Գլխավոր » Լրահոս

Հայության շահերի պաշտպանության առաջամարտիկի դերը Արցախին է վերապահված

Հոկտեմբեր 3, 2009թ. 10:00

Թուրքական «Արձանագրությունները» և «Մադրիդյան սկզբունքները» որպես Հայաստանին և հայությանը նետված դիվանագիտական պատերազմի մարտահրավերներ, թևակոխել են ավարտական փուլ, այն է` փաստաթղթերի վավերացում և գործնական կիրառում:

Այսօր որևէ հայ մարդու անհրաժեշտություն չկա ապացուցելու, որ թուրքական «Արձանագրությունների» կյանքի կոչելը կասկածի տակ է դնում Ցեղասպանության իրողությունը, դրանից բխող բոլոր հետևանքներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանը պարտադրվում է հաստատել 1921թ. Կարսի պայմանագրի ճանաչումը, այսինքն` Թուրքիան ներկայիս սահմաններով:

Առավել ողբերգական հետևանք կարող է ունենալ, եթե «Մադրիդյան սկզբունքների» հենքի վրա լուծվի Արցախի խնդիրը, որը մեզ համար գոյություն չունի: Հայության համար կա մեկ գերխդիր: Դա Արցախի և ազատագրված տարածքների վերաբնակեցումն է:

Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում բնակվող հայությունը դեմ է «Մադրիդյան սկզբունքներին» և թուրքական «Արձանագրություններին»:

Համոզված ենք, որ Արցախում բնակվող հայությունը, նրա քաղաքական և ռազմական ղեկավարությունը իրապես գնահատում են այսօր տեղի ունեցող գործընթացների ամբողջ լրջությունը և կդրսևորեն համապատասխան կամք կանխելու հայակործան  քաղաքականությունը:

Դժբախտաբար Հայաստանի Անկախացումից մինչ այսօր չկարողացանք օգտագործել մեզ ընձեռված հնարավորությունը և բավականին մեծ ժամանակահատվածը ազգային և պետական հաստատությունները կայացնելու համար: Եթե այդ հաստատությունները կայացած լինեին և ծառայեին իրենց նպատակին, ապա այսօր չէին ծնվի նման փաստաթղթեր:  Միակ հաստատությունը, որն ի զորու է վիժեցնել այս ընթացքը, և անցնցում կանխել այն, դա ստեփանակերտյան անառիկ բերդն է:

Ձեզ այսօր կրկին անգամ վերապահված է պատմական առաքելություն. լինել առաջամարտիկը հայության կենսական շահերի պաշտպանության գործում:

“Միացում” ազգային նախաձեռնություն

02.10.09թ.  Երևան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն