Գլխավոր » NKR, ԼՂ Հանրապետություն, Հասարակություն

Արժե՞ ՀՀ ներքին քաղաքական հարցերում խառնել Արցախի ժողովրդին. Հ Հարությունյանը Հիմնադիր խորհրդարանին

Փետրվար 3, 2015թ. 01:41

«Արժե՞ ՀՀ ներքին քաղաքական հարցերում խառնել Արցախի ժողովրդին»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց հրապարակախոս Հարություն Հարությունյանը` անդրադառնալով շաբաթ օրը Հիմնադիր խորհրդարանի կազմակերպած՝ դեպի Արցախ ավտոերթի մասնակիցներին ծեծի ենթարկելու փաստին:

Միաժամանակ նա նշեց, թե չի ծափահարում և չի ողջունում Արցախի իրավապահ մարմինների իրականացրած գործողությունը: Ավելին, նրա որակմամբ՝ ցավալի իրադարձություն, վատ բան է տեղի ունեցել: Սակայն Հարություն Հարությունյանի համոզմամբ՝ տեղի ունեցածի հարցում մեղավոր են ոչ միայն Արցախի իրավապահ մարմինները, այլև ավտոերթի կազմակերպիչներն ու մասնակիցները: «Իրավապահ մարմինները լավ բան չեն արել, ո՞վ ասաց, որ լավ բան են արել, բայց արդյո՞ք մյուս կողմը ճիշտ է, ինչո՞ւ չեն ասում` տղե՛րք, ի՞նչ գործ ունեիք Ղարաբաղի հետ»,- ասաց Հարություն Հարությունյանը:

Վերջինս նշեց, որ եթե Հայաստանում կան ներքաղաքական խնդիրներ, ինչ-ինչ քաղաքական ուժեր խնդիրներ ունեն իշխանությունների հետ, դժգոհ են իշխանություններից, պետք է իրենց շարժումը ծավալեն Հայաստանում, իրենց գաղափարները հասանելի դարձնեն Հայաստանում, Ղարաբաղում նման բան անելն անիմաստ է, ուստի ինչո՞ւ ԼՂ-ին խառնել նման ներքաղաքական հարցերին:

Նրա կարծիքով` որքան էլ մտածենք, որ Ղարաբաղը Հայաստան է, այսօր կա հայկական երկու պետություն, միջազգային ասպարեզում ՀՀ-ն ու ԼՂ-ն այդպես են ներկայանում, Արցախի բնակիչը չի կարող ընտրել ՀՀ նախագահ: «Որքանո՞վ է հարմար և ճիշտ, որ ամբողջ աշխարհում հայտնի դառնա, թե Արցախում նման բան է եղել: Պետք է հասկանալ, որ այնտեղ խնդիր կա, ու չգիտենք` այդ խնդիրը կլուծվի մե՞կ տարուց, երկո՞ւ, թե՞ տասը: Հետևաբար՝ պետք է մտածել՝ արդյոք արժե՞ ՀՀ ներքին քաղաքական հարցերում խառնել Արցախի ժողովրդին: Նույն ժամին, երբ Բերձորի դեպքերն են եղել, Արցախի ՊԲ-ն գործողություն է իրականացրել շփման գծում` ոչնչացնելով ադրբեջանական երկու դիրք:

Կարելի էր, չէ՞, այս անգամ Ղարաբաղը չխառնել այս ամենին, հատկապես, երբ Արցախի բնակիչը որոշիչ չէ այս հարցում, չի քվեարկելու, ձայնի իրավունք չունի: Գնալ Ղարաբաղ, երբ հունվարի 2-ից սկսած՝ սահմանին լարված դրություն է, ի՞նչ ենք ցանկանում ապացուցել հատկապես, երբ մի քանի անգամ նրանք զգուշացվել են, այդ թվում նույն օրը՝ Տեղ գյուղում են կանգնեցվել մեքենաները և զգուշացվել: Իմաստը ո՞րն էր այս ամենի, և այս ամենից ի՞նչ շահեցինք:
Եթե այդպես է, կարելի է Վրաստանում ևս կազմակերպել նման երթ, ի՞նչ է դա տալու: Այս ամենի նպատակն անհասկանալի է»,- ասաց Հարությունյանը` հավելելով, որ չի ցանկանում վերլուծել Արցախում ավտոերթ կազմակերպելու տողատակերն ու սադրանքի պատվիրատուներ փնտրել:

Նրա գնահատմամբ` Արցախյան շարժմանը մասնակից հերոսներին հարիր չէ նստել և պատմել, որ իրենց ծեծել են: Հարությունյանի համոզմամբ` դա պարզապես պետք էր թույլ չտալ նախապես, քանի որ զգուշացում էր եղել: Հարություն Հարությունյանը գտնում է, որ Հիմնադիր խորհրդարանը համախմբման, իրազեկման աշխատանքներ առաջին հերթին՝ պետք է Հայաստանում իրականացներ, հետո մտածեր Արցախի մասին:

Ի դեպ, հրապարակախոսն անհասկանալի է համարում նաև Հիմնադիր խորհրդարանի «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսը: «Ի՞նչ կապ ունի Ցեղասպանության 100-ամյա տարելիցը ռեժիմի հետ, թող դա բացատրեն, ու ես գնամ իրենց կողքին կանգնեմ: Եթե դա չեն կարողանում բացատրել, այս ամենը կապում են միմյանց, ես չեմ հասկանում իմաստը»,- ասաց Հարություն Հարությունյանը:


Դիտել NKR, ԼՂ Հանրապետություն, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն