Գլխավոր » Society, Լրահոս, Ռուսաստան, Վերլուծական, Տնտեսություն

Գործադիրը պետք է ժամ առաջ հակաճգնաժամային ծրագիր մշակի

Փետրվար 6, 2015թ. 21:50

Աշխարհաքաղաքական հարաբերություններում ծայրահեղ լարվածություն, Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ պատժամիջոցների պատերազմ. ահա այս պայմաններում մեկնարկեց Եվրասիական Տնտեսական Միությունը: Ստեղծված իրավիճակը արևմտյան պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանին ստիպում է ձեռնարկել նոր, մինչ այսօր չիրականացված տնտեսական քաղաքականություն:

Տարբեր վերլուծաբաններ շեշտադրում են այն հանգամանքը, թե Ռուսաստանը այս իրավիճակում զբաղված լինելով ինքնապաշտպանական տնտեսական քաղաքականության մշակմամբ, հազիվ թե հնարավորություն, նաև ցանկություն ունենա այդ քաղաքականության մեջ ներառելու ԵԱՏՄ անդամ պետությունների շահերը: Հաշվի առնելով այս իրողությունը ո՞րն է լինելու Հայաստանի համարժեք քայլը:

<Հայաստանը պետք է մշակի սեփական հակաճգնաժամային ծրագրերն ու լծվի դրանց կատարմանը>. հայտարարում է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանն ու տեղեկացնում, որ Ռուսաստանն արդեն իսկ ընդունել է հակաճգնաժամային ծրագիր և որպես առաջին քայլ սահմանել՝ աջակցություն ներմուծմանը փոխարինող արտադրությանը, նաև փոքր ու միջին բիզնեսին, միաժամանակ, սուբսիդավորել ձեռնարկությունների վարկերը, որոնք արտահանում են իրենց արտադրանքը, սուբսիդավորել նաև անապահով խավերին:

Արդեն մեկ ամիս է, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, հակաճգնաժամային ի՞նչ քայլեր է արել հայրենի կառավարությունը: <Մենք դեռ հակաճգնաժամային ծրագիր չունենք, կարծում եմ, մեր գործադիրը պետք է հնարավորինս արագ այն մշակին>.ասում է Թավադյանն ու միաժամանակ նկատում՝ այդ ուղղությամբ քայլեր արդեն իսկ արվում են, որպես այդպիսին արտահանման խրախուսումն է՝ <շահութահարկը 20 տոկոսից իջեցրվեց 2-ի այն արտահանողների համար, որոնք 50 մլրդ դրամից ավել են արտահանում>: Համարժեք քայլեր է կատարում նաև ԿԲ-ն՝ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսը, միավորում է բանկերը, այն պայմանո, որ դա կկայունացնի մեր բանկային համակարգը:

Քաղաքական իրողություններով պայմանավորված, Ռուսաստանի ծանր տնտեսական դրությունը չի կարող չանդրադառնալ ԵԱՏՄ անդամ Հայաստանի վրա, քանզի երկու երկրների տնտեսությունները վաղուց սերտորեն փոխկապակցված են, և ուրեմն. <ԵՏՄ անդամ լինենք, թե՝ ոչ, միեւնույն է` Ռուսաստանին ուղղված պատժամիջոցների հարվածը նաև Հայաստան է հասնելու՝ գրեթե նույն ուժգնությամբ>,- ընդգծում է պրոֆեսոր Թավադյանը:

Սակայն համոզված է, որ Հայաստանի ԵԱՏՄ անդամ լինելը գոնե հնարավորություն կտա օգտվել էժան ռեսուրսներից, լուծել սոցիալական հարցերն ու պաշտպանության համար անհրաժեշտ խնդիրները: <Չմոռանաք, անկախ ամեն ինչից, ԵԱՏՄ-ին մեր երկրի անդամակցումը տնտեսական առումով լիարժեք ճշգրիտ քայլ է: Եթե նախկինում մաքսատուրքերից ստանում էինք մոտ 130 մլն դոլար, ապա ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո տարեկան կստանանք 300 մլն: Իսկ շնորհիվ միայն գազի ցածր սակագնի մեր տարեկան արդյունավետությունը կազմում է 150 մլն դոլար>: Նաև հիշեցնում է՝ այս թվերը համադրելի են մեր պետական բյուջեի դեֆիցիտին, որն այսօր կազմում է 250 մլն դոլար:

Մինչ անդամակցումը շեշտվում էր այն մասին, թե Ռուսաստանից դեպի Հայաստան ակնկալվում են լուրջ ներդրումներ, մինչդեռ այսօր արևմտյան պատժամիջոցների պատճառով կանխատեսվում է հակառակը՝ ներդրումների հավանականությունը խիստ ցածր է, քանզի Ռուսաստանը զբաղված է իր համար առաջնահերթ խնդիրների լուծմամբ. <Իրոք այդպես է ու այն դրականը, որ ակնկալում էինք՝ չկա: Բայց դա չի նշանակում, որ չի լինելու: Դրա համար մենք պետք է արտահանման ծրագրեր մշակենք>:

Տնտեսագետը միաժամանակ խորհուրդ է տալիս չգերագնահատել այս կամ այն միության դերը, ինչպիսի միության մեջ էլ գտնվենք չենք կարող հասնել արդյունքի, քանի դեռ չենք լուծել մեր ներսի խնդիրները՝ <Որպեսզի էական տնտեսական աճ ունենանք պետք է ինքներս լավ աշխատենք, առավելապես հենվենք սեփական ներուժի վրա, պետք է վերափոխենք մեր տնտեսական քաղականությունը, հատկապես, դրամավարկայինը>:

<Հունվարի 2-ից հետո Ռուսաստանում ու նրա շուրջ ծավալվող քաղաքական իրողությունները նոր պայմաններ են ստեղծել>,- իր հերթին շեշտում է քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը: Պատժամիջոցների պատերազմի արդյունում, նավթի գների անկման պայմաններում ՌԴ-ում առաջին անգամ բարձր խոսեցին այն մասին, որ արտահանման փոխարեն պետք է հիմնվել սեփական արտադրության զարգացման վրա.<Սա ՌԴ համար ազգային անվտանգությանն առնչվող ռազմավարական խնդիր է, իսկ այս գաղափարի կողմակիցների թիկունքին կանգնած է Պուտինը: Ռուսների այդ ցանկությունը պետք է մեզ հուշի, որ Հայաստանը որպես դաշնակից երկիր պետք է կարողանա իր ծառայությունները առաջարկել ու դրա օգուտը ստանալ՝ ակտիվ համագործակցելով Ռուսաստանի հետ տարբեր ոլորտներում>:

Բազմիցս է ասվել՝ Ռուսաստանի համար գրավիչ են հայաստանյան գյուղմթերքների և բարձր տեխնոլոգիաների ոլորտները: <Արևմուտքից նման տեխնոլոգիական աջակցություն Ռուսաստանը մոտակա տարիներին չի կարող ակնկալել, ուրեմն մեր հայտը կարող է լինել այնքան գրավիչ ինչպիսին չի եղել նախորդ 20 տարում: Եթե որոշ պետություններ մեզ ուզում են սպասարկող երկիր դարձնել, բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցելով մենք կարող ենք որպես արտադրող երկրիր հանդես գալ>:

Պարզվեց, նաև որ ՌԴ 70-ից ավելի նահանգների, մարզերի միջին ու մանր ներդրողներ շահագրգռված են Հայաստանի մարզերի հետ հարաբերություններ զարգացնելու հարցում: Արամ Սաֆարյանի փոխանցմամբ, սա նաև քաղաքական հանձնարարական է տրված ՌԴ իշխանությունների կողմից՝ շփվել ՀՀ մարզերի հետ ու հաստատել գործընկերային կապեր:

<Ստեղծված իրավիճակը շատ նպաստավոր է, մենք կարողանք ենք ապահովել անհրաժեշտ ներդրումներ>: Սակայն հայտնի ճշմարտություն է՝ ներդրումներ ապահովելու համար առաջին հերթին հարկավոր է նպաստավոր կարծիք ձևավորել, մեր երկիրը անհրաժեշտ չափով ներկայացնել ռուս ներդրողին: Սաֆարյանը համոզված է մենք ի վիճակի ենք ԵԱՏՄ-ում ստեղծել Հայաստանի տնտեսության ու մեր երկրի մասին բարյացակամ վերաբերմունք, դրա համար կան անհրաժեշտ հիմքեր, հենց թեկուզ այն, որ Հայաստանը ԵԱՏՄ տարածքում ամենալիբերալ տնտեսական ռեժիմ ունեցող երկիրն է:

Դիմելով ՀՀ կառավարությանը Արամ Սաֆարյանն առաջարկում է` Եվրասիական ինտեգրման հարցերով գիտափորձագիտական խորհուրդ ստեղծել, որում հավաքված բարձրակարգ գիտնականներն ու փորձագետները թե’ Հայաստանը ներկայանալի կդարձնեն Ռուսաստանում, թե’ կառավարությանը կտրամադրեն որակյալ վերլուծություն ԵԱՏՄ տարածքում ընթացող տնտեսական, քաղաքական գործընթացների մասին, ինչպես նաև հայ հասարակությանը կիրազեկեն մաքսային, հարկային, ներդրումային դաշտի նորությունները:

<Քանի դեռ չունենք անհրաժեշտ տեղակատվություն Եվրասիական գործընթացների մասին, մենք չենք կարող իրացնել այն լավը, որի մասին խոսում ենք արդեն երկու տարի, և որը պայմանագրով մեզ տրված է>:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Society, Լրահոս, Ռուսաստան, Վերլուծական, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն