է եղել:

Իմ կարծիքով՝ այս դատավարությունը երկու առումով է շատ կարևոր. նախ՝ ատելության խոսքն ու խտրականության հարցը ՄԻԵԴ-ի վճռի համաձայն կքննարկվի, և երկրորդ՝ այն կարևոր է մարդկության դեմ իրականացված հանցագործությունները (Ցեղասպանությունը) քրեորեն պատժելի լինել-չլինելու տեսանկյունից:

Թե ինչ վճիռ կկայացնի ՄԻԵԴ-ը, չգիտեմ: Հայտնի է, որ խղճի ու իրավական առումով վաղ թե ուշ դատապարտվելու են: Եթե մենք չդատապարտենք, պատմությունն է դատապարտելու:

Այս դատավարությունը մի քննություն է: 1915-ին ցեղասպանության ենթարկվածները 2015-ին էլ Եվրոպայի աչքի առաջ կրկին կսպանվե՞ն թե՞ ոչ՝ դրան առնչվող մարդկության քննությունն է:

ՄԻԵԴ-ում Փերինչեքի փաստաբան Մեհմեթ Ջենգիզի խոսքերը Փերինչեքի մասին, թե «նա կյանքը խտրականության դեմ պայքարին է նվիրել և որ 1915թ-ի դեպքերը ցեղասպանություն համարող դատական վճիռ չկա», անգամ ագռավների ծիծաղը կշարժի… Եթե Փերինչեքը խտրականության դեմ պայքար է մղում, ուրեմն կարող ենք ասել, որ «Իսլամական պետությունն» էլ կոմունիզմ կառուցելու ճանապարհին է…

Ակնկալվում է, որ դատավճիռը 2-3 ամսից պատրաստ կլինի:

Թուրք ազգի գոյությունը հայերի, ասորիների, հույների, հրեաների ու եզդիների ոչնչացման վրա է կառուցվել»:

Tert.am


Դիտել TOP, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Ով է թուրքը, Տարածաշրջան, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն