Սա պատվիրան է հաջորդ սերունդներին. թուրքագետը՝ Ցեղասպանության հռչակագրի մասին
Հայոց ցեղասպանության հռչակագիրը մի կարևոր հանգրվան է հայոց ցեղասպանության շուրջ հայության այս հարյուրամյա դեգերումների, գիտական նվաճումների, քաղաքական ձեռքբերումների, նաև` ցեղասպանության միջազգային ճանաչման համատեքստում: Tert.am-ի հետ զրույցում խոսելով Հայոց ցեղասպանության հռչակագրի մասին` նման կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ շարունակելով, թե հռչակագրում, ըստ էության, տեսական դրույթներ են ընդգրկված ինչպես անցյալի վերաբերյալ, այսինքն՝ մեր ձեռքերումների և քաղաքակիրթ աշխարհի տված գնահատականի, այնպես էլ՝ ապագայի, այսինքն՝ թե ինչ ուղղություններով պետք է ընթանա Հայոց ցեղասպանության հետագա ընթացքը՝ ճանաչում, հատուցում և այլն:
«Ցեղասպանության հռչակագրի մեջ տեղ գտած դրույթներն արտացոլում են առնվազն մի քանի գիտական դրույթ. առաջին հերթին՝դրանում ցեղասպանագիտական լուրջ տեսակետներ կան, երկրորդ՝ իրավաբանական և քաղաքագիտական, և երրորդ՝ այն ամփոփում է ամբողջ պատմագիտական ձեռքբերումները, որ եղել են այս հարյուրամյակի ընթացքում»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը:
Շարունակելով խոսքը՝ թուրքագետն ասաց, թե հռչակագիրն, ըստ էության, ամբողջ հայության հավաքական կարծիքն է ընդգրկում՝ երկու կաթողիկոսի, կաթոլիկ համայնքի առաջնորդի, Հայաստանի և Արցախի ղեկավարների մասնակցությամբ:
Ռուբեն Մելքոնյանի հավաստմամբ՝ սա նաև յուրահատուկ այն դեպքերից է, երբ հայությունը ո´չ միայն խոսքերով, այլև՝ գործով ցույց է տալիս իր միասնականությունը:
Ըստ Ռուբեն Մելքոնյանի՝ այն, որ այս հռչակագրում կան ուղերձներ, ելույթներ, պատվիրաններ հետագա սերունդներին, ցույց է տալիս, որ Ցեղասպանության ճանաչման, փոխհատուցման և հիշելու գործընթացը շարունակական է և չի սահմանափակվելու ո՛չ 100-ամյակով, ո՛չ 150-ամյակով, այլ համամարդկային չարիքի նկատմամբ տրված գնահատականն է, որը պետք է ընդունելի և ընկալելի լինի ամբողջ մարդկության կողմից:
«Սա նաև պատվիրան է հաջորդ սերունդներին շարունակել ՝ քայլերն այս ուղղությամբ և լրացնել այն ձեռքբերումները, որ արվել են հարյուրամյակի ընթացքում»,-ասաց նա՝ հավելելով. «Սա մի հետաքրքիր բանաձև է, որը հայ ժողովուրդն առաջարկում ու ներկայացնում է ամբողջ քաղաքակիրթ աշխարհին, համայն մարդկությանը՝ ցեղասպանությունները հետագայում կանխելու և այնպիսի միջավայր ստեղծելու, որ դրանք այլևս չկրկնվեն, և հայ ժողովուրդն իր փորձով, նաև՝ իր մաքառումներով ու իր հաջողություններով համայն մարդկության համար ցույց է տալիս այդ ճանապարհը»:












