Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Վերլուծական

Ո՞վ է իրավունք տվել այս երկրի իշխանավորներին` ուռճացված թվերով մոտ 2,5 միլիոն մարդու առողջությունը ռիսկի տակ դնել

Փետրվար 9, 2015թ. 22:48

«Մեդիա կենտրոնն» այսօր քննարկում էր կազմակերպել «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ կառավարության օրենքի նախագծի դրական և բացասական կողմերի առնչությամբ: Անդրադառնալով անեմիայի վերաբերյալ տվյալներին, կենսաֆիզիկոս Աշոտ Կարապետյանն ասաց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության սննդամթերքի ֆորտիֆիկացման (հավելանյութերով հարստացման) 2006թ. ուղեցույցի համաձայն` սննդի պարտադիր հարստացումը ցանկալի է հանրային առողջության լրջագույն կարիքների կամ ռիսկերի դեպքում: Ըստ այդ ուղեցույցի, ողջ բնակչության մեջ անեմիայի 20-40%-ը չափավոր և միջին առողջական խնդիր է, ու միայն 40%-ից ավելը՝ ծանր խնդիր:

Արդյոք սակավարյունությունը (անեմիան) ծանր խնդի՞ր է Հայաստանում՝ պարտադիր հարստացում իրականացնելու համար:

«Հայաստանում ողջ բնակչության մեջ անեմիայի առկայության վերաբերյալ որևէ տվյալ մեզ հայտնի չէ,- ասաց Աշոտ Կարապետյանը:- Մեզ հայտնի են որոշակի թիրախային խմբերի անեմիայի մասին տվյալներ` ՀԺԱՀՀ (Հայաստանի ժողովրդագրական և առողջապահության հարցերի հետազոտության.- Ա. Հ.) 2005թ. տվյալները, որոնց համաձայն` վերարտադրողական տարիքի կանանց շրջանում` 25 տոկոս է, մինչև 5 տարեկան երեխաների շրջանում` 37 տոկոս, բայց այդ տվյալները հենց հետազոտության հեղինակների կողմից կասկածի են ենթարկված, հենց հետազոտության մեջ է գրված, որ անհավանական է»:

Ահավասիկ… Մեջբերում նշված հետազոտությունից.
«Օրինակ՝ Երևանում սակավարյունության որևէ մակարդակ ունեցող երեխաների մասնաբաժինը հինգ տարիների ընթացքում եռապատկվել է՝ 13 տոկոսից (2000թ.) մինչև 45 տոկոս (2005թ.): Նմանապես Գեղարքունիքում, սակավարյունության որևէ մակարդակ ունեցող երեխաների մասնաբաժինը կրկնապատկվել է՝ 32 տոկոսից մինչև 63 տոկոս: Նման մեծ տատանումներն անհավանական են… Ինչպես նաև հնարավոր է սխալներ են տեղ գտել տվյալների հավաքագրման ընթացքում և սխալ են օգտագործվել սակավարյունության որոշման սարքերը կամ նշտարները: Երբ աղյուսակից բացառվում են Երևան և Գեղարքունիք մարզերը, ապա չի նկատվում ոչ մի էական փոփոխություն վերջին հինգ տարիների ընթացքում»:

Այնուհանդերձ, հենց այդ, մեղմ ասած, կասկածելի տվյալները վկայակոչելով է, որ ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչները և պրեմիքսներով ցորենի ալյուրի հարստացման ծրագրի ջատագովները փորձում են հիմնավորել հիշյալ օրենքի ընդունումը, ընդ որում, շատ լավ տեղյակ լինելով, բայց և անտեսելով այն, որ հետազոտության հեղինակներն իրենք իսկ կասկածի տակ են դրել ստացված տվյալները: Այս հանգամանքը չի՞ հուշում նրանց ոչ մաքուր կամ կասկածելի շահագրգռվածության մասին, առնվազն հարցեր չի՞ ծնում…

Քանի որ քննարկման ընթացքում ՀՀ Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը փորձելով հիմնավորել օրենքի ընդունման անհրաժեշտությունը, մի քանի անգամ վկայակոչեց անեմիայի տարածվածության այդ տվյալը` 37 տոկոս, ստիպված եղա իմ խոսքում ասել, որ այդ թիվն ուռճացված է, չի համապատասխանում իրականությանը: Եթե այն մի պահ նույնիսկ իրականությանը համապատասխանող համարենք, ապա ակնհայտ է, որ այն չի գերազանցում բնակչության շրջանում անեմիայի տարածվածության 40 տոկոսը:

Աշոտ կարապետյանը ներկայացրեց պաշտոնական մի տեղեկություն, որը նույնպես հերքում է վերարտադրողական տարիքի կանանց շրջանում անեմիայի տարածվածության 25 տոկոս ցուցանիշը:

«Առողջապահության նախարարությունն ունի հղի կանանց մասին ամենամյա տվյալներ, հղիությունն ավարտած կանայք` գրեթե բոլորը, արյան անալիզ են հանձնում, ինչը ցույց է տալիս հիվանդացության տարածվածությունը,- ասաց Աշոտ Կարապետյանը:- Ամենամյա տվյալները` հղիությունն ավարտած կանանց անեմիայի (առողջապահության նախարարության տվյալներն են), 2005 թվականին եղել է 10,7 տոկոս, 2010 թվակականին` 12,8 տոկոս, 2013 թվականին` 12,7 տոկոս: Եթե հղի կանանց մոտ 13 տոկոսից չի անցնում սակավարյունությունը (ամեն դեպքում` սակավարյունության ռիսկի խումբը հղի կանայք են), ապա ըստ ԱՀԿ-ի ուղեցույցի, մեզ մոտ այդ ֆորտիֆիկացումը (ցորենի ալյուրի հարստացումը պրեմիքսներով`վիտամինահանքանյութային հավելումներով.- Ա. Հ.) իրոք անտեղի, որևէ կարիք չկա ֆորտիֆիկացման»:

Ըստ կենսաֆիզիկոսի, ռիսկերը նախ կապված են ֆոլաթթվի հետ, շատ տարածված մոլորություն կա, թե ֆոլաթթուն պարունակվում է սննդամթերքներում, իրականում այդպես չէ, ֆոլաթթուն ընդհանրապես սինթետիկ նյութ է, որը 1947 թվականին է առաջին անգամ հայտնաբերվել, ոչ մի սննդանյութում չի պարունակվում:

Ակնհայտ է, որ ողջ բնակչության առողջության վրա իր ազդեցությամբ շատուշատ այլ օրենքներից տարբերվող «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի ընդունման համար 9-10 տարվա վաղեմության, նույնիսկ հետազոտողների կողմից ակնհայտորեն կասկածի ենթարկված թվերն ապացուցողական փաստարկ լինել չեն կարող: Կարինե Սարիբեկյանի տեղեկացմամբ, այս տարվա աշնանը կատարվելու են հետազոտություններ` բնակչության շրջանում անեմիայի տարածվածության մակարդակը պարզելու համար: Քննարկման բանախոսներից բանաստեղծ, երգահան Էդուարդ Զորիկյանը տարակուսեց` այդ հետազոտությունը դեռ կատարված չէ, բայց օրենքի նախագիծն արդեն մշակվել ու կառավարության կողմից հավանության է արժանացել… Իրոք, ինչպե՞ս, ինչո՞ւ…

Ըստ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի, ֆորտիֆիկացիան իրականացվում է այն դեպքում, երբ ողջ պոպուլյացիայի հետ կապված ռիսկ կա, մինչդեռ մենք այս պահին չգիտենք` մեր երկրում այդ բարձր ռիսկը կա թե ոչ, որովհետև իրականում այդ հետազոտությունը դեռևս չի արվել:

Իբրև օրենքի ընդունման անհրաժեշտության մեկ այլ հիմնավորում, Կ. Սարիբեկյանը և ՀՀ Առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի պետ Հրայր Ասլանյանը ներկայացրեցին այն տեղեկությունը, որ Անգլիայում և Ուելսի նահանգում յուրաքանչյուր շաբաթ ծնվում է 3 երեխա նյարդային խողովակի բնածին արատով, 13 հղիություն ընդհատվում է նույն պատճառով, մինչդեռ նշված դեպքերը երկու երրորդով կարելի է կրճատել ալյուրը ֆոլաթթվով հարստացնելու դեպքում:

Որքան հասկանալի էր, նյարդային խողովակի բնածին արատով ծնված երեխաների և հղիության ընդհատման վերաբերյալ այդ տվյալները նույնպես հին են, 1992 թվականի, բայց մի պահ համարենք, թե դրանք հենց անցյալ տարվա են: Պարզ հաշվարկը վկայում է, որ ողջ Անգլիայում և Ուելսում տարվա ընթացքում ծնվում են հիշյալ արատով ընդամենը մոտ 150 երեխա, և նույն պատճառով ընդհատվում է մոտ 630 հղիություն: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Անգլիայի և Ուելսի բնակչության թվաքանակն ահամեմատ (ավելի քան 17 անգամ) մեծ է ՀՀ բնակչության քանակից, ապա Հայաստանում այդ թվերը, զուտ բնակչության թվաքանակների տարբերությամբ պայմանավորված, պետք է անհամեմատ փոքր լինեն լինեն վերոնշյալ թվերից: Ընդ որում, նյարդային խողովակի բնածին արատով ծնվածների և նշված արատի պատճառով հղիության ընդհատման դեպքերի թիվը ալյուրը ֆոլաթթվով հարստացնելու շնորհիվ ամբողջությամբ չի կրճատվելու, այլ ընդամենը երկու երրորդով, ինչը նշանակում է, որ Հայաստանում ալյուրը ֆոլաթթվով հարստացնելու արդյունքում կանխվելու է ՆԽԲԱ-ով ընդամենը մեկ-երկու երեխայի ծնունդ և նշված պատճառով հղիության ընդհատման ընդամենը մոտ 13 դեպք (այն պարագայում, երբ սոցիալական պատճառներով հղիության ընդհատման դեպքերն անհամեմատ մեծ են):

Մեկ այլ հետազոտության արդյունք էլ կա. որպես օրենքի ընդունման անհրաժեշտության մեկ այլ հիմնավորում, բերված է «Մարչ օֆ դայմս» կազմակերպության 2000թ. գլոբալ զեկույցը, ըստ որի, Հայաստանում 1000 երեխայից 2-ը ծնվում է ցմահ հաշմանդամություն առաջացնող բնածին արատով (նյարդային խողովակի արատ): Հայաստանում 2014թ. մոտ 43 000 երեխա է ծնվել, այսինքն, ըստ այդ հետազոտության արդյունքի, ստացվում է, որ նրանցից 86-ը նյարդային խողովակի բնածին արատով պետք է ծնված լինի: Ըստ Անգլիայի և Ուելսի փորձի, ալյուրը ֆոլաթթվով հարստացնելու շնորհիվ կանխվելու է նրանցից ընդամենը 58-ի` նյարդային խողովակի բնածին արատով ծնվելը: Նշված արդյունքներին հասնելու համար, կարծում ենք, չարժե, բնավ արդարացված չէ մեր երկրում մոտ 2,5 միլիոն մարդու առողջություն վտանգի, ռիսկի տակ դնել, իսկ որոշ հիվանդություններ ունեցող ոմանց առողջությանն էլ վնաս պատճառել: Առավել ևս, որ կան անեմիայի և նյարդային խողովակի բնածին արատի կանխման այլ և մատչելի տարբերակներ, որոնք ՀՀ առողջապահության նախարարությունն առանց պատճառաբանության ու կասկածելի համառությամբ չի ընդունում:

Արթուր Հովհաննիսյան
Nyut.am


Դիտել Լրահոս, Հասարակություն, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն