Ձեռքներդ հեռու Արցախից ու Ապրիլի 24-ից
Նախօրեին սոցցանցերում շրջանառվեց տեղեկատվություն այն մասին, թե որոշելով «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման մեկնարկն ազդարարել Արցախում <Հիմնադիր խորհրդարանը> իր սցենարի իրականացման համար դրսից ռեսուրս է ներգրավել: Իսկ ավելի ուշ տեղեկատվություն տարածվեց, թե Հայաստանում ու Արցախում հեղաշրջում իրականացնելու սցենարին օժանդակելու նպատակով Հայաստան են ժամանալ <Արևմտյան Հայաստանի Ազգային ժողով> կոչվող փարիզյան կառույցի անդամները՝ տարբեր երկրներից:
Պարզվեց նաև, որ ծեծի ենթարկված Անուշավան Շահնազարյանը ռոստովաբնակ է, ու հիշյալ՝ կասկածելի կազմակերպության անդամներից մեկը:
Ի՞նչ կառույցի մասին է խոսքը, ովքե՞ր են կանգնած սրա թիկունքում: Ասենք, որ հիշյալ կազմակերպության ղեկավարը նույնքան կասկածելի մի անձ է՝ Թիարի անունով: Ով Հայաստանում ներկայանում է իբրև ֆրանսահայ Արմենակ Աբրահամյան անուն ազգանվամբ: Ավելին, իրեն հայտարարում իբրև արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից: Սակայն Արցախյան ազատամարտի մասնակիցներից և ոչ մեկն իրականում այս <կենդանի լեգենդի> մասին չգիտի, մեզ չհաջողվեց գտնել գեթ մեկ ազատամարտիկի, ով կճանաչեր զենքը ձեռքին Արցախում մարտնչած Արմենակին: Փոխարենը, Արմենակ-Թիարիին նկարագրելիս շատերը զգուշավարությամբ ակնարկում են՝ նա մի անձնավորություն է, ով հայտնի է քրդերի ու թուրքերի, անգամ սիրիական ընդդիմադիրների հետ իր մութ կապերով, մարդ, ով փորձում է արևմտահայերի անունից ստեղծված կառույցը ևս իր նույնքան մութ ու վտանգավոր նպատակներին ծառայեցնել:
<Նշված կազմակերպության մասին լսել եմ, բայց իրենց հետ ոչ մի առնչություն չունեմ>,-մեզ հետ զրույցում ասաց Արեւմտահայոց ազգային համագումարի խորհրդի անդամ, ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը: <Դա մի վիրտուալ, ինձ համար անհասկանալի կառույց է, որը ստեղծել է ինչ-որ կառավարություն, ունեն, այսպես կոչված նախագահ ու վարչապետ>, մի խոսքով՝ ինքնակոչների հավաքատեղի:
Ժամանակին Արևմտյան Հայաստանի հայերի Ազգային ժողով կոչվող կազմակերպության վտանգավարության մասին մեզ հետ իր հարցազրույցում հետաքրքիր կարծիք է հայտնել Արա Պապյանը, չբացառելով որ նմանների թիկունքում կարող է կանգնած լինել թուրքական կառավարությունը, նա ասել էր՝ խամաճիկային այդ կազմակերպությանը կարող են նաև օգտագործել սեփական շահերի համար, որպես պրոպագանդիստական գործիք՝ մեր նպատակներից շեղելու համար: <Հնարավոր է չէ՞, որ Արևմտյան Հայաստանի կառավարություն կամ Ազգային խորհուրդ համարվող կառույցը ինչ-որ պահի օգտագործվի ու այսպիսի հայտարարությամբ հանդես գալ, թե իրենք Թուրքիայի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունեն: Իհարկե, այդ հայտարարությունը որևէ իրավական արժեք չի ունենա, բայց կարող է որպես քարզչություն օգտագործվել, թե տեսեք հայերն ինչ են ասում>:
Մի տեղեկատվություն ևս, սույն պարոնը՝ Արմենակ Աբրահամյանը, Հայաստանում հավատացնում է, թե իր կազմակերպությունը ՄԱԿ-ում մեծ դերակատարում ունեցող կառույց է,
Արա Պապյանը հերքեց նաև սույն փաստը, ակնհայտ դարձնելով Արմենակ-Թիարիի հերթական կեղծիքը: <Այդ կազմակերպությունը ՄԱԿ-ում չի գործում: Նա ուղղակի գրանցվել է որպես հկ ու անունը դրել Արևմտյան Հայաստանի Ազգային խորհուրդ: Բայց սա չի նշանակում ՄԱԿ-ում գրանցված լինել, չի նշանակում, որ ՄԱԿ-ը ճանաչում է նրանց>:
Մնում է հավելել նաև մյուս փաստը՝ Արմենակ Աբրահամյան անունով ներկայացող կասկածելի այս անձը Ժիրայր Սեֆիլյանի մտերիմ ընկերն է:
Իրական հերոսներն իրենց կատարածը երեսով չեն տալիս
Հայտնի է՞ արդյոք իշխանությանը, որ <Հիմնադիր խորհրդարան> կոչվածը Հայաստանում ու Արցախում քաղաքական խժդժություններ հրահրելու նպատակով կասկածելի կազմակերպություններ ու անձինք է հրավիրել Հայաստան ու նրանց ներգրավել այդ շարժման մեջ:
Մեզ հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով նախ նկատեց, թե Հայաստանի շահերով մտահոգ յուրաքանչյուր անձ պետք է գիտակցի, որ Հիմնադիր խորհրդարանի երկու ակցիաները՝ և ավտոերթը դեպի Արցախ, և «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը հակահայկական, հայության շահերից չբխող գործողություններ են: <Ի՞նչ է նշանակում ավտոերթ անել դեպի Արցախ>,- հարց է հնչեցնում ԱԺ փոխնախագահը. <Դուք խնդիրներ ունեք Հայաստանի իշխանության հետ, ուրեմն բարի եղեք ձեր գործունեությունը ծավալել ՀՀ օրենսդրության համաձայն: Ի՞նչ գործ ունեք մտնել Արցախի Հանրապետություն: Արցախը անկախ ժողովրդավարական երկիր է, ունի ընտրված իշխանություն՝ նախագահ, խորհրդարան, Սահմանադրություն, որոնցով առաջնորդվում է: Արցախում հարցերը բացառապես որոշում են ժողովրդի կողմից ընտրված իշխանությունները: Ի՞նչ իրավունքով եք Արցախը խառնում ձեր քաղաքական խաղերին>:
Ասաց, թե ի պատիվ խորհրդարանականների, իրենք մշտապես կատարել են տրված ջենտլմենական պայմանավորվածությունը, այն է՝ Գորիսից այն կողմ անտեսել են քաղաքական տարակարծությունները, մոռացել անգամ կուսակցական պատկանելությունն ու Արցախ մեկնել որպես հայ մարդիկ՝ Հայաստանի պատգամավորներ: Եվ այսօր Արցախը քաղաքական հաշվարկների մեջ ներքաշելը <Հիմանդիր խորհրդարանի> կողմից անբարոյական քայլ է:
Եթե բոլորի ուշադրությունը գրավեց Իգոր Մուրադյանի հայտարարության այն հատվածը, թե գնում էինք Արցախ հակառուսական տրամադրություններով ցույցեր կազմակերպելու, ապա անտեսվեց նրա հետևյալ միտքը, թե Արցախը որպես անկախ պետություն գոյություն չունի.<Իգոր Մուրադյանն ասում է այն, ինչ տարիներ շարունակ աշխարհին փորձել են համոզել Ալիևն ու Էրդողանը: No comment, ես որևէ մեկնաբանություն չունեմ: Եթե Իգորի համար Արցախի հանրաքվեն ու գոյամարտում տարած հաղթանակը կեղծ է, ուրեմն ինձ մնում է ափսոսալ, որ նրա նմանը երբևէ կանգնած է եղել ղարաբաղյան շարժման ակունքներում>:
Այս օրերին չեն դադարում հնչել կարծիքներ, թե ինչպե՜ս կարելի է Ժիրայր Սեֆիլյանի՝ Արցախյան ազատամարտի հերոսի հանդեպ նման վերաբերմունք դրսևորել: Բայց արդյոք հերոս լինելը կարող է արդարացնել մարդու հակապետական, հակազգային քայլերը: <Փառք ու պատիվ բոլոր կռված տղաներին, բայց թող բոլորն իմանա, որ երբեք իսկական հերոսներն իրենց կատարածը երեսով չեն տալիս: Կռվելու համար պետությունը պարգևատրում է, իսկ հասարակությունը հարգում իր հերոսին, բայց դա որևէ մեկին իրավունք չի տալիս անել քայլեր, որոնք չեն բխում պետության շահերից>:
Ինչ վերաբերում է «100-ամյակը առանց ռեժիմի» ակցիային, շատերն են արտահայտում այն մտահոգությունը, թե <Հիմնադիր խորհրդարանը> կարծես նպատակ ունի վիժեցնելու այդ օրը աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանող պատվիրակների այցը, նրանք ուղղակի կարող են իրենց չգալը բացատրել ներքաղաքական խառնաշփոթով: Շարմազանովը նկատում է՝ գուցե ոմանց նպատակը դա է, բայց նրանք չեն հասնի իրենց նպատակին: Նախ մեր հասարակությունն այնքան խոհեմ է, որ դա թույլ չի տա, նաև մեր պետական կառույցներն այնքան ուժեղ ու ազգային են, որ մենք Ապրիլի 24-ը կիրականացնենք աննախադեպ համախմբվածությամբ ու միասնաբար:
<Ապրիլի 24-ին, երբ բոլոր հայերը պետք է միասնաբար գնան Ծիծեռնակաբերդ ու հանդես գան պահանջատիրությամբ, երբ Հայոց եկեղեցին պետք է սրբացնի մեր նահատակների սուրբ հիշատակը, նրանք որոշել են շարժում սկսել <ռեժիմի դեմ> ու հարամել օրվա ազգային խորհուրդը: Ի՞նչ է սա, եթե ոչ անբարոյականություն>:
Մասնագիտությամբ պատմաբան ԱԺ փոխնախագահը կարծում է, որ այսօր նաև պատմությանը դասերը վերհիշելու ժամանակն է. դրանք հարկ եղած չափով չսերտածներին հիշեցնում է. 428-ին կորցրեցինք Արշակունյաց թագավորությունը, որովհետև Սահակ Պարթևին չլսեցինք, փոխարենը նամակ գրեցինք պարսից շահին, որ նա գա ու մեզ տեր կանգնի: 1045-ին Անին կորցրեցինք, որովհետև Վահրամ Պահլավունուն լսելու և բյուզանդացիների դեմ կռվելու փոխարեն քաղաքի բանալիները թշնամուն հանձնեցինք, Կլիլիկյո Հայոց թագավարությունը կորցրինք դարձյալ անմիաբանության պատճառով: Եվ վերջապես, Առաջին Հանրապետությունը կորցրեցինք, որովհետև այս անգամ էլ հայ բոլշևիկները փոխարենը կանգնեին ժամանակի իշխանության՝ դաշնակցական ղեկավարության կողքին ու միասնաբար թշնամու դեմ պայքարեին, քարոզում էին՝ գիտեք քեմալական թուրքը ուրիշ է, երիտթուրքը չէ, իսկ կարմիր բանակը մեզ կօգնի: Ու Կարսը թուրքին ծախեցին:
Չմոռանանք՝ պատմությունը կրկնվելու հատկություն ունի:
Կոչով դիմելով բոլոր խառնակչներին, ԱԺ փոխնախագահը զգուշացնում է՝ ձեռքներդ հեռու քաշեք Արցախից և Ապրիլի 24-ից:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












