Հայաստանի քաղաքականությունը ընկալվում է դրսում
Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ
-Հայաստանում դրականորեն ընդունվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը, ուր համանախագահները, վերջապես զերծ մնալով լղոզված չեզոքությունից, Ադրբեջանին կոչ արեցին հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին: Այս դրական փոփոխությունը համարենք նոր զարգացումների սկի՞զբ:
-Անցած տարիների ընթացքում մեր դիվանագիտությունը բազմիցս է ասել՝ չի կարելի հավասարության նշան դնել հարձակվողի ու պաշտպանվողի, հոխորտացողի ու նրա հոխորտանքներին պատասխանողի միջեւ, քանի որ նման մոտեցումը հանգեցնում է անպատժելիության:
Եթե համանախագահողների հայտարարության մեջ բացակայում է սադրիչ գործողությունների հասցեատերը, փոխարենը հավասարաչափ մեղադրվում են կողմերը, ապա մեղավորի մեջ առաջ է գալիս անպատիժ մնալու հոգեբանություն: Այսինքն՝ խրախուսվում է ագրեսորը: Ու Ադրբեջանը մշտապես եղել է այդ համոզման:
Եվ հիմա առաջին անգամ հանդես գալով նման հայտարարությամբ՝ համանախագահները գիտակցել են հայաստանյան կողմի դիրքորոշման ճշմարտացիությունը, որ հարձակվողի ու պաշտպանվողի միջեւ հավասարության նշան դնելը ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել: Սա ես համարում եմ փոքր, բայց դրական քայլ, քանի որ հստակ սլաք է ուղղվում մեղավորի կողմը:
-Նոր իրավիճակը թո՞ւյլ է տալիս հանգել հետեւության, թե փոփոխություններ կարող են լինել նաեւ բանակցություններում:
-Գործընթացները դեռ առջեւում են, ու այսօր խոսել հնարավոր փոփոխություններից դժվար է, քանի որ այն կարող է լինել կանխատեսումների դաշտից:
Մենք պետք է հիմնվենք եղած փաստերի վրա, դա ՀՀ նախագահի հստակ հայտարարությունն է, մեր բանակի հրամանատարության վճռականությունն ու Մինսկի խմբի հասցեական հայտարարությունը, ինչը ցույց է տալիս, որ մեր ղեկավարության քաղաքականությունը ընկալելի է նրանց կողմից: Թե նոր իրավիճակին համարժեք ի՞նչ փոփոխություններ կլինեն նաեւ բանակցություններում՝ ցույց կտան առաջիկա զարգացումները:
-Համանախագահների հայտարարությունից ժամեր անց ադրբեջանական կողմը Տավուշի մարզի սահմանագծում կրկին սադրանք իրականացրեց: Ադրբեջանն իր արհամարհա՞նքն է այս կերպ արտահայտում Մինսկի խմբի հանդեպ, փորձում ցույց տալ, թե վերջինս դերակատար չէ:
– Մոլորություն է կարծել, թե ԵԱՀԿ-ի հայտարարությունը պետք է զսպեր Ադրբեջանին, որ նա այլեւս նոր սադրանքների չի դիմի: Որքան էլ այդ հայտարարությունը կարեւոր գործոն է, բայց այն զերծ չի պահի Ադրբեջանին ավանտյուրաներից: Ադրբեջանն այս տարիներին, Մինսկի խմբի գործունեության սկզբից եւեթ, ցանկացել է գործընթացը տեղափոխել այլ, մասնավորաբար խորհրդարանական հարթակներ, ուր իր համար շատ ավելի հեշտ կլինի գործելը:
Մինսկի խումբը պրոֆեսիոնալ կառույց է, կարելի է ասել, ԼՂ հակամարտության լուծման հնարավոր տարբերակների փաթեթը նրա ձեռքում է: Մինչդեռ այլ հարթակներում իրավիճակին չեն տիրապետում, ու Ադրբեջանի հաշվարկը հիմնված է հենց դրա վրա՝ օգտվել նրանց անտեղյակությունից, իրականացնել նավթադոլարներով վճարվող սեփական լոբբինգն ու հասնել ցանկալի հաջողության: Դրա համար մշտապես փորձում է նսեմացնել Մինսկի խմբի դերը, նրա միջնորդական գործունեությունը:
-ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության «ձեռնպահ» քվեարկությունը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել, թերեւս կա նաեւ տեղեկատվական շփոթմունք. խոսվում է, թե մեր պատվիրակության անդամներրը «դեմ» քվեարկելով Ռուսաստանի պատվիրակությանը ձայնից զրկելուն՝ «ձեռնպահ» են քվեարկել ԵԽ ԽՎ-ի կողմից դատապարտված Ղրիմի բռնակցման բանաձեւին: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:
-Խնդիրը վերաբերում է հետեւյալին. քվեարկության է դրվել Ռուսաստանի պատվիրակությանը ձայնից զրկելու հարցը, ինչին մեր պատվիրակության երեք անդամները ձեռնպահ են քվեարկել: Ղրիմի մասին որեւէ հարցադրում, խնդիր չի եղել:
Շրջանառվում են տարբեր մեկնաբանություններ, եւ ես կցանկանայի, որ բոլորս փոքր-ինչ սպասեինք, մինչեւ կվերադառնա պատվիրակությունն ու կտա իր հանգամանալից մեկնաբանությունները այն ներքին ու արտաքին գործոնների մասին, որոնք թերեւս թողել են իրենց ազդեցությունը մեր պատվիրակների կայացրած որոշման վրա:
Բայց ասեմ նաեւ հետեւյալը. այնտեղ հաշվվում են «կողմ» ձայները, եւ «դեմ» ու «ձեռնպահ» քվեարկությունները, ըստ էության, նույնն են: Հետեւաբար Հայաստանն իր «ձեռնպահ» քվեարկությամբ իրականում «դեմ» է քվեարկել Ռուսաստանի պատվիրակությանը ձայնից զրկելուն:
Բայց, կարծում եմ, մեր պատվիրակները «ձեռնպահ» քվեարկությամբ փորձել են նպաստել Ռուսաստան-Եվրախորհուրդ երկխոսության հնարավորության պահպանմանն ու հետագայում ջանքեր գործադրել այդ հարթակը ի նպաստ Ռուսաստանի պահպանելու: Դրանով մեր պատվիրակները ցույց են տվել, որ Հայաստանը չի նպաստել Արեւմուտք-Ռուսաստան հարաբերությունների առավել սրմանը: Եվ ես մեր պատվիրակության քայլը դրական եմ գնահատում:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












