Արցախում պետք է սահման պահել, ոչ թե շոու սարքել, չի կարելի գնալ ավանտյուրայի. Ա. Ախոյան
<Այսօր առավել քան երբևէ պետք է զգույշ լինել, գործ ունենք աշխարհաքաղաքական գործընթացների հետ, ու ոչ ոք իրավունք չունի ինքնագլուխ գործունեությամբ զբաղվելու>. մեզ հետ զրույցում ասաց Արեւմտահայոց ազգային համագումարի խորհրդի անդամ, ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը:
Պատգամավորին վրդովվեցրել է Հիմնադիր խորհրդարան կոչվող ուժի քայլերը: <Ինչպե՞ս հասկանալ, որ Հիմնադիր խորհրդարանը ցանկանում է Ապրիլի 24-ը վերածել ռեժիմի դեմ պայքարի օրվա, դա աբսուրդ է: Ինչպե՞ս կարելի է Հայոց ցեղասպանության խնդիրը շահարկել ու ինչ-որ քաղաքական նկատառումներով օգտագործել: Ցեղասպանության զոհերի սուրբ հիշատակի օրը հանդես գալ նման կարգախոսով՝ խիստ դատապարտելի է: Ցանկացած հայի արժանապատվության խնդիր է, ոչ ոք իրավունք չունի այդ օրը հարամելու: Իսկ շահարկողները թող հեռու մնան, դատապարտում եմ նրանց վարքագիծը>:
Արագած Ախոյանը խժդժություններ հրահրելու մտադրություն ունեցողներին
հիշեցնում է՝պատերազմի մեջ ենք, Արցախում պետք է սահման պահել, կանգնել զինվորի կողքին, ոչ թե գնալ ու շոու սարքել: <Ես ընդունում եմ ցանկացած քաղաքական պայքարի ձև, ի վերջո, ընդդմությունն էլ է մերը, իշխանությունն էլ, յուրաքանչյուր քաղաքական ուժ իր պատկերացումներն ունի մեր երկրի կառավարման համակարգի փոփոխման հարցում, բայց դա չի նշանակում գնալ պետությունը վտանգող քայլերի, չի նշանակում գնալ ավանտյուրայի>:












