Գլխավոր » TOP, Լրահոս, Վերլուծական, Տնտեսություն

Դատարկ դահլիճում էլ են կրքեր բորբոքվում

Փետրվար 5, 2015թ. 22:32

Կառավարությունը խորհրդարանի դատին էր ներկայացրել «Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի քննարկումն անցավ գրեթե կիսադատարկ դահլիճում, բայց դա չխանգարեց, որ կրքերը եռային, գործարար շահերը դառնային շատ ավելի թափանցիկ ու նկատելի, իսկ քաղաքական շահարկումների դոզան հասնի բարձրակետին:

Եվ այսպես, Կառավարության ներկայացուցիչը՝ Ֆինանսների փոխնախարար ՎԱՐԴԱՆ ՄԻՐՈՒՄՅԱՆԸ շատ կարճ, ընդամենը մի քանի րոպեում ներկայացնելով նախագիծը հայտարարեց՝ սա բացառապես արտահանմանն ուղղված ծրագիր է, որի ողջ արժեքը պետք է կազմի առնվազն 50 միլիարդ դրամ: Պայմաններն են՝ առաջին՝ տվյալ ռեզիդենտ կազմակերպության բանկային հաշիվներին արտահանման ծրագրից մուտքագրել 50 մլրդ դրամին համարժեք արտարժույթ, երկրորդ, ռեզիդենտ կազմակերպությունը ՀՀ տարածքում ապրանքների մատակարումից կամ ծառայությունների մատուցումից չպետք է ստանա եկամուտներ: Իսկ նպատակն է, խթանել արտահանման տեմպին:

Չնայած Միրումյանը փորձում էր բացատրել, թե ամեն ինչ անելու են, որ չստեղծվի անհավասար պայմաններ, այնուհանդերձ, փոխնախարարի մեկնաբանությունները ներկաներին գրեթե չբավարարեցին: ՀՅԴ պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ դժգոհեց՝ ցանկացած լավ գաղափար կարելի է աղավաղել, եթե հիմնավորումը պատշաճ չի տրվում: <Բազմաթիվ հարցեր են առաջանում, որոնց կառավարության ներկայացուցիչը չի պատասխանում, չի ներկայացնում տնտեսության զարգացման տեսլականը>: Եվ իրոք, <ինչո՞ւ>-ները շատ ավելի էին, քան պատասխանները: Ինչո՞ւ որոշվեց սահմանել 50 միլիարդի շեմ, վստա՞հ եք, որ կունենանք 50 մլրդի շրջանառություն իրականացնող գործարար, ո՞վ է հասցեատերը, պոչը որտե՞ղ է թաղված, ո՞ւմ շահերն եք սպասարկում, գիտակցո՞ւմ եք, որ անհավասար մրցակցային պայմաններ եք ստեղծում: Իսկ եզրակացությունը մեկն էր՝ նախագիծն այս տեսքով պատգամավորների վստահությանը չի կարող արժանանալ:

Պատգամավորներն առավել լարվեցին, երբ իմացան, որ կառավարությունը շտապում է օր առաջ իր ձեռքի տակ ունենալ խորհրդարանի <դաբրոյին> արժանացած նախագիծը.<Ինչո՞ւ ենք շտապում, կարող ե՞նք ենթադրել, որ շտապում եք ինչ-որ մեկի շահերը կատարել>:
Մտահոգություններից մեկն էլ այս էր. հնարավոր չէ՞, որ մի քանի արտահանող կազմակերպություններ միավորվեն, հաղթահարեն 50 մլրդի շեմն ու ստանան լրացուցիչ արտոնություններ: Սրա դեմն առնելու մեխանիզմ կա՞: <Այո, այդ մտահոգությունն առկա է>,- եղավ Միրումյանի պատասխանը, իսկ <դեմն առնելու> մեխանիզմը, ըստ նրա, այն է, որ կառավարությունն ինքը պետք է հավանության արժանացնի ներկայացվող արտահանման ծրագրերը: Սա արդեն վրդովմունքի մյուս ալիքը բարձրացրեց. ինչո՞ւ կառավարությունը և ոչ օրենսդիրը, ինչո՞ւ գործադիրը պետք է ինքնակամ ասի՝ Պողոսի ծրագիրը լավն է, իսկ Պետրոսինը՝ ոչ, սա նախօրոք մտածված սցենար է՞:

Իր ողջ ելույթը ժողովրդական <բառ ու բանով> համեմած ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը այսպիսի մի համեմատություն արեց՝ կառավարույթյունը նման է այն մսավաճառին, որը գովում է իր միսը, բայց ձեռքի հետ էլ վատը՝ ոսկորը, սղղացնում:<Ես սա համարում եմ վտանգավոր նախագիծ, եթե կառավարությունը շիտակ է, ուրեմն թող ինքը չլինի ծրագրերին հավանություն տվողը, դա պետք է օրենսդիրն անի>:

Պատգամավոր ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆԸ նախագիծը համարեց շուկայական հարաբերությունների հետ որևէ աղերս չունեցող մի բան, որովհետև անհավասար պայմաններ է ստեղծում.Երևանում կարող են բացվել 1, կամ 2 օֆիսներ, որոնք արտահանման ոլորտում կարող են մենաշնորհային դիրք զբաղեցնել: Բացի այդ, ըստ պատգամավորի, սա նաև աննախադեպ օրենք է.<Բերել են ու չեն ասում ո՞ր կազմակերպության համար է սա արվում, չիմանա՞նք, թե նման աննախադեպ արտոնություններ ո՞ր կազմակերպությանն եք տալիս, ո՞վ է այդ մարդը>:
<Նպատակը արհեստական որևէ օղակ ստեղծելը չէ ու դրա միջոցով արտահանումներ կազմակերեպելը>, – Միրումյանի պարզաբանումները, որ տեսականից այն կողմ չէին անցնում, առավել բոբոքում էին պատգամավորներին: <Պարզ լեզվով ասած կարող ենք դառնալ 2 տոկոսանոց օվշորային գոտի, դրսից կգան գործ կդնեն, իսկ դուք չեք էլ կարող մերժել>. հերթական հոռետեսական հայտարարությունը հնչեցրեց պատգամավոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ:

ՀՀԿ-ական պատգամավոր ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ
դիտարկմամբ էլ նախագծի նպատակը լավն է, բայց ճանապարհները ճիշտ չեն ընտրված: Ապա քննադատական տոնով դիմեց կառավարության միակ ներկայացուցչին՝ <Ուշադիր եղեք, եթե կան քննելու խնդիրներ, բերեք ԱԺ, իրար հետ քննարկենք, որովհետև գործադիրի ճիշտ քայլերը պայմանավորված են նաև մեր ճիշտ դիրքորոշումներով>: Հակոբյանն էլ համոզված է, որ 50 մլրդ-ի շեմը շա՜տ բարձր է, ու եթե գործադիրն ուզում է, որ այս նախագիծն աշխատի, պետք է ֆիքսվի ներքին շեմը՝ 5 մլրդ, վերինը՝ մինչև 30:
Վրդովվածների շարքում էր նաև գործարար պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը.< Ինչպիսի ֆանտազիայի, ո՞ր ընկերությունը կարող է 50 մլրդի ապրանք արտադրել , եթե անգամ 35 գործարար միանան հազիվ թե 50 մլրդի շեմին հասնեն>: Գործարարն այնքան էր վրդովված, որ դահլիճից դուրս էլ բոբոքված խոսում ու կիսվում էր գործընկերների հետ.<Արեք մի բան, որ բոլորս օգտվենք, ոչ թե մեկը կամ երկուսը>:

Մասնագիտորեն համոզիչ մեկնաբանություն հնչեցրեց ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Հարց ուղղեց. ԵՏՄ անդամակցումից հետո ստեղծվել է նոր իրողություն , ռուսական շուկան հայ միջին արտադրողի համար մատչելի չդարձնե՞նք, որևէ մեկը չպե՞տք է փորձի միջնորդ դառնալ հայ արտադրողի ու ռուսական իրացնողի միջև: <Եթե ես ճիշտ եմ հասկանում կառավարության նպատակն է՝ խթանել միջնորդների ձևավորմանը>: Բայց Հարությունյանը ևս մտահոգ է՝ արտոնություններ տալով միջնորդին այդ կերպ չե՞նք վնասի ռուսական շուկա ինքնուրույն դուրս գալու կարողություն ունեցող արտահանողներին: Ուրեմն՝<Մեր մտահոգությունը ոչ այնքան այն է, որ կհայտնվի խոշոր միջնորդ, այլ այն, որ մյուսներին կզրկենք արտահանման հնարավորությունից>: Առաջարկեց՝ թողնել, որ արտադրողն ինքը որոշի՝ սեփական արտադրանքը արտահանի միջնորդի միջոցո՞վ, թե՞ ինքնուրույն:

Սա հակաշուկայական օրենք է, տանիքներ ստեղծող, կասկածելի հեռանկարով՝ ամբիոնին մոտ ներդահլիճային տրամադրությունները սրելու հարցում փորձառու ՀԱԿ պատգամավոր ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆՆ էր: <Պարոն Լևոն, դուք այս պահին նորից զբաղված եք քաղաքական շահարկումներով>. ՀԱԿ պատգամավորին սաստողը ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ էր, ով մեջբերեց հայտնի խոսքը, թե քաղաքական գործիչները մտածում են հաջորդ ընտրությունների մասին, իսկ պետական գործիչները ապագա սերունդների:

Դիմելով կառավարությանը խնդրեց ու պահանջեց խորհրդարանում կազմակերպել քննարկումներ, հաշվի առնել պատգամավորների հնչեցրած կարծիքներն ու սեղանին ունենալ վերամշակված նախագիծ: <Մենք քաղաքական շահարկումների խնդիր չունենք ու ցանկանում ենք այս նախագիծը, որն ունի լավ նպատակներ, վերջնական տեսքի բերել և դարձնել պետության համար օգտակար օրենք>:

Խորհրդարանն օրենքի նախագծին կանդրադառնա հաջորդ քառօրյայում, հուսանք, որ պատգամավորների անհրաժեշտ ներկայությամբ:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել TOP, Լրահոս, Վերլուծական, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն