Սադրիչներին հաջողվել է ոստիկանությանը հունից հանել վատ խոսքեր ասելով, անգամ թուրք անվանելով
ArmarLur.am-ի հարցին, թե ակնարկել եք՝ <Տեսաձայնագրություններ չկան, որովհետև դա իրենց պետք չէ, իսկ իրենք ինչ ասես, որ չեն ասել՚: Ուզում եք ասել, որ երթի մասնակիցներն ե՞ն ոստիկաններին մղել սադրանքի, թերևս նրանց հասցեին վիրավորական խոսքեր ուղղելով, իսկ հետո մոնտաժել տեսաերիզները>, ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը պատասխանել է.
-Այո, ես կարծում եմ սադրիչներին հաջողվել է Արցախի ոստիկանությանը հունից հանել՝ վատ խոսքեր ասելով, հայհոյելով, անգամ թուրք անվանելով: Բայց շրջանառվող տեսանյութերում ոչ մի ձայն, ոչ մի խոսք չի լսվում, ու դա վկայում է այն մասին, որ նրանք ոչնչացրել են ձայնագրությունները: Մինչ իրավապահները կտան կատարվածի իրավական գնահատականը, նշեմ մի կարևոր հանգամանք: Արցախի ոստիկանները երբևէ նման իրավիճակի հետ չեն առնչվել, քանի որ Արցախում երբեք պառակտիչ, հակապետական ցույցեր չեն անցկացվել: Եվ դա փաստում է մեր ներքին բարձր կուլտուրայի, համախմբվածության մասին: Սա փաստում է նաև մեր ուժեղ ու ժողովրդավարական պետություն լինելու մասին, ուր նման խժդժություններ չեն լինում, քանի որ կա գիտակցումը՝ Արցախը գտնվում է պատերազմական իրավիճակում:












