Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն, Ռուսաստան, Տարածաշրջան, Տնտեսություն

ԵԱՏՄ-ում կհաջողենք, եթե նախաձեռնող լինենք. քննարկում ՀԱՅՔ կենտրոնում

Հունվար 31, 2015թ. 21:34

Հունվարի 31-ին ՀԱՅՔ վերլուծական կենտրոնը կազմակերպել էր քննարկում հետևյալ թեմայով՝ <ԵԱՏՄ-ում կհաջողենք, եթե նախաձեռնող լինենք>: Հյուրերն են տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Աշոտ Թավադյանը, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը, Նորավանք հիմնադրամի փորձագետ, սոցիոլոգ Սամվել Մանուկյանը:

Ստորև ներկայացնում ենք լրատվամիջոցների արձագանքը.

«Հայաստանը լավ պատրաստ չէ ԵՏՄ անդամակցության համար»
aravot.am

«Հայաստանի ինտեգրումը Եվրասիական Տնտեսական Միություն ծավալվել է մի ժամանակաշրջանում, երբ միջազգային հարաբերությունները ծայրահեղ լարված են, Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ տեղի է ունենում պատժամիջոցների պատերազմ, իրադրությունը մոտ է սառը պատերազմին: Ահա այս պայմաններում հունվարի երկուսին մեկնարկեց ԵՏՄ-ն»,- այսօր «Հայք» վերլուծական կենտրոնում անդրադառնալով այն թեմային, թե ինչ ակնկալիքներ ունի Հայաստանը ԵՏՄ անդամակցությունից, նկատեց քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը:

Վերլուծաբանը առաջարկությամբ հանդես եկավ՝ ստեղծել վարչապետին առընթեր Եվրասիական ինտեգրման հարցերով գիտափորձագիտական խորհուրդ, որում ներառված կլինեն երկրի առաջատար տնտեսագետները, սոցիոլոգները, քաղաքագետները, միջազգային հարաբերությունների մասնագետները: Խորհուրդը, ըստ պրն Սաֆարյանի, կառավարության համար կկատարի որակյալ վերլուծություն եւ խորհրդատվություն ԵՏՄ տարածքում ընթացող տնտեսական եւ քաղաքական գործընթացների վերաբերյալ: Խորհուրդը նաեւ հասարակությանը պետք է ներկայացնի ԵՏՄ տարածքում տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ նորությունները:

Արամ Սաֆարյանը վստահ է, որ Հայաստանը կարող է մեծացնել դեպի Ռուսաստան արտահանման ծավալները եւ մեծացնել հատկապես գյուղմթերքների արտահանման ծավալները. «Նաեւ ամենառեալը, որ այսօր կարող է Հայաստանը արտահանել, մեր բարձր տեխնոլոգիաներն են, քանի որ Արեւմուտքից Ռուսաստանը տեւական ժամանակ կարող է եւ չստանալ»:

Տնտեսագետ Աշոտ Թավադյանն էլ ասուլիսին նշեց, որ տնտեսական առումով քայլերը ԵՏՄ տարածքում լիարժեք կատարվում են, սակայն քաղաքական առումով հետեւանքները կարող են բացասական լինել: Պրն Թավադյանն ասում է, որ դժբախտաբար Հայաստանը լավ պատրաստ չէ ԵՏՄ անդամակցության համար. «Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը տեխնիկական խնդիրները լավ լուծեց: Սակայն մենք հիմա պետք է մշակենք այն բոլոր հնարավորությունները, որ ունենք»: Պրն Թավադյանը ներկայացրեց մի քանի հակաճգնաժամային քայլեր,որոնք ընդունել է Ռուսաստանը եւ առաջարկեց, որ Հայաստանում էլ պետք է ընդունվեն այս քայլերը: «Առաջինն այն է, որ պետք է աջակցել ներմուծման ապրանքներին փոխարինող արտադրանքի արտահանմանը, աջակցել փոքր եւ միջին բիզնեսին, սուբսիդավորել այն վարկերը, որոնք վերցնում են ձեռնարկությունները եւ որոնք ուղղված են արտահանմանը եւ ներմուծվող ապրանքները փոխարինմանը»:

Հարցին, թե ինչ ազդեցություն կունենա Ռուսաստանի ծանր տնտեսական դրությունը ԵՏՄ կազմում Հայաստանի վրա եւ ինչպիսի տնտեսական էֆեկտ կլինի Հայաստանում հաշվի առնելով այդ գործոնը, տնտեսագետը պատասխանեց. «Դե ֆակտո մենք փոխկապակցված ենք Ռուսաստանի հետ եւ մտնում ենք ԵՏՄ, թե չենք մտնում, միեւնույն է սանկցիաներից այդ հարվածը մենք ստանում ենք: Ենթադրենք՝ Ռուսաստանում տնտեսական անկումը կլինի 5 տոկոս, Հայաստանում մենք կստանանք նույն հարվածը գրեթե նույն ուժգնությամբ: ԵՏՄ լիարժեք անդամ լինելը հնարավորություն է տալիս օգտվել էժան ռեսուրսներից եւ լուծել պաշտպանության համար մեր անհրաժեշտ խնդիրները»:

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փորձագետ, սոցիոլոգ Սամվել Մանուկյանն էլ ներկայացրեց սոցիոլոգիական տեսակետից տվյալներ, եւ նշեց, որ Հայաստանի համար կարեւորագույն խնդիր է հասարակության կոնսոլիդացումը՝ խուսափելու համար այն հասարակական անկայությունից, որը տեղի է ունենում աշխարհի այլ երկրներում. «Հիմա հասարակության լայն շերտերի եւ վերնախավի միջեւ անհամաձայնություն կա ինչպես աշխարհի այլ երկրներում, այնպես էլ Հայաստանում: Հայաստանի մոտ 80 տոկոսը բացասական դիրքորոշում ունի ոչ միայն քաղաքական վերնախավի, այլեւ տնտեսական համակարգերի նկատմամբ: Վերջին տասը տարիների կարեւորագույն բոլոր որոշումները ընդունելի չեն եղել հասարակության համար, մինչդեռ Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը միակ խոշոր աշխարհաքաղաքական որոշումն է, որին կողմ է քաղաքացիների մոտ 80 տոկոսը: Սա հսկայական ռեսուրս է, որպեսզի կառավարությունը կարողանա կատարել հսկայական քայլեր կոնսոլիդացնելու հասարակությունը եւ վերացնելու վերնախավերի եւ հասարակության միջեւ անջրպետը»:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ներդրումներ ապահովելու համար տնտեսության մասին նպաստավոր կարծիք է պետք. Արամ Սաֆարյան
Panorama.am

«Մենք՝ եվրասիական փորձագիտական ակումբի անդամներս, առաջարկում ենք ստեղծել ՀՀ կառավարությանն առընթեր եվրասիական ինտեգրման գիտափորձական խորհուրդ: Այն կունենա երեք կարևոր գործառույթներ: Առաջին ֆունկցիան այդ խորհրդի այն է, որ հնարավորություն կտա որակյալ վերլուծություններ անել և խորհրդատվություն տալ ՀՀ կառավարությանը՝ ԵՏՄ տարածքում ընթացող տնտեսական ու քաղաքական գործընթացների վերաբերյալ: Երկրորդ ֆունկցիան մեզ թույլ կտա ՀՀ քաղաքացիներին իրազեկել մաքսային և հարկային նորությունների մասին: Եվ երրորդ ֆունկցիան այդ խորհրդի, որը պակաս կարևոր չէ, դա ՀՀ հեղինակավոր փորձագետների և գիտնականների մասնակցությունն է ռուսական, բելառուսական և ղազախական գիտափորձագիտական միջոցառումներին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը:

Վերլուծաբանի խոսքերով՝ խոհուրդը կապահովի ՀՀ իշխանություններին խիստ անհրաժեշտ տեղեկատվությամբ. «Մեր իշխանությունները պետք է լավ տեղեկացված լինեն, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենալու Ռուսաստանում և Եվրասիական տնտեսական միության մյուս երկրներում»:

«Վերջին մեկ տարվա ընթացքում մեր փորձագետները և տնտեսագետներն ապացուցել են, որ մենք ունենք բավարար ներուժ ոչ միայն փոքրիկ Հայաստանին հետաքրքրող տեղեկատվություն և գիտական մշակումներ կատարելու համար, այլ նաև մասնակցելու համար եվրասիական ավելի բարձր մակարդակով ընթացող քննարկումներին, մշակումներին, գիտական հետազոտություններին»,- հայտարարեց Սաֆարյանը:

Վերլուծաբանը նշեց նաև, որ վերը թվարկված երեք ուղղություններով 2015 թվականին ծով անելիք կա. «Մենք արդեն մեկ շաբաթ է տարբեր առիթներով առաջ ենք տանում այս խնդիրը և փորձում ենք այնպես հղկել, որ եկող շաբաթվա ընթացքում բոլորիս ստորագրությամբ մի նամակ հղենք վարչապետին: Կարծում եմ՝ սա ինքնանպատակ չէ, թե դա մենք կլինենք, թե ոչ: Կարևոր է, որ շատ հեղինակավոր տնտեսագետներ լինեն, և մարդիկ, որոնց ճանաչում են Հայաստանից դուրս, և որոնք իրենց դրսևորել են որպես բարձր մակարդակի փորձագետներ: Նրանց ներկայությունը այդ խորհրդատվական, հասարակական մարմնում կարող է փոխել ընդունվող որոշումների կայացման որակը»:

«Ներդրումներ ապահովելու համար ՀՀ տնտեսության մասին նպաստավոր կարծիք է պետք, իսկ կարծիք ստեղծում են ռեյտինգները: Մենք ԵՏՄ-ում և մասնավորապես ՌԴ-ում, ի վիճակի ենք մեր տնեսական վիճակի և կենցաղի մասին շատ բարյացակամ տպավորություն ստեղծել: Դրա նախադրյալները կան, քանի որ Հայաստանը ԵՏՄ կազմում ամենալիբերալ տնտեսական ռեժիմներ ունեցող երկիրն է»,- ասաց վերլուծաբանը:

Մեր տնտեսությունը մոնոպոլիզացված է». Տնտեսագետ
Panorama.am

«Մենք դե ֆակտո սերտ փոխկապակցված ենք Ռուսաստանի հետ: Մտնենք ԵՏՄ, թե ոչ, տնտեսական սանկցիաներից եկող հարվածը մենք ստանում ենք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:

Ըստ նրա, դե ֆակտո ՀՀ-ն և ՌԴ-ն փոխկապակցված են, իսկ դե յուրե անդամակցությունը ԵՏՄ-ին թույլ է տալիս օգտվել էժան ռեսուրսներից և որոշակի պայմաններ ստեղծել արտադրական խնդիրներ լուծելու համար: Տնտեսագետը հավելեց նաև, որ չնայած ԵՏՄ-ն տնտեսական կազմակերպություն է, սակայն այն, իր կարծիքով, ՀՀ պաշտպանության համար անհրաժեշտ խնդիրներ կլուծի:

Տնտեսագետը նկատեց, որ ՀՀ տնտեսական իրավիճակի բարելավումը պետք չէ կապել նրա հետ, թե ում հետ ենք պայմանագիր կնքում: «Այնպես չէ, որ վաղը եթե զարգացած Նոր Զելանդիայի հետ պայմանագիր կնքենք, մեր իրավիճակը անմիջապես կլավանա»,- ասաց Թավադյանը: Ըստ նրա՝ եթե պատրաստի արտադրանքը միայն ՌԴ է արտահանվում, իսկ ԵՏՄ մտնելով հանվում են բոլոր մաքսատուրքերը, ապա այստեղ Հայաստանը շահում է: Իսկ ինչ վերաբերում է սանկցիաների արդյունքում կրած տնտեսական հարվածին, ապա դա հասնում է նաև Հայաստանին ոչ միայն ՌԴ հետ մեծ փոխկապակցվածության պատճառով, այլև այն պատճառով, որ ՀՀ-ն գտնվում է նույն տարածաշրջանում:

Խոսելով ներդրումների խնդրի մասին՝ տնտեսագետը նշեց, որ հիմա ոչ հաջող պայմաններ են ստեղծված դրանց համար: Սակայն նա նկատեց, որ ներդրումները միայն համապատասխան պայմանների պարագայում չեն արվում:

«Հայաստանի կոռուպցիայի մակարդակը շատ բարձր է: Մեր տնտեսությունը մոնոպոլիզացված է, և ներկրողները սովոր են բարձր շահութաբերությամբ աշխատել: Այստեղ պետք է շատ խնդիրներ կարգավորել»,- ընդգծեց Թավադյանը:

Տնտեսագետը նկատեց, որ ՀՀ ներսում ավելի մեծ քննադատություններ են հնչում ԵՏՄ հարցով:
«Իմ լավ ընկեր Արամ Սաֆարյանն ասում է՝ այնպիսի տպավորություն է, որ Ռուսաստանի տնտեսությունն է 2 միլիոնանոց, իսկ Հայաստանինը՝ 200 միլիոն»,- ասաց Թավադյանը:

Նրա խոսքերով՝ ՀՀ ԵՏՄ-ին անդամակցության մասին օտարերկրյա գործիչներն ավելի կոռեկտ են արտահայտվում:
Ինչ վերաբերում է գնագոյացման խնդրին, տնտեսագետն ասաց, որ առանց կոռուպցիայի վերացման, առաջխաղացում չի կարող լինել:

«Հակաճգնաժամային քայլեր արվում են». Աշոտ Թավադյան
panorama.am
«ԵՏՄ-ին միանալու գործընթացը սկսվել է սեպտեմբերի երեքին՝ հայտնի հանդիպումից հետո, բայց դրանից կես տարի առաջ մեր խումբը սկսել էր աշխատել, որը փորձում էր գնահատել այն էֆեկտները, որոնք սպասվում են թե ԵՄ, թե ԵՏՄ-ում»,-ասաց տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Աշոտ Թավադյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ըստ նրա՝ եվրասիական փորձագիտական խմբի կատարած հաշվարկներով, հինգ տարում տնտեսական էֆեկտը լինելու է 146 միլիոն:

Անդրադառնալով հակաճգնաժամային քաղաքականությանը՝ տնտեսագետը նշեց.«Հակաճգնաժամային քայլեր կան մեզ մոտ: Գիտենք՝ Ռուսաստանում ընդունվեց հակաճգնաժամային ծրագիր: Իհարկե, մենք պետք է աշխատենք այդ հակաճգնաժամային ծրագրի մեջ ներառվել»:

Ըստ տնտեսագետի՝ առաջին քայլը, որ արեց ՌԴ-ն, աջակցելն էր ներմուծման ապրանքների փոխարինող արտադրանքների արտահանմանը: Երկրորդ քայլը, ըստ տնտեսագետի, փոքր և միջին բիզնեսին ցուցաբերած աջակցությունն է: Եվ երրորդ քայլը՝ շրջանառու միջոցներին աջակցելն է:

«Այսինքն, սուբսիդավորել այն վարկերը, որոնք վերցնում են այն ձեռնարկությունները, որոնք ուղղված են արտահանմանը և ներմուծվող ապրանքների փոխարինմանը»,- բացատրեց տնտեսագետը:

Չորրորդ քայլն, ըստ Թավադյանի, անապահով խավին սուբսիդավորելն է:

Տնտեսագետը նշեց, որ ՀՀ կառավարությունը դեռևս նման ծրագիր չունի, սակայն քայլեր արվում են այդ ուղղությամբ: Մասնավորապես, Թավադյանի տվյալներով, խրախուսվել է արտահանումը, շահութահարկը 20 տոկոսից իջեցվել է 2 տոկոս՝ այն արտահանողների համար, որոնք 50 միլիարդ դրամից կամ 105 միլիոն դոլարից ավել են արտահանում:

Տնտեսագետը նկատեց, որ հակաճգնաժամային քայլեր անում է նաև ՀՀ Կենտրոնական բանկը: Ըստ Թավադյանի՝ ԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսը մինչև 9,5 տոկոս և միավորում է բանկերը, ինչը ԿԲ կարծիքով կայունացնում է ՀՀ բանկային համակարգը: Թավադյանը հորդորեց ՀՀ պետական մարմիններին և առաջին հերթին՝ ԿԲ-ին օպտիմիզացնել իրենց ծախսերը:

Ինչ վերաբերում է գազի գնին, տնտեսագետը նշեց, որ այն 20 տոկոսով էժանացել է: Սակայն Թավադյանը նկատեց, որ անհրաժեշտ է այնպես անել, որպեսզի վերջնական սպառողի համար գազի գինը չթանկանա և մնա նույնը:

Պետք է ստեղծվի գիտափորձագիտական խորհուրդ՝ ԵՏՄ-ի հարցերով զբաղվելու համար
blognews.am

Քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը վարչապետին առաջարկում է ստեղծել գիտափորձագիտական խորհուրդ, որը կզբաղվի ԵՏՄ-ի անդամակցության հարցերով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Արամ Սաֆարյանը: «Այս տարի հունվարի 2-ին Հայաստանը ընդգրկվեց ԵՏՄ-ում: Մենք եվրասիական փորձագիտական ակումբի անդամներս հանդես ենք գալիս առաջարկությամբ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր՝ Եվրասիական ինտեգրման հարցերով ստեղծել գիտափորձագիտական խորհուրդ: Այս խորհրդի մեջ կմտնեն մեր երկրի առաջատար տնտեսագետները, սոցիոլոգները, քաղաքագետները, միջազգային հարաբերությունների փորձագետները»:

Պետք է ստեղծվի գիտափորձագիտական խորհուրդ՝ ԵՏՄ-ի հարցերով զբաղվելու համար
http://araratnews.am

Քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը վարչապետին առաջարկում է ստեղծել գիտափորձագիտական խորհուրդ, որը կզբաղվի ԵՏՄ-ի անդամակցության հարցերով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Արամ Սաֆարյանը: «Այս տարի հունվարի 2-ին Հայաստանը ընդգրկվեց ԵՏՄ-ում: Մենք եվրասիական փորձագիտական ակումբի անդամներս հանդես ենք գալիս առաջարկությամբ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր՝ Եվրասիական ինտեգրման հարցերով ստեղծել գիտափորձագիտական խորհուրդ: Այս խորհրդի մեջ կմտնեն մեր երկրի առաջատար տնտեսագետները, սոցիոլոգները, քաղաքագետները, միջազգային հարաբերությունների փորձագետները»:

Խորհուրդն ունենալու է մի քանի ֆունկցիաներ, որոնք ներկայացրեց Արամ Սաֆարյանը: «Խորհուրդն ունենալու է 3 կարևոր ֆունկցիաներ: 1-ին՝ Խորհուրդը կարող է Հայաստանի կառավարության համար կատարել որակյալ վերլուծություններ և խորհրդատվություն Եվրասիական տնտեսական միության տարածքում ընթացող տնտեսական և քաղաքական գործընթացների վերաբերյալ: Մեր իշխանությունները պետք է լավ տեղեկացված լինեն, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենալու Ռուսաստանում և Եվրասիական տնտեսական միության մյուս երկրներում: 2-րդ ֆունկցիան՝ հասարակությանը տեղեկացնելն է մաքսային, հարկային նորությունների մասին: 3-րդ ֆունկցիան կայանում է նրանում, որ մեր գիտնականների, փորձագետների ներկայությունը ռուսական, բելառուսական գիտափորձագիտական միջոցառումներին պարտադիր դարձնեն»:

«Այնպես չէ, որ մենք վաղը պայմանագիր ստորագրենք զարգացած Նոր Զելանդիայի հետ՝ մեր վիճակը միանգամից կլավանա». Տնտեսագետ
168.am
«Ռուսաստանում ընդունվեց հակաճգնաժամային ծրագիր, ըստ որի՝ կառավարությունը պետք է աջակցի արտահանմանը, փոքր և միջին բիզնեսին, սուբսիդավորի վարկերը, որոնք վերցնում են այն ձեռնարկությունները, որոնք ուղղված են արտահանմանը, և սուբսիդավորի անապահով խավերին, իսկ Հայաստանը հակաճգնաժամային ծրագիր չունի»,- այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ խոսեց տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Թավադյանը՝ ընդգծելով նման ծրագրի կարևորությունը:

Ըստ նրա՝ ՀՀ կառավարությունն արդեն առաջին քայլն արել է: «Արտահանումը խրախուսեցին, շահութահարկը 20 տոկոսից իջեցրեցին 2 տոկոս՝ այն արտահանողների համար, որոնք 50 միլիարդ դրամից կամ 105 միլիոն դոլարից ավելի են արտահանում: Համապատասխան քայլեր է անում նաև Կենտրոնական բանկը: Այն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսը՝ մինչև 9.5 տոկոս, և միավորում է բանկերը, որը, իրենց կարծիքով, կայունացնում է բանկային համակարգը»,- նշեց տնտեսագետը:

Նա հորդորեց բոլոր պետական մարմիններին, առաջին հերթին՝ Կենտրոնական բանկին՝ օպտիմիզացնել իրենց ծախսերը. «ԿԲ-ն 26 միլիարդ դրամ նախատեսել է ԿԲ-ի կապիտալ ծախսերի համար, 6.5 միլիարդ նախատեսված է վարչական ծախսերի համար: Մենք պետք է հնարավորություն ստեղծենք վերաբաշխել այն միջոցները, որոնք հիմա առաջին անհրաժեշտություն չունեն, որպեսզի կարողանանք նաև մեր սոցիալական ծանր վիճակում գտնվող խավերին փոխհատուցել»:

Ըստ տնտեսագետի՝ մենք դե ֆակտո սերտ փոխկապակցված ենք Ռուսաստանի հետ՝ անկախ նրանից՝ մտնո՞ւմ ենք ԵՏՄ, թե՞ ոչ. «Միևնույն է՝ այդ հարվածը սանկցիաներից մենք ստանում ենք: Ենթադրենք՝ ՌԴ-ի անկումը կլինի 4-5 տոկոս, Հայաստանում էլ կլիներ նույնը: Այսինքն՝ դե ֆակտո մենք արդեն փոխկապակցված ենք, դե յուրեն ոչինչ չի փոխում»: Ա. Թավադյանի խոսքով՝ ԵՏՄ-ին անդամ լինելը, առաջին հերթին՝ հնարավորություն է տալիս գոնե հիմա օգտվել էժան ռեսուրսներից և որոշակի պայմաններ ստեղծել արտադրական խնդիրներ լուծելու համար, ինչպես նաև՝ լուծել մեր պաշտպանության համար անհրաժեշտ խնդիրները. «Այնպես չէ, որ մենք վաղը պայմանագիր ստորագրենք զարգացած Նոր Զելանդիայի հետ՝ մեր վիճակը միանգամից կլավանա:

Իրականությունն է միայն ցույց տալիս այն ուղղությունը, որով դու կարող ես շարժում անել: Եթե քո պատրաստի արտադրանքը արտահանվում է միայն Ռուսաստան, այնտեղ որոշակի դժավարություններ են առաջանում, հիմա ավելի՞ դժվարացնենք»: Տնտեսագետը նկատեց, որ պետք չէ գերագնահատել այս կամ այն միության հնարավորությունները. «Աճ ունենալու համար այդ միությունն ընդամենը 2 տոկոսի հնարավորություն է տալիս, այն էլ՝ առաջին 2 տարիներին: Որպեսզի էական աճ ունենանք, մենք պետք է ճշգրտենք մեր տնտեսական, հատկապես՝ դրամավարկային քաղաքականությունը»: Հարցին՝ որքանո՞վ ենք մենք պատրաստ այդ պայմաններից օգտվել, տնտեսագետը պատասխանեց. «Լավ պատրաստ չենք: Մենք հիմա պետք է մշակենք այն բոլոր հնարավորությունները, որոնք առկա են մեզ մոտ»:
ԱՆԻ ՔԵՇԻՇՅԱՆ

Եվրասիական փորձագիտական ակումբի անդամներն առաջարկում են վարչապետին առընթեր եռաֆունկցիոնալ կառույց ստեղծել
168.am
Եվրասիական ինտեգրումը ծավալվել է մի ժամանակաշրջանում, երբ միջազգային հարաբերությունները ծայրահեղ լարված են, Արևմուտքի և Ռուսաստան միջև ընթանում են արգելամիջոցների պատերազմներ, իրադրությունը մոտ է սառը պատերազմին և ծայրահեղ լարված է Եվրասիական աշխարահամասի բազմաթիվ վայրերում: Այս կարծիքին է քաղաքական վերլուծաբան, «Ինտեգրում և զարգացում» Հ/Կ ղեկավար Արամ Սաֆարյանը, որն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց կառավարությանն ուղղված Եվրասիական փորձագիտական ակումբի անդամների առաջարկը:

Նա հիշեցրեց, որ իրենք անցյալ հետազոտություններ են կատարել՝ հիմնավորելու համար, որ Հայաստանը դրական ակնկալիք և սպասելիք ունի ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացից: Այժմ նրանք առաջարկում են ստեղծել ՀՀ վարչապետին առընթեր Եվրասիական ինտեգրման հարցերով գիտափորձագիտական խորհուրդ, որտեղ կլինեն Հայաստանի առաջատար տնտեսագետները, միջազգային իրավունքի մասնագետները, սոցիոլոգները, քաղաքագետները, միջազգային հարաբերությունների մասնագետները: Այդ խորհուրդը պետք է ունենա 3 ֆունկցիա. «Առաջին՝ Հայաստանի առաջատար տնտեսագետներից և այլ մասնագետներից բաղկացած այդ խորհուրդը կարող է Հայաստանի կառավարության համար անել որակյալ վելուծություն և խորհրդատվություն Եվրասիական տարածքում ընթացող տնտեսական և քաղաքական գործընթացների մասին: Ես կարծում եմ՝ մեր իշխանությունները մանրամասնորեն պետք է հասցնեն տեղյակ լինել այն բուռն փոփոխություններից, որ այսօր ընթանում են Ռուսաստանում և ԵՏՄ տարածքի մյուս երկրներում»:

Խորհրդի երկրորդ ֆունկցիան այն է, որ զանգվածային հեղինակավոր լրատվամիջոցների ղեկավարների մասնակցությամբ այդ գիտափորձագիտական խորհուրդը կարող է զբաղվել հասարակությանը տեղեկացնելով այն նորությունների մասին, որոնք կարևոր կլինեն և որոնք 2015 թվականի ընթացքում տեղի կունենան: Երրորդ ֆունկցիան այդ խորհրդի՝ Հայաստանի հեղինակավոր գիտնականների և փորձագետների մասնակցությունն է ռուսական, բելառուսական և ղազախական գիտափորձագիտական շրջանակների մասնակցությամբ անցնող միջոցառումներին. «Վերջին մեկ տարվա ընթացքում մեր տնտեսագետները և մյուս փորձագետները ապացուցել են, որ մենք ունենք բավարար ներուժ՝ ոչ միայն փոքրիկ Հայաստանին հետաքրքրող տեղեկատվություն և գիտական մշակումներ կատարելու համար, այլև մասնակցելու համար Եվրասիական ավելի բարձր մակարդակով ընթացող քննարկումներին, մշակումներին, գիտական հետազոտություններին»,- նշեց Ա. Սաֆարյանը: Ըստ բանախոսի՝ այդ գիտափորձագիտական խորհուրդը նաև անհրաժեշտ է, որովհետև, օրինակ, մեկ ամիս է անցել ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցությունից, սակայն մինչև հիմա հազարավոր մարդիկ չգիտեն, թե ինչպես է վերականգնվելու նրանց ՌԴ մտնելու իրավունքը, ինչպես են նրանք Ռուսաստան մտենլուց հետո օգտվելու Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի քաղաքացիներին հավասար աշխատանքային իրավունքներից և սոցիալական փաթեթներից: Ա. Սաֆարյանը համոզված է, որ Հայաստանում պետք է ստեղծվեն կառույցներ (շատ լավ կլինի, որ անվճար աշխատեն), որոնք տեղեկատվությունը թափանցիկ և հասանելի կդարձնեն Եվրասիական գործընթացների վերաբերյալ: Դիտարկմանը, որ արդեն իսկ նոր նախարարություն է ստեղծվել այդ ֆունկիցաների համար, Ա. Սաֆարյանը պատասխանեց, որ սա չի կարող լինել նախարարության ֆունկցիան. «Պետական կառավարման մարմինը դրա համար չի ստեղծվում, այն ստեղծվում է կառավարման գործառույթներ իրականացնելու համար: Բայց ինքը իրեն առընթեր կարող է ունենալ հասարակական կառույցներ, որոնք պրոֆեսիոնալ առումով այդ գործը կարող են առաջ տանել: Եթե մենք չունենանք ամբողջական տեղեկատվություն Եվրասիական պրոցեսների մասին, մենք չենք կարողանալու իրացնել այն լավը, որի մասին մենք այս երկու տարի է խոսում ենք»,- նշեց նա:
ԱՆԻ ՔԵՇԻՇՅԱՆ

Սամվել Մանուկյան. «ԵԱՏՄ-ն միակ խոշոր աշխարհաքաղաքական և քաղաքական գործողությունն է, որը ընդունելություն է ստացել հասարակության բացարձակ մեծամասնության կողմից»

Այսօր տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Աշոտ Թավադյանը, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը, Նորավանք հիմնադրամի փորձագետ, սոցիոլոգ Սամվել Մանուկյանը անդրադարձան ԵԱՏՄ-ում Հայաստանի հնարավոր հաջողություններին:
Արամ Սաֆարյանի խոսքով` Եվրասիական ինտեգրումը ծավալվել է մի ժամանակաշրջանում, երբ միջազգային հարաբերությունները ծայրահեղ լարված են, արևմուտքի և Ռուսաստանի միջև ընթանում է արգելամիջոցների պատերազմ, իրադրությունը մոտ է սառը պատերազմին, և ծայրահեղ լարված է Եվրասիական աշխարհամասի բազմաթիվ վայրերում. «Մենք անցած 2.5 տարիների ընթացքում հետազոտություններ ենք կատարել այս ոլորտում, հիմնավորելու համար, որ Հայաստանը դրական ակնկալիք ունի այս գործընթացից»:
Արամ Սաֆարյանը ներկայացրեց, որ իրենք՝ Եվրասիական փորձագիտական ակումբի անդամները, առաջարկում են ՀՀ վարչապետին առընթեր ստեղծել Եվրասիական ինտեգրման հարցերով գիտափորձագիտական խորհուրդ, որի մեջ կմտնեն մեր երկրի առաջատար տնտեսագետները, միջազգային իրավունքի մասնագետները, սոցիոլոգները, քաղաքագետները, միջազգային հարաբերությունների մասնագետները և առաջարկում են, որպեսզի այդ գիտափորձագիտական խորհուրդը ունենա 3 ֆունկցիա. «Մենք կարծում ենք, որ Հայաստանի առաջատար տնտեսագետներից և այլ մասնագետներից բաղկացած այդ խորհուրդը կարող է Հայաստանի կառավարության համար անել որակյալ վերլուծություն և խորհրդատվություն` Եվրասիական տարածքում ընթացող տնտեսական և քաղաքական գործընթացների մասին»:

Աշոտ Թավադյանի խոսքով՝ Մաքսային միության գործընթացը սկսվել է սեպտեմբերի 3-ին, բայց դրանից կես տարի առաջ իրենց խումբն արդեն սկսել է աշխատել` գնահատելու համար այն էֆեկտները, որոնք սպասվում են և՛ Եվրասիական տնտեսական միությունում, և՛ Եվրամիությունում. «Գնահատականներն արվել են և հրապարակվել են և՛ ռուսերեն, և՛ անգլերեն լեզուներով, ուղարկվել են բոլոր կենտրոններին: Եվրամիության փորձագետների հաշվարկով՝ 5 տարում տնտեսական էֆեկտը կկազմի 146 միլիոն, այն էլ այն պարագայում, եթե Թուրքիայի սահմանը բացվի: Մեր հաշվարկները գրեթե նույն թիվն են ցույց տվել: Առաջ մենք մաքսատուրքերից ստանում էինք տարեկան մոտ 130 միլիոն դոլար, հիմա տարեկան կստանանք մոտ 300 միլիոն դոլար»:

Աշոտ Թավադյանի խոսքով՝ կան մի քանի հակաճգնաժամային քայլեր, որ կիրառեց Ռուսաստանը, դրանք են՝ աջակցել արտահանմանը, աջակցել փոքր և միջին բիզնեսին, աջակցել շրջանառու միջոցների լրացմանը, սուբսիդավորել անապահով խավերին. «Իսկ ի՞նչ է անում Հայաստանը: Ես կարծում եմ, որ մեր կառավարությունը նույնպես պետք է մշակի հակաճգնաժամային ծրագիր: Կառավարությունն առաջին քայլն արդեն արել է, որը մոտ է Ռուսաստանի այն քայլերին, որ խրախուսում է արտահանումը, շահութահարկը 20 տոկոսից իջեցրեց 2 տոկոսի այն արտահանողների համար, որոնք 50 միլիարդ դրամից ավել են արտահանում»:

Սամվել Մանուկյանը նշեց, որ բոլոր վերնախավերը անջրպետված են Հայաստանի հասարակությունից և կարևորագույն բոլոր որոշումները, որոնք կայացվել են վերջին 10-15 տարիների ընթացքում, որպես կանոն, ընդունելի չեն եղել կամ անտարբեր են ընդունվել հասարակության կողմից: Միակ բացառությունը Հայաստանի ընդգրկումն է Եվրասիական տնտեսական միության կազմ: Սա միակ խոշոր աշխարհաքաղաքական և քաղաքական գործողությունն է, որը ընդունելություն է ստացել հասարակության բացարձակ մեծամասնության կողմից. «Սոցիոլոգիական տեսակետից այսօր Հայաստանի համար կարևորագույն խնդիրը հասարակության կոնսոլիդացումն է՝ խուսափելու համար այն հնարավոր հասարակական անկայունությունից, որը գիտենք, որ ուղղորդում է և տեղի է ունենում աշխարհի շատ երկրներում: Հայաստանի հասարակության մոտավորապես 80 տոկոսը բացասական դիրքորոշումներ ունի ոչ միայն պետական կառավարման մարմինների, այլև տնտեսական վերնախավերի և, ինչը շատ կարևոր է, ամբողջ կուսակցական համակարգի նկատմամբ՝ անկախ նրանից, դրանք իշխող կուսակցություններ են, թե ընդդիմադիր»:
Nyut.am

Արամ Սաֆարյանի առաջարկը կառավարությանը
Iravink.am

Քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանն առաջարկում է ՀՀ կառավարությանը ստեղծել գիտափորձագիտական խորհուրդ, որը պետք է վերլուծություններ անի ԵՏՄ-ու տեղի ունեցող գործընթացների մասին:
Բացի այդ, ըստ Սաֆարյանի, մեր գիտնականների ու փորձագետները պետք է մասնակցություն ունենան բելառուսական ու ղազախական գիտափորձագիտական մակարդակով անցնող միջոցառումներին:

Արամ Սաֆարյանը կարծում է, որ Հայաստանի` ԵՏՄ-ի անդամակցությունից հետո պետք են տեղեկատվություն տարբեր հարցերի վերաբերյալ:«Մեր միգրանտները չգիտեն` կարող են ՌԴ-ում Բելառուսի ու Ղազախստանի քաղաքացիների նման հավասար աշխատել: Չգիտեն` ինչ արտոնություններ ունեն: Կարծում եմ` Հայաստանում պետք է ստեղծել կառույցներ, որոնք կարողանան անվճար թափանցիկ տեղեկատվություն տալ ԵՏՄ-ի մասին»,- եզրափակեց վերլուծաբանը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

ArmarLur.com


Դիտել Society, Լրահոս, Հասարակություն, Ռուսաստան, Տարածաշրջան, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն