Արդարացի չէր ՌԴ պատվիրակությանը ձայնից զրկելը
Հունվարի 26-30-ը Ստրասբուրգում տեղի ունեցավ ԵԽ ԽՎ այս տարվա առաջին լիագումար նստաշրջանը: Հայաստանյան պատվիրակության անդամներն այն համարում են ծավալուն հարցերով հագեցած նստաշրջան: Չնայած պատվիրակությունը ստիպված է եղել մասնակցել կրճատված կազմով՝ 8 անդամից երեքը չեն մասնակցել, սակայն մերոնց հաջողվել է ակտիվորեն աշխատել բոլոր հարթակներում:
Դեռեւս 2014-ի նոյեմբերին ԵԽ ԽՎ մշտական հանձնաժողովը բանաձեւ ընդունեց, որով դատապարտում էր հայ սպային կացնահարած ադրբեջանցի մարդասպանի՝ Ռամիլ Սաֆարովի արդարացումը Ադրբեջանի կողմից, իսկ այս նստաշրջանում ԵԽ ԽՎ-ի գլխավոր քարտուղարի ու նախագահի նախաձեռնությամբ կազմակեպվում է «Ոչ ատելությանը» շարժումը:
Հայ պատվիրակները, դառնալով շարժման ակտիվ մասնակիցներ, եվրոպական պատվիրակների ուշադրությունը հրավիրում են հարեւան Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Արցախի հանդեպ վարվող ատելության, թշնամանքի, անհանդուրժողականության քաղաքականության վրա: Միաժամանակ տեղեկացնում Ադրբեջանի կողմի հրադադարի խախտման փաստերի մասին, ինչի հետեւանքով գնդակոծվում են սահմանամերձ հայկական գյուղերի խաղաղ բնակիչները:
Իսկ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ելույթներով էլ մերոնք փորձել են եվրոպական հանրության ուշադրությունը սեւեռել այն հանգամանքի վրա, որ Հայոց ցեղասպանությունը, որպես մարդկության դեմ իրականացված հանցագործություն, մինչ օրս չի ճանաչվել Թուրքիայի կողմից, ավելին, վերջինս շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը:
Միաժամանակ հիշեցրել են, որ կան պետություններ, որոնք կարեւոր անելիք ունեն ոչ միայն ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցում, այլեւ թուրքական ժխտողականության դեմ պայքարում:
Սակայն ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության գործունեության մեջ առավել մեծ ուշադրության արժանացավ նրա «ձեռնպահ» քվեարկությունը Ռուսաստանի պատվիրակությանը ձայնից զրկելու հարցում: Ինչո՞ւ, ի՞նչ գործոններ, քաղաքական ինչպիսի՞ հաշվարկներ ազդեցին, որ մեր պատվիրակները քվեարկության հարցում կայացնեն նման որոշում:
Պարզաբանում է ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ:
-Հերթական անգամ ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության քվեարկությունը հայտնվեց ուշադրության կենտրոնում: Բայց այս անգամ ուշագրավ է, որ չնայած եղան տարբեր գնահատականներ, այնուհանդերձ արձանագրվեց, որ մեր պատվիրակությունը իրականացրել է Հայաստան պետության շահերից բխող «ոսկե միջինի» քաղաքականություն:
-Եվ դա, իրոք, այդպես է. մենք կայացրինք տրամաբանված որոշում, կատարեցինք իրավիճակից բխող քայլ: Ընդհանրապես ՌԴ պատվիրակության լիազորությունների դադարեցման առնչությամբ հայաստանյան պատվիրակությունը ունեցել է իր հստակ դիրքորոշումը՝ մենք համաձայն չենք եղել այդ առաջարկին: Եվ ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի մեր դիրքորոշումը մնացել է նույնը:
Այս լիագումար նիստում մոնիտորինգի հանձնաժողովում երկու անգամ քննարկվեց հարցը։ Մեր պատվիրակության երկու անդամները՝ Արմեն Ռուստամյանն ու ես, քվեարկել ենք հօգուտ այն դիրքորոշման, որը բխում էր ՌԴ շահերից: Մենք չենք համարում, որ այս կամ այն պատվիրակության լիազորությունների դադարեցումը խնդիրներ լուծելու կամ հարցեր քննարկելու լավագույն ճանապարհն է:
Ի վերջո, Խորհրդարանական վեհաժողովն այն հարթակն է, ուր տարբեր երկրների պատվիրակներ հնարավորություն ունեն իրենց խնդիրների մասին խոսելու, կարծիքներ հայտնելու, իրենց պետության շահերը պաշտպանելու: Հետեւաբար մեր համոզմունքն է՝ արդարացի չէ ՌԴ պատվիրակությանը ձայնից զրկելը:
Երբ լիագումար նիստերի դահլիճում սկսվեց ՌԴ պատվիրակությանը ձայնից զրկելու զեկույցի քննարկման գործընթացը, այդ պահին խնդիրը դրված էր հետեւյալ կերպ՝ ովքե՞ր են կողմ, որ դադարեցվեն ՌԴ պատվիրակության լիազորությունները: Հայաստանի պատվիրակությունը, ունենալով իր դիրքորոշումը, այսինքն՝ կողմ չլինելով ՌԴ պատվիրակությանը ձայնից զրկելուն, իր քվեարկությամբ արտահայտեց համարժեք վերաբերմունք՝ «կողմ» չքվեարկեց:
Տեղեկացնեմ նաեւ, որ մինչ այս հարցի քննարկումը շոշափվեցին նաեւ Ռուսաստանի համար շատ կարեւոր այլ հարցեր եւս, օրինակ, խնդիր էր դրված Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունները ճանաչել ահաբեկչական: Եվ այդ կարեւոր պահին մենք՝ Հայաստանի պատվիրակներս, քվեարկեցինք ի նպաստ ՌԴ շահերի:
Ես մեր պատվիրակության որոշումը համարում եմ շատ ճիշտ, քանի որ ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է, մենք երբեք կողմնակից չենք խորհրդարանական այդ հարթակում նրա համար բացասական իրավիճակներ ստեղծելուն:
-Իսկ հայաստանյան պատվիրակությունն իր «դեմ» քվեարկությամբ կարո՞ղ էր եղանակ փոխել, կարո՞ղ էր որեւէ կերպ օգնել ՌԴ պատվիրակներին:
-Իհարկե՝ ոչ: Իրավիճակը մեզ համար շատ տեսանելի էր, մենք հասկացանք, որ մեր փոքրաթիվ պատվիրակության քվեարկությամբ իրավիճակ չենք կարող փոխել, չենք կարող օգնել Ռուսաստանին: Իսկ «ձեռնպահ» քվեարկելով՝ մենք արտահայտեցինք մեր կողմ չլինելը ՌԴ պատվիրակության լիազորությունների դադարեցմանը:
-«Ձեռնպահ» քվեարկությունը մեկ այլ մեկնաբանություն եւս ստացավ, անգամ փորձ արվեց կապել Գյումրու սպանության դեպքի հետ։
– Գիտեք, կարելի է տարաբնույթ տարբերակներ շրջանառել, մինչդեռ իրականությունն այլ է. ես ուզում եմ բոլորը հստակ հասկանան, որ մեր պատվիրակության դիրքորոշումը ուղղորդված չի եղել, եւ ուղղված չի եղել որեւէ կողմին, մեր քվեարկությունը բխել է այդ պահին ստեղծված իրավիճակից:
Նաեւ ուզում եմ հորդորել լրագրողներին, քաղաքական ուժերին՝ պատվիրակներիս «ձեռնպահ» քվեարկության մեջ մի որոնեք այն, ինչ չկա, պետք չէ կարծել, թե մեր ձեռնպահ քվեարկությամբ մենք արտահայտել ենք որեւէ դժգոհություն ռուսական պատվիակության կամ ՌԴ իշխանության հանդեպ, ամենեւին, նման բան չկա:
Ռուսաստանը բարեկամ երկիր է, ու Հայաստանը չէր կարող աջակցել Ռուսաստանին ձայնից զրկելու գործընթացին, մեր քվեարկությամբ չէինք կարող վտանգել մեր գործընկեր պետությանը:
-Տարօրինակ էր ԵԽ ԽՎ նստաշրջանին ոչ իշխանականների չմասնակցությունը: Ինչպե՞ս եղավ, որ բոլորն իրար հետ հանկարծ հիվանդացան. երեկ ԱԺ նիստին մասնակցող Լեւոն Զուրաբյանի ոտքը այնքան էլ վատ չէր, որքան նկարագրում էր նա մինչ ԵԽ ԽՎ մեկնելը: Տպավորությունն այնպիսին է՝ կամ ինչ-որ խնդիր կա պատվիրակության ներսում, կամ ոչ իշխանականները փորձում են ներհայաստանյան իրենց ընդդիմադիր կեցվածքը նաեւ դրսում ցուցադրել: Բայց արդյոք միջազգային կառույցները ներքին հարաբերություններ պարզելու հարթա՞կ են:
-Որպես կանոն, դրսի հարթակներում՝ միջազգային կազմակերպություններում, լինի ԵԽ ԽՎ-ն թե մեկ ուրիշը, հայաստանյան պատվիրակները հանդես են գալիս միասնական դիրքորոշմամբ, հատկապես երբ այդ դիրքորոշումը վերաբերում է ազգային, պետական նշանակության խնդիրներին՝ ինչպես, օրինակ, Ղարաբաղյան խնդրին, Հայոց ցեղասպանությանը: Շատ հազվադեպ է եղել, որ նման պարագաներում տարբեր կամ իրարամերժ կարծիքներ են հնչել:
Ինչ վերաբերում է նրանց հանկարծակի հիվանդանալուն, ապա որեւէ հիմք չունեմ կասկածելու գործընկերներիս հայտարարություններին, որ ԵԽ ԽՎ նիստերին չմասնակցությունը պայմանավորված էր իրենց վատառողջությամբ: Հետեւաբար, ինչպես ասում են, անմեղության կանխավարկածն ընդունում եմ որպես հիմք:
Միաժամանակ նրանց քայլերում չեմ կարող բացառել քաղաքական ենթատեքստը: Կրկնում եմ, որքան էլ մեր պատվիրակության մեջ հիմնականում գոյություն ունի այդ միասնությունը, բայց յուրաքանչյուրն ունի իր կուսակցական շահը, նաեւ իր անձնականը, ու թերեւս հետապնդում է նաեւ այդ շահերը:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












