Գյումրիում կատարվածը ահաբեկչություն էր` ուղղված հայ-ռուսական հարաբերությունների դեմ
<Գյումրեցիները շատ լավ են հասկանում, որ տեղի ունեցած սպանդը միտված էր հայ ռուսական հարաբերությունների վնասմանը>,- ասել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
Քաղաքագետը միաժամանակ նկատում է. «Խնդիրն այն է, որ Ռուսաստանի Դաշնությունը յուղ լցրեց կրակին՝ իր իսկ վարքագծով: Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ Պերմյակովը միամիտ տեղը չհայտնվեց այդ թաղամասում, միամիտ չմտավ այդ մարդաշատ տուն, միամիտ չսպանեց 7 հոգու»,-ասաց քաղաքագետը՝ նկատի ունենալով ռուսական լրատվամիջոցներով տարածվող այն վարկածները, թե նա իբր հոգեկան հիվանդ է, կամ էլ Ավետիսյանների տուն էր մտել ընդամենը ջուր խմելու նպատակով: <Նման վարկածները անհիմն են ու շինծու>:
Քաղաքագետը նկատում է, որ ՌԴ-ն պետք է ավելի ճկուն գտնվի և իր վարքագծով էլ ավելի չվատթարացնի, չսրի իրավիճակը թե՛ հայ-ռուսական հարաբերությունների առումով, և թե՛ չխորացնի Գյումրիում առկա հակառուսական տրամադրությունները:
«Պերմյակովին այդքան արագ ափուխուփ անելը ՌԴ-ի կողմից անհասկանալի է, որովհետև իրենք հենց սկզբից ակնարկում էին, որ ինքը կատարել է հանցագործություն Ռուսաստանի դեմ: Զինվորական բազայի տարածքի լքումը զենքով արդեն հանցագործություն է, բայց չէ որ այն, ինչ նա կատարել է Հայաստանի Հանրապետության տարածքում էլ ավելի մեծ հանցագործություն է»:
«Բայց հիմա գյումրեցիները քիչ թե շատ ավելի հանգիստ են այն առումով, որ իրենց բողոքի ցույցերը Ռուսաստանին ստիպեցին գնալ զիջումների: Սա զիջում էր, ոչ թե պարտություն Ռուսաստանի կողմից, որովհետև եթե այդ բողոքը չլիներ, հաստատ համոզված եմ, որ Պերմյակովը վաղուց ՀՀ տարածքում չէր էլ լինի:
Ինչ վերաբերում է ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս բերելու մասին հնչող կոչերին, քաղաքագետը դա համարեց շինծու մի բան, որը շրջանառում են այն ուժերն ու անձինք, ովքեր նպատակ ունեն Հայաստանում հակառուսական տրամադրություններ ստեղծել:
<Իսկ Գյումրեցին ընդամենը պահանջում է արդար դատավարություն>:












