Գլխավոր » Regions, Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն

Հայոց ցեղասպանության հռչակագիրը փաստաթուղթ է, որը ներկայացնում է հայ ժողովրդի հավաքական շահերը.Ա. Զաքարյան

Փետրվար 5, 2015թ. 02:56

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գնահատմամբ՝ Հայոց ցեղասպանության համազգային հռչակագիրը 100-րդ տարելիցին ընդառաջ փաստաթուղթ է, ուղերձ՝ համայն մարդկությանը և կարևոր խոսք է մարդկության պատմության մեջ: Եվ այն պարունակում է բոլոր դրույթները, որոնք ապագայում ևս շարունակելու են լինել ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության միջազգային քաղաքական օրակարգում։

-Պարո՛ն Զաքարյան, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի մասին գնահատականներ են հնչել, որ այն զերծ է ավելորդ հուզականությունից և ավելի շատ Հայաստանի ու հայության սպասումներն է արտացոլում:

-Կարծում եմ, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը, ամբողջական համապարփակ, մանրակրկիտ աշխատանքի արդյունք փաստաթուղթ է, որը լիարժեք ներկայացնում է Հայաստանի և հայ ժողովրդի բոլոր հատվածների՝ անհատների ու կազմակերպությունների միասնական դիրքորոշումը և հավաքական շահերը։ Այն առաջին հերթին պարունակում է իրավական, քաղաքական և արժեքային մեծ բազա՝ հիշողություն, վերածնունդ, երախտագիտություն և նաև պահանջատիրություն, որոնք մեկը մյուսի հետ փոխշաղկապված՝ ամբողջությամբ արտահայտում են Ցեղասպանությանը հետևած 100 տարիների ընթացքում հայ ժողովրդի միասնական գործունեությունը, Ցեղասպանության միջազգային ճանաչման պայքարը, պետականության կերտումը, Սփյուռքի ձևավորումը, արժեքների պահպանումը, հայապահպանությունը, միջազգային օրակարգերում և միջազգային իրավունքում ցեղասպանությունների կանխարգելման իրավական հետևանքների պատասխանատվության ու խնդիրների վերհանման, ինչպես նաև համամարդկային ամենաբարձր արժեքների առաջ մղումը:

Կարծում եմ՝ 100-րդ տարելիցին ընդառաջ այս փաստաթուղթը, ուղերձը համայն մարդկությանը, կարևոր խոսք է մարդկության պատմության մեջ: Եվ այն պարունակում է բոլոր դրույթները, որոնք, ինչպես նախկինում, ապագայում ևս շարունակելու են լինել ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ ՀՀ-ի միջազգային քաղաքական օրակարգում։

-Այնուամենայնիվ, որպես կանոն, հռչակագրերը դեկլարատիվ բնույթ են կրում, ինչպե՞ս եք պատկերացնում դրա գործնական կիրառությունը:

– Հռչակագրի յուրաքանչյուր կետ և դրույթ ունի իր նշանակությունը։ Այն հղում է անում իրավական, այդ թվում՝ միջազգային իրավունքի ուժ ունեցող փաստաթղթերին, հղում է անում պատմական փաստերին և եղելություններին, հղում է անում տարբեր պետությունների կողմից Ցեղասպանության փաստի ճանաչմանն ու դատապարտմանը, հղում է անում խաղաղ գոյակցությամբ ապրելուն, հղում է անում տարածաշրջանում վարվող հակահայկական ընդգծված քաղաքականությանը, հղում է անում մերժողականությունը: Հետևաբար, դա ոչ թե էմոցիաների կամ ցանկությունների, այլ պարզ իրականության վրա հիմնված փաստաթուղթ է։ Ու հենց պարզ իրականությունից են բխում բոլոր այն պահանջները, որոնք ունեն իրավական և քաղաքական հիմք: Ինչպես նաև բարոյական հիմք, և այդ բարոյական, իրավական ու քաղաքական հիմքի վրա էլ հայ ժողովուրդը շարունակում է և շարունակելու է իր պայքարը, քանի դեռ չենք հասել Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Նաև այս պայքարում մենք միայնակ չենք եղել, եղել են ժողովուրդներ, կազմակերպություններ ու պետություններ, որոնք աջակցել են մեր արդար պայքարին և այս հռչակագիրը խոսք է նաև ուղղված այդ աջակցությանը ու շնորհակալություն է։

-Փաստաթուղթը նաև ուղարկվել է ՄԱԿ։ ՄԱԿ-ին ուղարկելու իմաստը, ըստ Ձեզ, ո՞րն է։

-Հռչակագիրը պատրաստելիս նաև ղեկավարվել են ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 46 թ-ի դեկտեմբերի 11-ի 91/1 բանաձևով , 48թ-ին դեկտեմբերի 9-ի ցեղասպանությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով, 68թ-ի նոյեմբերի 26-ի պատերազմական հանցագործությունները մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով, ինչպես նաև 1966 դեկտեմբերի 16-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի և մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր միջազգային դրույթներով, որոնք համարվում են ՄԱԿ-ի փաստաթղթեր… և նաև ամեն ինչ անում ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը լինի ՄԱԿ-ի շրջանակներում և ՄԱԿ-ի ուշադրության ներքո։

-Հռչակագիրն ավելի շատ ներքի՞ն լսարանի համար է, թե՞ արտաքին։

-Կարծում եմ, որ այն ներքին լսարանի կարիք այնքան էլ չունի, քանի որ աշխարհում չեք գտնի մեկ հայ մարդու, ով իր գիտակից կյանքում այս կամ այն կերպ չի ներգրավվել «Ցեղասպանության միջազգային ճանաչում» կոչվող գործընթացին: Հռչակագիրն ավելի շատ արտաքին աշխարհին, մեր գործընկեր, բարեկամ ժողովուրդներին և միջազգային հանրությանն ուղղված կոչ է այն մասին, թե մենք ինչպես կարևորել, այնպես էլ կարևորելու ենք Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում մեզ ցուցաբերված ցանկացած աջակցություն՝ և՛ բարոյական, և ՛քաղաքական, և ՛ իրավական։

-Պարո՛ն Զաքարյան, որքան ն մոտենում է ապրիլի 24-ը, Թուրքիայի իշխանության կողմից արձագանքներն ուժեղանում են: Կարո՞ղ ենք արձանագրել, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացն այս հռչակագրով և 100-րդ տարելիցի աշխատանքներով բոլորովին այլ փուլ է մտել։

-Ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետագայում ցեղասպանությունների կանխարգելման նպատակով մեր՝ հայ ժողովրդի, պայքարը երբեք վաղեմության և փուլերի չի վերածվել, քանի որ այն արդիական է և արդիական է լինելու, քանի դեռ ճանաչված չէ և չկա միջազգային հանրության լիարժեք և միասնական գնահատական: Գնահատական առ այն, որ այն դատապարտելի և ճանաչելի է որպես Ցեղասպանություն և այն պետք է նաև համապատասխան իրավական մեխանիզմների ենթարկվի: Այն իր մեջ պետք է ունենա նաև պատասխանատվության մեխանիզմ: Եվ Թուրքիայի Հանրապետությունը, բնականաբար, իր մերժողական-ժխտողական քաղաքականությամբ ամեն ինչ անում է, որպեսզի դիմագրավի ճանաչման գործընթացին և այդ ջղաձգումներն էլ պատահական չեն, այն ցինիկ դրսևորումները, որ Թուրքիան վերջին շրջանում ավելի ակտիվ և ակնհայտ է իրականացնում: Այն հանգամանքը, որ այո՛, Թուրքիայում կա մտավախություն, որ 100-րդ տարելիցը կարող է լուրջ լիցքեր հաղորդել Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացին. այն իրողությունը, որ ժամանակակից աշխարհը լի է բազմաթիվ սպառնալիքներով, նաև՝ մարդկության դեմ ուղղված, շատ պետությունների զգոնության, սթափության կոչ է անում, և հենց Ցեղասպանության ճանաչման գործընթացը կարող է զգոնության, սթափության դրսևորումներից մեկը լինել: Դա ևս Թուրքիային ջղաձգումների տեղիք է տալիս, բայց մեր խնդիրն այն չէ, թե Թուրքիան ինչպես կամ ինչքան կջղաձգվի։ Մեր նպատակն այն է, որ Թուրքիան ու թուրք հասարակությունը ևս՝ որպես քաղաքակիրթ հասարակություն, այն ճանաչի: Այնուամենայնիվ Թուրքիայում ևս կան շատ ավելի հումանիստական մտածողության տեր մարդիկ ովքեր իրականում վստահ են, որ Հայոց ցեղասպանություն եղել է, և այն քննարկման ենթակա չէ, և որ այն ընդամենը պետք է ճանաչել: Այսինքն՝ բարոյական փոխհատուցման պահանջը բավարարված համարել: Եվ դա հենց Թուրքիայի խնդիրն է։ Թուրքիան այս առումով նաև իր հասարակությանը պետք է պատրաստի և ներսում պետք է հանի այն բոլոր կապանքները, որոնք ուղղված են Ցեղասպանության ժխտողականությանը:

-Հռչակագրում ընդգրկված է իրավական թղթածրարը, կբացատրե՞ք սա ինչ ուղերձ պետք է հղի աշխարհին:

-Քանի որ Ցեղասպանության արդյունքում հայ ժողովուրդը նաև տարբեր հատվածների վերածվեց և տարբեր կորուստների ենթարկվեց, բնականաբար, այդ թղթածրարը պետք է ժամանակակից միջազգային իրավունքում առկա բոլոր մեխանիզմների ուսումնասիրմամբ և ամբողջացմամբ ներկայացնի այն իրավական համալիրը, ինչը որ պետք է հետևի որպես հայ ժողովրդի պահանջատիրություն: Այդ հռչակագիրը նաև ապագա սերունդների հռչակագիրն է, որովհետև, նորից եմ կրկնում, Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը ունի սկիզբ, բայց դրա ավարտը նաև միջազգային ճանաչման, դատապարտման և նաև հետևանքների վերացման գործընթացն է: Այսինքն՝ այն դեռ ճանապարհ ունի անցնելու և ապագա սերունդների համար էլ միշտ լինելու է հրատապ: Եվ սա հայ ժողովրդի արդար պահանջը լինելով՝ նաև համայն մարդկության անվտանգության կայուն զարգացման, խաղաղ գոյակցության և ապագայում նաև նմանատիպ հանցագործությունները կանխելու իրավական պատասխանատվություն ստեղծելու և դրանով նաև հետևանքների վերացմանն ուղղված գործողություններ են:

Մենք անցել ենք 100 տարվա ճանապարհ և եթե պետք լինի, ևս 100 տարի անցնելու ենք, որպեսզի մեր արդար պահանջներն իրականություն դառնան:
tert.am


Դիտել Regions, Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն