Ղարաբաղցուն հարցրել էի՞ն, որ 40 ավտոմեքենաներով գնում էին հակառուսական ցույց անելու
Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, խորհրդային այլախոհ ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱԽԱՆՅԱՆԻ հետ
-Հայաստանում իշխանափոխության իրականացման ցանկություն, նպատակ հետապնդող քաղաքական ուժը, շարասյուն կազմած մեկնեց Արցախ, որպեսզի Հայաստանի իշխանափոխության սկիզբը սկսի Արցախի Հանրապետությունից: Սա չի՞ նշանակում պատերազմական իրավիճակում գտնվող Արցախը ներքաշել հայաստանյան ներքաղաքական ինտրիգների մեջ:
-Մեր ամբողջ ժողվուրդը պետք է գիտակցի, թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել և ունենում: Նախ պետք է հասկանանք, որ վերջին շրջանում Հայաստան երկրում ինչ-ինչ երևույթներ են կատարվում, որոնք ամենևին հարիր չեն մեր ազգային մտածողությանն ու հոգեկերտվածքին: Հիշեցի ընկերոջս՝ Ստեփան Զատիկյանի տասնամյակներ առաջ ասած խոսքը. <Եթե մի հրաշագործությամբ, Արարչի ցանկությամբ մենք կարողանայինք ճշտել Հայաստանում ապրող օտարածին հայախոսների և հայածին հայախոսների քանակը՝ վիճակագրությունը շատ ցավալի պատկեր ցույց կտար: Եվ ես կարող եմ վստահաբար ասել, որ այդ ակցիայի իրականացնողները բացարձակապես կապ չունեն ո՛չ մեր ժողովրդի պատմության հետ, ո՛չ նրա վաղվա օրվա հետ: Կազմակերպել նման մեծ շարասյուն ու գնալ Արցախ աշխարհ, որին ուղղված է աշխարհի հայացքը, որի մասին աշխարհի բոլոր կողմերից ասում են, որ այն ժողովրդավարական, մարդու իրավունքները հարգող պետություն է, անգամ շեշտում՝ ավելի բարձր է, քան Հայաստանը, իսկ բռնատիրական Ադրբեջանի մասին խոսելն անգամ անիմաստ են համարում, մինչդեռ այսօր կատարվեց Արցախի վարկին ուղղված գործողություն: Տեղեկացա, որ այս դեպքից հետո ադբեջանցիները հրճվանք են ապրում, մեկմեկու ողջունում են, թե տեսեք հայերը ոնց են իրար դեմ դուրս եկել: Սա խիստ մտահոգիչ է: Ոչինչ չեմ կարող ասել, քան այն, որ նրանք պատվեր են կատարում: -Լավ, իսկ ումի՞ց էին գնում իշխանափոխություն պահանջելու, արցախցու՞ց, տարօրինակ չէ՞:
-Նրանց քայլերում տարօրինակությունները շատ են: Տարօրինակ չէ՞, որ Հայոց ցեղասպանության 100- ամյակի օրը այդ ուժը հայտարարել է ռեժիմից ազատման օր: Ի՞նչ բարոյական իրավունքով: Մեկ այլ օր չէին կարո՞ղ ընտրել իրենց քաղաքական ծրագրերի իրականացման համար: Նույն կերպ էլ որոշեցին գնալ Արցախ, շատ լավ իմանալով, որ սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա թշնամին է կանգնած: Ի դեպ, գնացել էին պատրաստված՝ նկարահանող սարքերով, ձայնագրիչներով, որ հետո իրենց տերերին ցույց տան, թե ինչ հերոսություն են արել:
-Չե՞ք կարծում, որ սադրիչների քայլերին նպաստեց նաև տեղական՝ Արցախի ոստիկանությունը:
-Միգուցե իրենց վարքագծում ուժայինները սահմանն անցել են, չգիտեմ, չեմ կարող վստահաբար ասել, քանի որ մանրամասներին լիաժեքորեն չեմ տիրապետում: Իսկ պտտվող տեսանյութերը սիրողական բնույթի են, ոչինչ չի լսվում: Եվ ես չկարողացա հասկանալ, երբ նրանց ասվել է չմտնել Արցախ ի՞նչ են արձագանքել շարասյան մասնակիցները: Կարող են նաև ոչ համարժեք լինել իրավապահների քայլեր, բայց չէ՞ որ նախ պետք է հասկանալ, ինչո՞ւ, ի՞նչ նպատակով էր այդ շարասյունը շտապում Արցախ: Չհասկանա՞նք, թե որտե՞ղ է թաքնված այդ բացիլը: Խժդժություններ էին ուզում հրահրե՞լ, ուրեմն ինչպե՞ս կարելի էր դա թույլ տալ:
-Մուրադյան Իգորը հրապարակավ հայտարարեց՝ եթե իր ոտքը մտներ Արցախ ինքն այնտեղ հակառուսական ցույցեր էր անելու: Փաստորեն, այս մարդը առանց կաշկանդվելու, դեռ մի բան էլ հերոսի կեցվածք ընդունած ասում է, որ նպատակ ունի Արցախում խառնաշփոթ ստեղծել: Դժվար չէ նկատել, որ նրա խոսքն ուղղված էր որոշակի ուժերի, գուցեև կառույցների, որոնց ուղղակի իրազեկում էր՝ պատրաստ է պատվեր կատարել:
-Լիովին համաձայն եմ, ինձ զարմացրեց Իգորի պահվածքը: Նրան ճանաչում եմ երկար տարիներ, դեռ 90-ականներից: Ու ինձ միշտ զարմացրել է նրա հայերենի չիմացությունը, անցել է երկու տասնամյակից ավելի ժամանակ, բայց նա այդպես էլ հայերեն չսովորեց: Ռաֆայել Պատկանյանն այդպիսինների մասին ասում է՝ մենք գործ ունենք չհայի հետ, իսկ Նժդեհն ավելի կտրուկ է ասում՝ ավելի լավ է համր լինել, քան չխոսել հայերեն: Ես մտածում եմ, որ Իգորի բիոլոգիական, ոգեղեն, զգացական, իմացական <կազմը>, էությունը շատ քիչ աղերսներ ունի հայ ժողովրդի հետ, բայց չէի մտածում, որ նա կարող է այսչափ փոխվել…
Ինձ մնում է հանգել այսպիսի հետևության, որ վայրիվերումների մեջ գտնվող աշխարհում հեշտությամբ կարողանում են մարդկանց որսալ: Ինչո՞ւ ոչ՝ Արևմուտքն էլ դրա մեծ որսորդներից մեկն է: Իսկ Մուրադյանը որպես <զոհ> բացառություն չէ: Նրան կարողացել են ներքաշել՝ հաշվի առնելով նրա անցյալը, չէ՞, Իգորը 88-ի շարժման ակտիվիստներից էր:
-Ասում են՝ Արցախի համար կռված ազատամարտիկի առաջ փակվեց Արցախի դուռը. խոսքս Ժիրայր Սեֆիլյանի մասին է: Իսկ իրավունք ունե՞ր այդ ազատամարտիկը այդչափ անխնա լինել իր իսկ կողմից պաշտպանած հայրենիքի հանդեպ:
-Սեֆիլյանին հայտնում եմ իմ շնորհալակությունը Արցախին մատուցած իր մարտական ծառայությունների համար: Բայց չմոռանանք, որ ողջ ժողովուրդն է եղել ազատամարտիկ ումեկ բռունցք դարձած ելել իր հողը գիշատիչից ազատագրելու համար: Եվ այս առումով նախ և առաջ խոնարհման արժանի է Արցախի հերոսական ժողովուրդը, որը պատերազմի դառը կնիքն է զգացել իր վրա: Իսկ Սեֆիլյանն այսօր իր քայլերով հարամում է այն, ինչ արել է պատերազմի տարիներին: Կնշանակի ինչ-որ բան փոխվել է նաև նրա հոգեբանության, մտածողության մեջ: Աշխարհը թափանցիկ է, սահմանները բաց են, նրանց հետ հանդիպում են տարբեր մարդիկ՝ արևմուտքից, հյուսիսից, թե հարավից: Ու այն մարդը, ով ամուր չի կառչած իր հողին, կարող է 180 աստիճանով շեղվել իր ուղուց: Մենք այսօր այդ փաստի հետ գործ ունենք:
–Այն, որ նախախորհրդարանի ձեռքով քաղաքական ինչ-որ սցենար է իրականացվում մեր երկրում ակնհայտ է. այդ հսկայական ավտոշարասյունըառանց ֆինանսավորման չէր կարող ճանապարհ ընկել դեպի Արցախ, ո՞վ է երաժշտության պատվիրատուն:
– Թե ովքե՞ր են պատվիրատուները՝ կարելի է կռահել: Սակայն բոլորի համար էլ հասկանալի է, որ առանց ֆինանսական հոսքերի նման երթ հնարավոր չէր կազմակերպել: Բնականաբար, նրանց տրվել են ֆինանսներ այդ ծրագիրն իրականացնելու համար: Այդպիսիներին ես մեկ բան եմ ուզում ասել՝ վատ եմ զգում, որ ես էլ եմ հայերեն խոսում, իրենք էլ: Դարձյալ հիշեցի Ստեփան Զատիկյանին. դատավորը հարցնում է՝ ազգությունդ, պատասխանում է ՝ զտարյուն հայ: Դատավորը կրկին ասում է՝ նման ազգություն չկա: Ու Զատիկյանը պատասխանում է ՝ եթե ասեմ հայ եմ, դուրս կգա, որ ես ու դատախազ Ղամբարյանը նույն ազգի ներկայացուցիչներ ենք, բայց չէ՞ որ Ղամբարյանն ինձ դատում է հենց նրա համար, որ ես հայ եմ: Սրանում է ողջ խնդիրը:
-Փաստորեն, այսօր հայի, կամ ինչպես ասացիք, ոչ զտարյուն հայերի ձեռքով Հայաստանում օտարը իրավիճակ փոխելու, խժդժություններ հրահրելու ծրագի՞ր է իրականացնում:
-Այո, նպատակն է, որ ստեղծվի խառնաշփոթ: Բոլորը, այդ նույն Արևմուտքն ու Արևելքը, շատ լավ գիտեն, որ հայը տաղանդավոր, խելացի ժողովուրդ է ու նրանց չի բավարարում, չեն ուզում, որ հայը ապրի խաղաղ, ստեղծագործ կյանքով: Դրա համար հայի ձեռքով հա՜ խառնում են ու խառնում: Այն, որ նախախորհրդարանը նման խնդիր է իր առաջ դրել՝ մեր սրբության սրբոց Հայոց ցեղասպանության 100-ամյակին՝ ապրիլի 24-ին իշխանափոխություն պահանջելու, անգամ մեր դարավոր թշնամու՝ թուրքի մտքով կարող էր չանցնել: Ուրեմն, այդ ակցիայի իրականացնողները բացարձակ կապ չունեն մեր ժողովրդի հետ:
–Իրավապաշտպան կոչվող կազմակերպությունները մեկը մյուսի հետևից հայտարարություններ են հնչեցնում, թե մարդու իրավունքներն են ոտնահարվել: Փոխարենը, որևէ մեկը չի ասում, իսկ Նախախորհրդարանը իրավունք ունե՞ր ոտնահարելու, արհամարելու արցախցու իրավունքը, չէ՞ որ չէր ստացել Արցախի իշխանությունների ՝ Արցախում երթ անցկացնելու թույլտվություն:
-Արևմտյան այդ կեղծ արժեքները, որ ընդամենը գրված են թույլ տերություններին առավել ստրկացնելու համար, մշտապես մահակի դեր են կատարում: Եվ այդ կառույցների կողմից վարձատրվող պնակալեզներն ու դավաճաները նրանց երաժշտության տակ պարողներ են: Տեսանկարահանող սարքերի առաջ պատառոտված շորերով նկարվում ու ձայնագրվում են, որ իրենց տերեին ցույց տան, թե պատվերը լավ են կատարում, որ նրանք էլ այնտեղից մեծ աղմուկ, աղաղակ բարձրացնեն: Եթե հայ մարդը իր ազգի, իր պետության շահի գիտակցումը ստորադասում է մարդու իրավունքներին, դա ինձ համար անհասկանալի է: Ես ճիշտ հակառակի կողմնակից եմ՝ մարդու իրավունք ասվածը պետք է ստորադասվի ազգի, ընտանիքի, հայրենիքի իրավունքներին, սրանք են հավիտենական արժեքները:
Իրավապաշտպաններից մեկը չի ուզո՞ւմ հարցնել՝ 40 ավտոշարասյունով ո՞ւր եք գնում, շոու ե՞ք սարքում, ուզում եք, որ դրսում ասեն՝ կտրիճ տղերք ե՞ք: Իսկ գնալուց առաջ հարցել էի՞ն Արցախի իշխանություններին, թույլտվություն ստացել էի՞ն, ղարաբաղցուն հարցրել էի՞ն, որ 40 ավտոմեքենաներով գնում էիք հակառուսական ցույցեր անելու, ղարաբաղցին դա ուզում է՞ր: Ի՞նչ են շոու անում: Մեր ժողովուրդը պետք է այսօր նաև մեր պատմական անցյալը հիշի. Արցախը Հայաստանից խլելու փորձեր միշտ են կատարվել, նաև 20-րդ դարասկզբին, հատկապես անգլիացիների կողմից: Նժդեհն ասել է՝ առանց Արցախի Հայաստանը չի կարող լինել: Եվ այդ վտանգը կան նաև այսօր: Բայց պատմությունը ցույց է տվել, որ մեր թշնամիների նպատակներն ու ցանկությունները դատապարտված են, չի՛ կարող նման բան լինել:
Ինձ մնում է Սեֆիլյանին ու մյուսներին ասել՝ զերծ մնացեք հակահայակական թշնամական գործունեությունից, սթափվեք, քանզի այդ քայլերով դուք միմիայն վտանգում եք հայության հավաքական ուժին ու մտքին:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












