Հայրենիքի վրա կախված վտանգը՝ որպես միավորող ուժ
Ադրբեջանական մամուլի հրապարակումներից եւ պաշտոնական անձանց ելույթներից հետեւում է, որ նրանք ուշի ուշով հետեւում են Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կյանքին, ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումներին:
Հատկապես Իլհամ Ալիեւին ոգեւորում է ՀՀ-ում արտագաղթի տեմպերի ավելացումը, որը նա կապում է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից շրջափակման, սահմանային շփման գծում լարվածության, դիվերսիոն գործողությունների հետ:
Բաքվի իշխանությունները 1992-94թթ. պատերազմի ժամանակ Արցախի ինքնապաշտպանության բանակի դեմ բերեցին աֆղանական պատերազմում թրծված վարձկան մոջահեդների, որոնք եկան, տեսան ու ասացին, որ նման մարտեր չէին պատկերացնում: Չեչեն վարձկանները եւս մի քանի մարտից հետո հեռացան: Ադրբեջանական բանակն արդեն կիրառում է ականանետներ: Տեղի են ունենում թեժ, կարճատեւ մարտեր: Ըստ չճշտված տվյալների, դիվերսիոն գործողություններին արդեն մասնակցում են թուրքական հատուկ դիվերսիոն ջոկատներ:
Երկրում լարվածության մթնոլորտն ավելի շիկացավ` կապված Գյումրի քաղաքում տեղի ունեցած ողբերգության հետ: Մամուլը, հատկապես սոցցանցերն ավելի էին շիկացնում մթնոլորտը: Հատկապես ռուսական մամուլում, որն առաջին օրերին լուռ էր ու անմասնակից, հրապարակումներում ռուս զինվորի կողմից իրականացված ոճիրը կապում են օտար հետախուզությունների գործունեության հետ, որը նպատակ ուներ սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում:
Ստեղծված իրավիճակը պետք է լուրջ ազդանշան հանդիսանա աշխարհի ողջ հայության համար: Այն պետք է մի կողմ թողնի ներքին ու անիմաստ երկպառակությունները, քաղաքական խմբերն ավելի հանդուրժողական դառնան միմյանց նկատմամբ, կոնսոլիդացվեն, միավորվեն հայապահպան գաղափարախոսության շուրջը: Եթե տեղի չունենա ուժերի նպատակային միավորումը, վաղը կարող է արդեն ուշ լինել: Ամեն հայ պետք է գիտակցի, որ գերնպատակը հայոց պետականության պահպանումն է, նրա հզորացումը, թուրքական վտանգի կանխարգելումը: Նախ` Սփյուռքում լուրջ տարանջատում կա «Հին Սփյուռքի» եւ Հայաստանից վերջին երկու տասնամյակների ընթացքում գաղթած «Նոր Սփյուռքի» միջեւ:
Այս հանգամանքը ջլատում է հայկական Սփյուռքի ուժերը, նրա հնարավորությունները: Այո, ՀՀ-ում ստեղծված անառողջ մթնոլորտը` ամենաթող կոռուպցիան, պետական այրերի անպատասխանատվությունն ու ամենաթողությունը, երկրի ճակատագրի նկատմամբ անտարբերությունը իրենց հերթին խորացնում են ճգնաժամը:
Սակայն դա, ինչ խոսք, ամենեւին չի արդարացնում երկրից առհավետ հեռացողներին: Բայց իրականության հետ պետք է հաշտվել: Չէ՞ որ հսկայական ներուժ է կուտակվել Սփյուռքում: Այն հայախոս է ու կրում է հայկական մշակույթն ու հոգեկերտվածքը, մտածելակերպը: Ուրեմն, եկեք առաջին հայացքից չարիք հանդիսացող երեւույթը բարիք դարձնենք: Ահա օրինակ, «Նոր Սփյուռքի» մտավորականները, մտահոգ լինելով Արեւմտյան Հայաստանի ճակատագրով, որպես գաղափարախոսություն ընդունելով ԱՄՆ-ի 28-րդ նախագահ Վուդրո Վիլսնի 1920թ. անժամանցելի իրավարար վճիռը եւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ գծած սահմանը, հիմնել են Արեւմտյան Հայաստանի Պետության Վտարանդի Կառավարություն (ԱՀՊՎԿ)` իր բոլոր կառույցներով: Կառավարության անդամները ջանքեր են թափում այս շարժման մեջ ընդգրկել բուն սփյուռքահայությանը, որոնք հենց Արեւմտյան Հայաստանի, 1915թ. եղեռնի զոհերի կամ փրկվածների անմիջական ժառանգներն են:
Սակայն տեղի «հին հայերը» ոչ միայն մերժում են այս առաջարկությունները, այլեւ արհամարհում են նրանց: Հարց է առաջանում. ինչու հենց այս թարմ ուժի միջոցով չամրապնդենք օր օրի քանդվող, տարալուծվող Սփյուռքը: Չէ՞ որ միասին ավելի ուժեղ կլինի հայության այս հատվածը: ԱՀՊՎԿ-ն ծրագրել է ստեղծել Ազգային ժողով, որի մեջ հիմնականում պետք է ընդգրկվեն եղեռնի զոհերի ժառանգները, այն ուժը, որը պետք է տեր կանգնի նախնիների հայրենիքին: Ասել, թե դա անհավանական է, սխալ է: Ոչինչ չձեռնարկելով, իհարկե, անհավանական ծրագիր է դառնում: Սակայն պատմությունն անիվի տեսք ունի, որը պտտվում է, ու պարբերաբար գալիս է այն հարմար պահը, երբ պետք է ազգովի ու միասնաբար պատրաստ լինես վերցնել այն, տեր կանգնել քո հայրենիքին: Ի վերջո, Սփյուռքի միացյալ հայությունը կարող է ստեղծել մի հզոր հիմնադրամ, որի միջոցով էլ քայլ առ քայլ իրականացնել իր ծրագրերը: Այժմ գանք ՀՀ ներքին իրավիճակին:
Անվիճելի է ՀՀ եւ Սփյուռքի միջեւ խորացող վիհն ու անվստահության մթնոլորտի գոյությունը: Այն ձեռնտու է մեր երկրի ու ազգի թշնամիներին: Այստեղ միայն մի կողմին մեղադրելը սխալ է: Երկրի քաղաքական վերնախավը կոռումպացված լինելով, անկարող է երկիրը դուրս բերել ճգնաժամից: Կարեւոր պոստերում հայտնվում են մարդիկ, որոնք ոչ միայն անկարող են խնդիրներ լուծել, այլեւ իրենց պաշտոնական դիրքն օգտագործում են իրենց կլանային շահերի, սեփական բիզնեսին ազատ գործունեության ճանապարհ հարթելու համար: Գործարարները սողոսկում են իշխանական օղակները, դառնում են պատգամավոր, երկիրը, պետությունը ծառայեցնում իրենց շահերին: Երկրում կտրուկ բարեփոխումների ձգձգումը ավելի կխորացնի ճգնաժամը:
Մեր իշխանություններն այնքան սկզբունքային չգտնվեցին ու արգելափակեցին ազատագրված հայոց տարածքների բնակեցումն ու զարգացումը: Ազատագրված Շահումյանի ու Քաշաթաղի շրջաններում պետք է ապրեր ոչ թե 10, այլեւ ոչ պակաս, քան 200 հազար մարդ: Սահմանային բնակավայրերը տարիներ ի վեր աչքաթող էին արված: Մի քանի տարի է՝ այդ մասին բոլոր միջոցներով ինքս եմ թմբկահարում: Երբ այդ բնակավայրերի մեծ մասը դատարկվել են, նոր միայն որոշում է կայացվում որոշակի արտոնություններ տալ այդ բնակավայրերին: Արժե նաեւ նշել, որ Գյումրի քաղաքում բնակչության ընդվզումը կապված էր ոչ միայն տեղի ունեցած ոճրագործության, այլեւ ընդհանուր կեցության, անուշադրության մատնված լինելու հանգամանքի հետ: Տնտեսական անկման պայմաններում այսուայնտեղ խոշոր չափերի եկեղեցիներ են կառուցվում: Իսկ այդ գումարներով կարելի էր ժամանակակից տեխնոլոգիաներ բերել, աշխատատեղեր ստեղծել, որակյալ ու մրցունակ արտադրանքը եվրոպական երկրներ արտահանել: Եթե այդ մարդիկ կարիք ունենան իրենց խոսքն ու աղոթքը հասցնելու Բարձրյալին, ապա իրենց եկամուտներից միջոցներ կհավաքեն, փոքրիկ մատուռներ կկառուցեն, որտեղ առանց միջնորդի կդիմեն Բարձրյալին: Տասնյակ միջնադարյան եկեղեցիներ վերականգնման կարիք ունեն:
Օգտվելով առիթից՝ նաեւ իմ անհամաձայնությունը հաղորդեմ Ամենայն Հայոց կաթողիկոսի Աթոռը` Հայ առաքելական եկեղեցու մայրաքաղաք Սուրբ Էջմիածնից Երեւան տեղափոխելու առիթով: Ես ու շատ մտավորականներ համաձայն չենք նաեւ Արցախի թեմի առաջնորդարանը լեգենդ դարձած Շուշիից Ստեփանակերտ տեղափոխելու առիթով: Երկրի նախագահները սովորաբար իրենց շուրջն են հավաքում ոչ թե կարող ուժերի, այլեւ իրենց անձին հավատարմորեն նվիրված մարդկանց, որն էլ իր մեջ կոռուպցիայի տարր է պարունակում:
Ի վերջո, մի քանի տարի հետո պարզ է դառնում, որ այդ «հավատարիմ» անձը իր անկարողությամբ ոչ միայն համապետական գործն է տապալել, այլեւ զգալի վնասել է իր շեֆի վարկին:
Իսկ երկրի նախագահները, որոնց կադրային սխալների պատճառով երկիրն ավելի ու ավելի խորն է ընկղմվում ճգնաժամի ճահճի մեջ, պետք է կադրեր ընտրելիս ոչ թե իրենց անձի, կլանի վայրկենական շահերից ելնեն, այլեւ երկրի կայունության, ուժ հավաքելու շահերից: Ուրեմն, այս վտանգի պահին եկեք միավորենք բոլոր ուժերը, այլ ոչ թե մերժենք իրար, յուրաքանչյուրս մեզ կամ մեր խումբը համարելով միակ ճշմարիտը:
ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ արձակագիր, հրապարակախոս












