Գլխավոր » Լրահոս

Նախագահը ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

Փետրվար 9, 2015թ. 19:25

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և ընդգծել, որ Հայաստանը կարևորում է Եվրոպական Միության հավասարակշռված դիրքորոշման շարունակական պահպանումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում և, իհարկե, բանակցությունները շարունակելու, խնդրի համապարփակ կարգավորման համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու ԵՄ հանձնառությունը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մեր երկիրը պատրաստակամ է Եվրամիության հետ շարունակելու կառուցողական համագործակցությունը: Նախագահը հույս է հայտնել, որ ԵՄ հատուկ ներկայացուցչի գործունեությունը և այցելությունները տարածաշրջան կնպաստեն վստահության մթնոլորտի ձևավորմանն ու տարածաշրջանում կայունության հաստատմանը: Հերբերտ Զալբերը նշել է, թե օգտվում է տարածաշրջան այցերի հնարավորությունից՝ ընդարձակելու իր շփումները կառավարական և ոչ կառավարական շրջանակների հետ, որը միտված է հիմքեր ստեղծելու, որպեսզի ԵՄ-ն կարողանա արդյունավետ աջակցություն ցուցաբերել խաղաղության հաստատման հարցում:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Արցախի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին վերջին շրջանում հաճախակիացած սադրիչ գործողություններին և լարվածության աճին: Հանրապետության Նախագահի համոզմամբ, Ադրբեջանի ռազմատենչ և ապակառուցողական քայլերին որոշ չափով նպաստում են նաև լարվածություն առաջացնող ցանկացած միջադեպի տրվող ընդհանրական, անդեմ հայտարարությունները, մինչդեռ արդարությունը պահանջում է իրերն իրենց անունով կոչել, որպեսզի նման իրավիճակներ չկրկնվեն: Հերբերտ Զալբերը վերահաստատել է աջակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և ընդգծել, որ ԵՄ-ն կօգտագործի խաղաղությանը նպաստելու յուրաքանչյուր հնարավորություն՝ զսպվածության և հրադադարի պայմանները հարգելու համապատասխան ուղերձ հղելով:

ՀՀ նախագահի աշխատակազմ


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն