Ադրբեջանցի դիվերսանտներից մեկին կարող ենք փոխանակել Ռամիլ Սաֆարովի հետ. Դավիթ Բաբայան
Ղարաբաղի իշխանությունները կարող են քննարկել ադրբեջանցի դիվերսանտներից մեկին հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովի հետ փոխանակման հարցը: Այդ մասին հայտարարել է Արցախի նախագահի մամուլի քատրուղար Դավիթ Բաբայանը ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:
«Մենք կարող ենք մտածել դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներից մեկի փոխանակման առաջարկի մասին: Նրանցից մեկին փոխանակենք, օրինակ, Ռամիլ Սաֆարովի հետ (2004 թվականին Հունգարիայում կացնահարել էր սպա Գուրգեն Մարգարյանին – խմբ): Սակայն միակողմանի փոխանակման մասին խոսք անգամ չի կարող լինել: Կարծում եմ, որ դա կլիներ բոլոր ժողովրդավարական սկզբունքների կոպտագույն խախտում», – նշել է Բաբայանը: Ընդ որում նա ընդգծել է, որ ադրբեջանցի դիվերսանտների նկատմամբբ դատավարությունը եղել է անկողմնակալ և թափանցիկ: Նրա ասելով, հանցագործների մեղքն ապացուցվել է` միջազգային բոլոր սկզբունքների և նորմերի պահպանմամբ:
Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ԱՊԱ-ի հետ զրույցում կոչ է արել վերադարիձնել Լեռնային Ղարաբաղում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներին: Նրա ասելով, նման մարդասիրական քայլը կարող է նպաստել կողմերի միջև լարվածության թուլացմանն ու վստահության ստեղծմանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիեւը (1968թ. ծնված), Դիլհամ Ասկերովը (1960թ. ծնված), ինչպես նաեւ սպանված երրորդ մասնակից Հասան Հասանովը, ունենալով զենք եւ զինամթերք, 2014թ. հունիսի 29-ին ապօրինաբար հատել էին ԼՂՀ պետական սահմանը եւ ներխուժել Հանրապետության Շահումյանի շրջանի տարածք՝ հետախուզական գործողությունների նպատակով: Տվյալ անձինք հատուկ առաջադրանքոց տեղեկություններ էին հավաքել եւ լրտեսական գործունեություն իրականացրել: Ավելին, նրանք զենքի գործադրմամբ հուլիսի 4-ին առեւանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների միջեւ ընկած անտառային զանգվածում: Բացի այդ, Հասանովը հուլիսի 11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կմ-ին ազգային ատելության հողի վրա հրազենով սպանել էր Երեւանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին (1971թ. ծնված), իսկ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ էր հասցրել: Նա զինված դիմադրություն էր ցույց տվել ձերբակալման ժամանակ եւ վնասազերծվել:
2014 թվականի դեկտեմբերի 29-ին Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Դիլհամ Ասկերովին դատապարտել է ցմահ ազատազրկման, իսկ Շահբազ Գուլիևին` 22 տարվա ազատազրկման:
Դատապարտվածների փաստաբաններն արդեն հաղորդել են, որ իրենց պաշտպանյալները որոշել են դատավճիռը բողոքարկել Վերաքննիչ դատարանում:
arminfo.am












