ՀՀ գլխավոր դատախազը դիմել է իր ՌԴ պաշտոնակցին՝ Գյումրու սպանության գործը ՀՀ-ին փոխանցելու միջնորդությամբ
ՀՀ գլխավոր դատախազը դիմել է իր ՌԴ պաշտոնակցին՝ Գյումրու սպանության գործը ՀՀ-ին փոխանցելու միջնորդությամբ. այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության կայքը։
«ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը, ղեկավարվելով ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագրի 6-րդ հոդվածով, հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային»,-ասվում է կայքում:
Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։
Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր անց մահացել:
Սպանության կասկածանքով ձերբակալվել էր Գյումրիում 102–րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը։ Այսօր ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ նա կդատվի 102–րդ ռազմաբազայի տարածքում։
Հիշեցնենք նաև, որ սպանություններին հաջորդել էին հուզումները Գյումրիում՝ կասկածյալին ՀՀ արդարադատությանը հանձնելու պահանջով, տեղի էին ունեցել բախումներ ոստիկանության և քաղաքացիների միջև։
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարել էր, որ սպանության գործը ՀՀ-ին փոխանցելու միջնորդությամբ կդիմի ՌԴ գլխավոր դատախազին։












