Գլխավոր » TOP, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Մշակույթ, Ով է թուրքը, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Մարդկությունն իր տեսակը պահպանելու համար պետք է ընդունի Հայոց ցեղասպանությունը

Փետրվար 9, 2015թ. 13:27

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 23-ին ամերիկյան աշխարհահռչակ Sistem Of A Down ռոք խումբը համերգային աննախադեպ ծրագրով ելույթ կունենա Երևանում: Խմբին հայաստանցիներս վաղուց էինք սպասում, սա նրանց առաջին այցն է լինելու հայրենիք ու պատահական չէ, որ նրանք ընտրել են խոհրդանշական տարեթիվը. սկզբնավորման օրվանից Sistem Of A Down-ի անդամներն իրենց արվեստով ծառայում են Հայոց ցեղասպանության աշխույժ քարոզչությանը և դատապարտմանը՝ իրենց երգերով, հարցազրույցներով, հանրային ելույթներով ու մշակութային միջոցառումներով:

Իր տված հարցազրույցներից մեկում խմբի մենակատար Սերժ Թանկյանը կարևորել է Հայոց Ցեղասպանության ճանաչումը՝ մարդկության դեմ նման ոճիրների հետագա կանխման համատեքստում. ՙՀայերի ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ոճիրն էր, որ կատարվեց մի ամբողջ ժողովրդի նկատմամբ, և այդ մասին հաճախ են մոռանում: Ինձ համար շատ կարևոր է մարդկանց հասկացնել, որ նման ողբերգություններ տեղի են ունենում ամբողջ աշխարհով մեկ, և դրանք չի կարելի անտեսել: Մենք ուզում ենք հայերի ցեղասպանության ճանաչումը հանգեցնի նրան, որ մարդկությունը դադարի ոչնչացնել ինքն իրեն: Մարդկությունը պետք է միավորված արձագանքի այդ եղեռնագործություններին ու կանխի դրանք: Բայց ոչ ոք դա չի անում ու չի էլ մտածում դրա մասին: Ինչն էլ նոր ցեղասպանություններ է ծնում: Այո՝ մենք դեռ նորանոր ցեղասպանությունների ականատեսներն ենք դառնում: Ես մամուլում կարդացել եմ, որ Սիրիայի Դեր-Զոր անապատում իսլամական պետության զինյալների կողմից սպանված մարդկանց զանգվածային գերեզման է հայտնաբերվել: Դա ինձ հիշեցրեց նույն տեղում՝ Դեր-Զորի ավազներում թաղված այն մարդկանց մասունքների մասին, ովքեր կոտորվել էին 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ:

Կարծում եմ՝ պետք է հստակ միջազգային արձանագրություն գոյություն ունենա. երբ աշխարհում որևէ տեղ ցեղասպանություն է լինում, բոլոր ազգերը առժամանակ պետք է մոռանան իրենց շահերի մասին՝ հանուն համամարդկային բարօրության և միասնաբար լուծեն այդ համընդհանուր խնդիրը: Գիտեմ, որ դա ուտոպիստական գաղափար է, բայց դա միակ միջոցն է մարդկության համար որպես տեսակ գոյությունը պահպանելու համար՚:
Հենց այս գաղափարով էլ ազգությամբ հայ երաժիշտներից բաղկացած խումբը նախքան երևանյան ելույթը համերգային շրջագայությամբ կփորձի աշխարհի մի շարք երկրներում մարդկանց հոգիներն արթնացնելու կոչ անել: ՙԱրթնացնենք հոգիները՚՝ ասպես է կոչվում համերգային ծրագիրը, որով Sistem Of A Down-ը Հայոց ցեղասպանության հերթական դատապարտմամբ ապրիլի 10-ին ելույթ կունենա ԱՄՆ-ում, այնուհետև համերգներ կունենա Լոնդոնում, Գերմանիայի Քյոլն քաղաքում, Ֆրանսիայի Լիոն քաղաքում, Բելգիայում, Նիդերլանդներում, Մոսկվայում, իսկ ապրիլի 23-ին շրջագայությունը կեզրափակվի Երևանյան բացօթյա, անվճար համերգով, որը կկայանա Հանրապետության հրապարակում: Խումբն իր պաշտոնական կայքում տեսանյութ է տեղադրել, որում կոչ է անում բոլոր ազգերին, ամբողջ մարդկությանը միանալ իրենց՝ ցեղասպանության հարցում արդարության հասնելու նպատակով ու առաքելությամբ:

Ի դեպ, խմբի Երևանյան համերգի գաղափարը ծնվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների գլխավոր համակարգող, նախագահի աշխատակազմի ղեկավար ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ և Fugitive Studios Entertainment ընկերության տնօրեն ԱՐՄԵՆ ՌԵՅՄՈՆԴ ԿՈՒՊԵԼՅԱՆԻ փոխգործակցության արդյունքում:
ՙՀանձնաժողովի անդամներով քննարկեցինք և եկանք այն եզրակացության, որ մշակույթի ձայնով Հայոց ցեղասպանության մասին աշխարհում ու Հայաստանում լավագույնս կբարձրաձայնեն Sistem Of A Down խմբի անդամները: Տղաները միշտ էլ պայքարել են հայերի դեմ Օսմանյան կայսրության իրականացրած ոճրագործության միջազգային ճանաչման ու դատապարտման համար ու ո՞վ, եթե ոչ նրանք 100-ամյա տարելիցին կդառնան երիտասարդ սերդի այն հավաքական կերպարը, որը դատապարտում է իր նախիների նկատմամբ կատարած չարիքը ու մարդասպաններից պահանջում մեղա գալ: Ուստի որոշեցինք նրանց երևանյան ելույթը ներառել մեր պարտադիր ծրագրերում:

Պետական հանձնաժողովի անունից աշխարհահռչակ ռոք խմբի անդամներին հրավեր ուղարկվեց և հանձնառություն ստանձնվեց հոգալ միջոցառման բոլոր ծախսերը՝ հանրության համար այն բաց և անվճար դարձնելու նպատակով՚,- տեղեկացնում է Վիգեն Սարգսյանը՝ նշելով նաև, որ համաշխարհային համերգաշարի, ինչպես նաև Երևանյան համերգի կայացման գործում Կուպելյան եղբայրներից բացի լումա ունեն նաև նրանց ֆինլանդացի գործընկերները:

Արմեն Կուպելյանը հիշում է, երբ ֆինլանդացիները եկել էին Հայաստան՝ տեսնելու՝ հնարավո՞ր է արդյոք այստեղ մեծածավալ համերգ կազմակերպել, ոչինչ չգիտեին ցեղասպանության մասին: Եվ երբ հետաքրքրվել են, թե ինչ է տեղի ունեցել դարասկզբին հայերի հետ, նրանց ուղեկցել են Ծիծեռնակաբերդ, Հայոց Ցեղասպանության ինստիտուտ-թանգարան ու լուսանկարներով, տեսանյութերով ներկայացրել ու պատմել ոճրագործության մանրամասները.ՙՏեսնելով նկարներն ու տեսանյութերը, ծանոթանալով ցեղասպանության մասին վկայող փաստաթղթերին՝ նրանք հուզվեցին և խոստացան ամեն ինչ անել համերգը կյանքի կոչելու համար: Դա նրանց համար պարզապես համերգ չէ, այլ արդարություն հաստատելու մասին աշխարհին արված հորդոր, կոչ: Նրանք էլ այդ կերպով կփորձեն Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում ներդրում ունենալ՚:

Վիգեն Սարգսյանը համոզված է, որ այս համերգաշարը կարդարացնի Ցեղասպանության լուսաբանման հարցում ստանձնած առաքելությունը, քանի որ բոլոր երկրներում համերգի տոմսերը վաղուց վաճառվել են: Եթե հաշվի առնենք, որ համերգները տեղի են ունենալու հյուրախաղերի ցանկում ընդգրկված քաղաքների մեծ ու հեղինակավոր համերգասրահներում, ապա ցեղասպանության լուսաբանման ու նաև դատապարտման համար բավական մեծ լսարան է ապահովվելու:
Համերգի կազմակերպիչների տեղեկացմամբ՝ Sistem Of A Down խմբի անդամները ցանկություն են հայտնել իրենց շրջագայությունների մեջ ներառել նաև Թուրքիան: Դրա համար խումբը դիմել է Թուրքիայի կառավարությանը՝ նրանց թույլտվությունը ստանալու համար: Սակայն թուրքական կառավարությունը, հաշվի առնելով, որ խմբի անդամները բացեիբաց խոսում են Ցեղասպանության մասին և քննադատում Օսմանյան ու ներկայիս Թուրքիայի վարած քաղաքականությունը՝ ընդդեմ հայերի, այդպես էլ որևէ կերպ չի արձագանքել նրանց նամակին:

Բայցևայնպես, Սերժ Թանկյանը մտածում է, որ մոտ է օրը, երբ Թուրքիան կընդունի իր կատարած հանցագործությունը ու ներում կհայցի. ՙԿարծում եմ, որ նման բան հնարավոր է: Վերջերս կարդացի այն մասին, որ Թուրքիայում շրջանառվում է անցյալի բոլոր հանցագործությունները ճանաչելու մասին օրնագիծ, որը Թուրքիայի խորհրդարանին է ներկայացրել քուրդ փոքրամասնության ՙԺողովուրդների դեմոկրատական կուսակցության՚ պատգամավոր Սեբահատ Թունջելը: Թեև ես համոզված եմ, որ օրինագիծն անհրաժեշտ ձայների քանակ չի ստանա, այնուհանդերձ դա մեզ համար նշանակում է, որ Ցեղասպանության ճանաչման հարցում մեկ քայլ առաջ ենք գնացել: Օրինագծի առկայությունը վկայում է նաև այն մասին, որ ժամանակները կարող են փոխվել, Թուրքիայի դիրքորոշումները՝ նույնպես՚:

Հայաստանում համերգի գլխավոր կազմակեպիչը ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման տնօրինությունն է: Գլխավոր տնօրեն Արման Ծատուրյանի հավաստմամբ՝ ապրլի 23-ին Երևանում յուրօրինակ ու աննախադեպ համերգ է լինելու, որի նման մինչ օրս հայ ժողովուրդը չի տեսել: Դրա համար կազմակերպիչները ջանքեր չեն խնայում:

Ծրագրի երգացանկը դեռ հստակեցված չէ, բայց ամենայն հավանականությամբ խումբն իր երկրպագուներին կներկայացնի ինչպես հին, այնպես էլ նոր երգերը, որոնք ամենից շատն են սիրվել: Համերգին նախատեսվում է մոտ 60 հազար հանդիսատեսի ներկայություն: Հրապարակում տեղադրված կլինեն մոնիտորներ, որոնց միջոցով հետևի շարքերում կանգնած հանդիսատեսը կկարողանա հետևել համերգին:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ


Դիտել TOP, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Մշակույթ, Ով է թուրքը, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն