Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական

Լիցենզավորման մասին նոր օրենքը տաքսիստների սրտով չէ

Փետրվար 8, 2015թ. 17:05

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ ՏԱՔՍԻՍՏՆԵՐԻ ՃԱՇԱԿՈՎ ՉԷ

Տաքսու վարորդները նորից ոտքի են կանգնել. հիմա էլ դժգոհ են լիցենզավորման մասին նոր օրենքից: Ինչպես կասեր տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ им не угодишь:

Վերջին տարիներին տաքսի ծառայությունների համար օրենքը հազար տեսակի ձևելուց ու վերաձևելուց հետո թվում էր, թե վարորդները երախտապարտ պետք է լինեն նախարարին, քանի որ իր վստահեցմամբ օրենքի ամեն կետ համապատասխանեցվել է տաքսիստների շահերին՝ հաշվի առնելով նրանց դժգոհություններն ու մտահոգությունները:
Առաջին հայացքից թվում է, թե լիցենզավորման մասին նոր օրենքը տաքսիստները պետք է ոգևորությամբ ընդունեին, քանի որ դրանով վերացվել են նրանց ներկայացվող մի շարք սահմանափակումներ, մոտ չորս անգամ թեթևացվել է տաքսու վարորդների վրա դրված ֆինանսական բեռը` կապված հարկերի կրճատման և տարատեսակ այլ մուծումների վերացման հետ:

Եթե նախկինում տաքսի վարելու համար յուրաքանչյուր վարորդ պետք է անհատ ձեռներեց լիներ, ապա նոր օրենքով թույլատրվում է տաքսի վարել առանց անհատ ձեռներեց ձևակերպվելու, պարզապես որպես ֆիզիկական անձ, ինչը տաքսիստին ազատում է պետական ռեգիստրում գրանցվելու անհրաժեշտությունից, հաշվապահի և անհատ ձեռներեցի համար պահանջվող այլ վճարներ կատարելուց: Վարորդից միայն կպահանջվի տրանսպորտային միջոցը կահավորել սահմանված պահանջներին համապատասխան և անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելով` գործունեություն իրականացնելու իրավունք ստանալ՝ վճարելով ամսական 12 հազար դրամ պետական տուրք՝ նախին 25 հազար դրամի փոխարեն: Մեկ տարվա համար վճարելու դեպքում պետտուրքը կնվազի մինչև 120 հազար դրամ:

Ի դեպ նոր օրենքը տաքսիստներին ազատում է նաև ամենօրյա բուժզննման ու տեխզննման պահանջից, քանի որ դա հիմնականոմ ձևական բնույթ էր կրում ու վարորդների վրա միայն լրացուցիչ 10-15 հազար դրամի ֆինանսական բեռ էր:

Բայց ինչպես երևում է նոր պայմաններն այնքան էլ չեն գոհացրել տաքսու վարորդներին, ովքեր բազմաթիվ բացեր են հայտնաբերել նոր օրենքում և պահանջում են վերանայել այն:
Տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանի կարծիքով բողոքներն առնվազն տարօրինակ են են, քանի որ նոր օրենքը նշակվել է տաքսիստների բողոքներն ու պահանջները հաշվի առնելով: Նա ասում է, որ լիցենզավորման մասին նոր օրենքում կանոնակարգային նոր մոտեցումներն ուղղված են բացառապես վարորդների աշխատանքի դյուրացմանը, ադմինիստրատիվ-բյուրոկրատական միջամտությունների առավելագույն կրճատմանը, գրանցման, աշխատանքի և սպասարկման պայմանների բարելավմանը:

Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ ՎԱՀԱԳՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ ողջունելով այս օրենքը՝ այդուհանդերձ նշում է, որ դրանում դրույթներ կան, որոնք փոփոխման, կարգավորման կարիք ունեն. ՙՕրենքի նոր փոփոխություններին բավական երկար ենք սպասել՝ մոտ 2 տարի: Փոփոխության հիմքում խնդիր էր դրված՝ գոնե միայն մասնավոր հատվածի համար պարզեցնել լիցենզիա ստանալու կարգը, քանի որ այն բավական խոչընդոտներ էր ստեղծում ու մարդկանց ստիպում անօրինականորեն աշխատել: Նոր օրենքը բավական պարզեցրել է տաքսի վարելու համար անհրաժեշտ թույլտվության կարգը. տաքսի ծառայությամբ զբաղվող անհատ մարդիկ շատ հանգիստ կարող են մի քանի օրվա ընթացքում, ընդամենը մի քանի փաստաթուղթ ներկայացնելով, լիցենզիա ստանալ՝ ամսական վճարելով 12 հազար դրամ: Օրենքի թերևս ամենադրական կողմը դա կարելի է համարել: Մնացած առումներով այն կաղում է և թերացումներով գրեթե հավասարազոր է հին օրենքին՚:

Մյուս կողմից էլ Վահագն Սահակյանը լիցենզավորման կարգի այդչափ պարզեցումը վտանագավոր ու աննպատակահարմար է համարում, քանի որ ըստ նրա՝ շատերն առիթից օգտվելով՝ տաքսիստ կդառնան ու լավ մասնագետ չլինելով՝ կվտանգեն ուղևորների կյանքը. ՙՄիայն սահմանափակ թվով փաստաթղթեր պահանջելով լիցենզիա հատկացնելու դեպքում շատ հնարավոր է մայրաքաղաքում հայտվեն, օրինակ, ղեկի աջակողմյան դասավորությամբ տաքսիներ, որոնց երթևեկությունը աննպատակահարմար է մեր երկրի համար: Բացի դա՝ այսօր մեքենա ունեցող շատերը աշխատանքից հետո լրացուցիչ գումար վաստակելու նպատակով կարող են իրենց մեքենան վերածել տաքսու՝ համապատասխան կահավորմամբ, ու երեկոյան ՙգրդոն՚ անել՝ վնասելով իրական տաքսի ծառայությունների ու անհատ տաքսիստների գործունեությանը: Առանց այն էլ տաքսիստնեը բողոքում են, որ ծառայությունները չափից ավելի շատ են, իսկ հաճախորդների թիվը զգալիորեն կրճատվել է: Սա հղի է այն վտանգով, որ վաղ թե ուշ տաքսի վարելը կարող է անշահավետ լինել: Իսկ տաքսիստները կամ կհամալրեն գործազուրկների շարքը կամ կբռնեն արտագաղթի ճանապարհը՚:

Վահագն Սահակյանը օրենքի թույլ տեղերից է համարում նաև դեղին համարանիշերը սպիտակով փոխարինելու պահանջը, որը խնդիրներ կառաջացնի ոչ միայն տաքսիստների, այլև դրանց ծառայություններից օգտվողների համար: Նրա հավաստիացմամբ՝ դեղին համարանիշերն արդեն հասարակության մոտ վստահություն էին ներշնչում, որովհետև դրանց առկայությունը փաստում էր տաքսի ծառայության թույլտվության և օրենքի դաշտում աշխատելու մասին: Բազմաթիվ մարդիկ չեն օգտվում այն տաքսի ծառայություններից, որոնք դեղին համարանիշ չունեն: Նոր օրենքի համաձայն՝ տաքսի ծառայություն մատուցող մեքենաների վրա դեղին համարանիշերի փոխարեն դիմապակիների վրա ինքնակպչուն տարբերանշաններ են փակցվելու, որոնք տաքսի ծառայություններից օգտվողների համար տեսանելի չեն լինի:

Դեղի համարանիշերը վերացնելը խնդիրներ կառաջացնի նաև տարածաշրջանից դուրս գալու դեպքում՝ հատկապես Վրաստանի սահմանագծին. ՙՄեզ հաջողվել էր Վրաստանի հետ համաձայնության գալ, որ դեղին համարանիշերով մեքենաների մուտքը հանրապետության տարածք թույլատրվի, մինչդեռ դրանք սպիտակով փոխարինելը ենթադրում է, որ նոր պայմանավորվածություններ է հարկավոր ձեռք բերել՚:
Նոր օրենքի բացթողումներից տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահը կարևորում է նաև ամենօրյա տեխզննումների և բուժզննումների պահանջի վերացումը: Ճիշտ է, տաքսու վարորդներն ամեն օր տեխնիկական և բուժզննման չէին գնում, նրանք ամսական որոշակի գումար էին վճարում ինչ-որ կազմակերպությունների և ամեն օրվա համար զննումների մասին թուղթ էին ձեռք բերում, գործընթացը զուտ ձևական, թղթաբանական էր դարձել, սակայն նոր օրենքով այդ պահանջը ոչ թե պետք է վերացվեր, այլ ավելի արդյունավետ դարձվեր: Տաքսիստները հասարակական ծառայություն են մատուցում, ուստի թե նրանց առողջությունը՝ ֆիզիկական և հոգեկան, թե մեքենայի սարքին լինելը շատ կարևոր է: Նոր օրենքով այդ պահանջը ոչ թե պետք է վերացվեր ընդհանրապես, այլ վարորդների համար որոշակի շահավետ պայմաններ պետք է սահմանվեին՝ բժշկական ու տեխնիկական զննումը մատչելի ու հնարավոր դարձնելու համար: Թե չէ ով ասես ու ինչ մեքենայով ասես կարող է տաքսի ծառայություն մատուցել, և Աստված մի արասցե՝ դժբախտ դեպք լինելու դեպքում ոչ ոք պատասխանատու չի լինի:

Տաքսիների լիցենզավորման նոր պահանջով բոլոր հաշվիչները պետք է ստուգաչափվեն: Վահագն Սահակյանը տեղեկացնում է, որ այդ ստուգաչափումներն իրականացնում են Ստանդարտների պետական ինստիտուտը և Չափագիտության ազգային ինստիտուտը, որոնք շրջաններում ստորաբաժանումներ չունեն: Ուստի հեռավոր մարզերից հաշվիչների ստուգաչափումների համար վարորդները պետք է հսկայական ճանապարհ կտրեն, վառելիքի գումար ծախսեն, որ հասնեն Երևան և 2000 դրամ էլ վճարելով ստուգաչափում իրականացնեն: Դա Վ. Սահակյանն անհեթեթություն է համարում՝ ժամանակի ու գումարի անիմաստ վատնում:

Տաքսի ծառայություններ մատուցող տնտեսավարողները նույնպես դժգոհ են նոր օրենքից, քանի որ նրանց կարծիքով այն կհանգեցնի տաքսի ընկերությունների լուծարմանը: Լիցենզավորման այն պայմանները, որոնք ստեղծվել են անհատ տաքսիստների համար, մրցակցությունից դուրս կմղեն տաքսի ծառայություններին, որոնք յուրաքանչյուր ավտոմեքենայի համար ամսեկան պետք է վճարեն 30 հազար դրամ պետտուրք: Տաքսի ծառայություն մատուցող ընկերությունները մտահոգվում են, որ իրենց մոտ աշխատող վարորդները կհրապուրվեն անհատ վարորդների համար պարզեցված պայմաններով ու կնախընտրեն առանձին աշխատել: Իսկ ընկերությունները կմնան առանց վարորդների:
Չնայած անհատ վարորդները ամենևին գոհ չեն պետտուրքի համար սահմանված գումարի չափից, քանի որ այսօրվա պայմաններում այդ 12 000 դրամը բավական մեծ դժվարությամբ են վաստակում: Նրանք բողոքում են, թե տաքսի վարողների թիվն օրեցօր ավելանում է, իսկ լիցենզավորման կարգի պարզեցումից հետո նրանց թիվն ավելի կմեծանա: Դա նշանակում է, որ իրենց հաճախորդների թիվն է նկատելիորեն կրճատվելու: Առանց այն էլ տաքսիստները հավատացնում են, որ մարդկանց անվճարունակ լինելու հետևանքով տաքսի վարելն անշահավետ է դարձել: Դրան էլ հարկավոր է ավելացնել այն, որ տաքսիստների համար համապատասխան կայանտեղիներ չկան և նրանք հաճախ են տուգանվում այս կամ այն վայրում ճարահատ կանգնելու համար, կամ որպեսզի չտուգանվեն ստիպված ողջ օրը դատարկ շրջում են քաղաքով ու անտեղի վառելիք ծախսում այն դեպքում, երբ օր է լինում հազիվ 2000 դրամ են վաստակում:

Տաքսիստները պահանջում են կառավարությունից վերանայել նոր օրենքը՝ հաշվի առնելով բոլոր այս անհարմարությունները և դրանց համապատասխան դրույթներ մշակել, կրճատել պետական տուքը կամ էլ հարմար պայմաններ ստեղծել իրենց անվնաս գործունեության համար: Եթե կառավարությունն ականջալուր չլինի վարորդներն սպառնում են սկսել զանգվածային անկարգություններով ուղեկցվող ակցիաներ:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ


Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն