Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն

«Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրենքի ընդունումը վտանգավոր է բնակչության առողջության համար, իրականում այն հիմնավորում չունի

Փետրվար 8, 2015թ. 22:50

«Հայք» վերլուծական- տեղեկատվական կենտրոնն այսօր «Ցորենի ալյուրի հարստացման մասին» վտանգավոր օրենքի նախագծի առնչությամբ լրագրողների հետ հանդիպման էր հրավիրել Հայաստանի տեխնոլոգիական ակադեմիայի ակադեմիկոս, քիմիական գիտությունների թեկնածու,հացարտադրության ոլորտի տեխնոլոգ Ալեքսանդր Սելիմյանին, «Հանուն առողջ սննդի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Աշոտ Կարապետյանին, սննդի անվտանգության ոլորտում հետաքննող լրագրող Արթուր Հովհաննիսյանին և մասնագիտությամբ կենսաֆիզիկոս, հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանին:

Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովը` վերջինիս ղեկավար Արա Բաբլոյանի նախագահությամբ հունվարի 27-ին քննարկելով «Ցորենի ալյուրի հարստացման մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ oրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որոշել է այն հետաձգել մինչև մեկ տարով: Ընդգծենք, որ ոչ թե մեկ տարով, այլ մինչև մեկ տարով, ինչը նշանակում է, որ հանձնաժողովը մեկ տարվա ընթացքում իրեն հարմար ցանկացած ժամանակ կարող է անդրադառնալ հիշյալ փաթեթին և փորձել այն առաջ մղել:

«Իրենց նպատակն է, որ մենք աստիճանաբար լռենք, հանդարտվենք,- ասաց Խաչիկ Ստամբոլցյանը:- Դրա համար ես կոչ եմ անում բոլոր ակտիվիստներին, որ չլռեն, շաբաթը մեկ մի թերթում, մի ամսագրում, մի հեռուստատեսությամբ անդադար խոսեն, որպեսզի հասկանան, որ սա չդադարող պրոցես է, որովհետև ամբողջ ազգի առողջության, գենոֆոնդի խնդիր է»:

Ալեքսանդր Սելիմյանը ցորենի ալյուրի հարստացման ծրագիրը համարեց բացարձակ շինծու և հավաստեց, որ իրականում չկա ՀՀ բնակչության անեմիայի խնդիր: Բացի դրանից՝ ցորենի թեփը պարունակում և՛ երկաթի միացության, և՛ մարդու օրգանիզմին անհրաժեշտ վիտամինների բավարար քանակություններ, և նշվածը հաշվի առնելով, պարզապես պետք է ցորենն աղալիս թեփը ալյուրից չառանձնացնել կամ այն օգտագործել հացի արտադրության մեջ:

«Այսինքն` ցորենի թեփը եթե հանում ես, հետը հանում ես այդ բոլոր հանքանյութերը` երկաթ և այլն, որ մեջը կա, ուրեմն խնդիրը մեկն է, որ նորից դրանք վերադարձնես,- ասաց Ալեքսանդր Սելիմյանը:- Կամ եթե առողջապահության նախարարությունն այդքան մե՜ծ մտահոգվածություն ունի մեր ազգաբնակչության համար, ուղղակի պետք է հասցնել, որ սպիտակ հացի հետ պետք է օգտագործել նաև գորշ կամ տարեկանի հաց, որոնք հարուստ են այդ ամենով»:

Աշոտ Կարապետյանի հավաստմամբ՝ օրենքի նախագիծն իրականում չունի հիմնավորումներ, նախագծին կից ներկայացված «հիմնավորումներում» 2005թ. տվյալներ են ներկայացված, թե անեմիան մինչև 5 տարեկան երեխաների և վերարտադրողական տարիքի կանանց շրջանում համապատասխանաբար 37 տոկոս և 25 տոկոս է: Հենց նույն հետազոտության մեջ նշված է, որ, օրինակ, «Երևանում սակավարյունության որևէ մակարդակ ունեցող երեխաների մասնաբաժինը հինգ տարիների ընթացքում եռապատկվել է՝ 13 տոկոսից (2000թ.) մինչև 45 տոկոս (2005թ.)… Նման մեծ տատանումներն անհավանական են… Ինչպես նաև հնարավոր է սխալներ են տեղ գտել տվյալների հավաքագրման ընթացքում և սխալ են օգտագործվել սակավարյունության որոշման սարքերը կամ նշտարները»: Համապատասխան փաստաթղթից մեջբերելով հիշյալ օրենքի ընդունման անհրաժեշտությունն իբր թե հիմնավորող տվյալ հատվածը, կենսաֆիզիկոսն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հիմք հանդիսացող այդ տվյալները հենց հետազոտողների կողմից կասկածի են ենթարկվել, դրանք հավաստի չեն:

«Մյուս կողմից` կան հղի կանանց շրջանում անեմիայի մասին տվյալներ (հղի կանանցից գրեթե բոլորը ստուգվում են, արյան անալիզ են հանձնում), ըստ այդ տվյալների, հղի կանանց մոտ տարածվածությունն ամեն տարի 13 տոկոսից չի անցնում»,- տեղեկացրեց Աշոտ Կարապետյանը:

Կենսաֆիզիկոսը մի շարք փաստարկներով ներկայացրեց նաև պրեմիքսներով ալյուրի հարստացման վտանգավորությունը: Օրինակ, Չիլիում ալյուրը ֆոլաթթվով պարտադիր հարստացնելու ծրագրի մեկնարկից հետո զգալի կերպով աճել է առանձնապես հաստ աղու քաղցկեղը՝ 45-64 տարիքային խմբում՝ 2,6 անգամ, 65-79 տարիքային խմբում՝ 2,9: Այդ նույն տարիքային խմբերում կրծքագեղձի քաղցկեղն աճել է համապատասխանաբար՝ 2,08 և 1,9 անգամ: Կան բազմաթիվ առողջական վիճակներ, որոնց դեպքում հակացուցված է ֆոլաթթվի և/կամ երկաթի ընդունումը:

«Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրենքի ընդունման դեպքում բարձր և 1-ին տեսակի ալյուրներին խառնվող պրեմիքսների պարունակությունը, առողջապահության նախարարության պատասխանատուների հրապարակային ու բանավոր հավաստմամբ, լինելու է բացառապես երկաթի միացություններ և ֆոլաթթու (խոսքն արհեստական ֆոլաթթվի և երկաթի միացությունների մասին է):

Իրականում, սակայն, ինչպես ներկայացրեց Արթուր Հովհաննիսյանը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, Հայաստանի համար սահմանված հավելանյութերի ցանկը հետևալն է՝ B վիտամիններ, ֆոլաթթու, երկաթ, ցինկ, վիտամին A: Բնականաբար, խոսքը դարձյալ արհեստական վիտամինների մասին է, որոնց քաղցկեղառաջացման վտանգի մասին բազմաթիվ հրապարակումներ կան, այդ թվում նաև` մասնագետների կողմից:

Ավելին. նախարարության պատասխանատուների հիշյալ հրապարակային հավաստիացումներն ակնհայտորեն հակասում են «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրենքի նախագծի 3.1.3 հոդվածին` «վիտամինահանքանյութային հավելումներ (այսուհետ՝ պրեմիքսներ)` հավելանյութեր, որոնք ավելացվում են ցորենի ալյուրի հարստացման գործընթացում և պարունակում են վիտամիններ և հանքային նյութեր…», ինչպես նաև նախագծի այլ կետերի, քանի որ դրանցում վիտամինները և հանքային նյութերը նշված են հոգնակի թվով:

Հետաքննող լրագրողը, ըստ էության, դեմագոգիա համարեց ՀՀ առողջապահության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից ոմանց այն հավաստումը, պնդումը, թե սպառողներն ունեն ընտրության հնարավորություն և կարող են գնել նաև պրեմիքսներով չհարստացված ալյուրից պատրաստված հաց, քանի որ նրանց, հատկապես երևանաբնակների այդ հնարավորությունն իրականում ձևական բնույթ է ունենալու, գործնականում գրեթե ամբողջությամբ բացակայելու է: Այս առումով թերևս բավարար է նշել, որ հանրապետությունում արտադրվող ալյուրի 80-85 տոկոսը պարտադիր կարգով հարստացվելու է պրեմիքսներով, իսկ Երևանի հացարտադրողների կողմից օգտագործվող ալյուրի` ավելի մեծ տոկոսը, քանի որ նրանք ալյուրը հիմնականում ձեռք են բերում օրական 30 տոննա և ավելի արտադրողականություն ունեցող ալրաղացներից, որոնց վրա, օրենքի ընդունման դեպքում, տարածվելու է պարտադիր հարստացման պահանջը:

Nyut.am


Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն